08/09/2025

Մեքենայի պայթյունի պահին ավտոբուսը կանգառում է գտնվել. ովքեր են տուժել. մանրամասներ․ Լուսանկար

Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 14:43-ին, Երևանի Ամիրյան փողոցում պայթյուն է տեղի ունեցել «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայում, ինչի հետևանքով վնասվել են տրանսպորտային միջոցներ, այդ թվում՝ 58 համարը սպասարկող ավտոբուսը:

Մեր տեղեկություններով՝ մեքենայում գազի բալոնի պայթյուն է եղել:

Ըստ նախնական տեղեկությունների՝ Ամիրյան փողոցում տեղի ունեցած պայթյունից տուժել է թիվ 58 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտում գտնվող երկու ուղևոր։

Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ մամուլի խոսնակ Գեղամ Ասատրյանը:

«58 երթուղին սպասարկող տրանսպորտային միջոցը գտնվել է կանգառում, երբ հանդիպակաց գոտիում գտնվող մեքենայում պայթյուն է տեղի ունեցել»,- գրել է նա։

Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 14:43-ին, ահազանգ է ստացվել, որ Ամիրյան փողոցում տրանսպորտային միջոց է պայթել։

ՆԳՆ-ից հայտնեցին, որ դեպքի վայր մեկնած կարգախմբերն ու  օպերատիվ խմբերը պարզել են, որ պայթյունը տեղի է ունեցել «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայում։

2 անձ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, վնասվել են տրանսպորտային միջոցներ։

Հանգամանքները պարզվում են։