Հայաստանի պատմության 9-րդ դասարանի պատմության դասագրքին ծանոթ չեմ, մամուլից տեղեկացել եմ հեղինակի հոդվածին, որտեղ նա մեջբերումներ է արել: Դա Արցախի վերջին օրերի իրադարձությունների բարեխիղճ և չեզոք շարադրանք է:
Հեղինակին դատի տալու մասին Սամվել Շահրամանյանի փաստաբանի հայտարարությունը, սակայն, քննարկումների առիթ է տվել, և շատերն արդարացի խնդիր են դնում. Շահրամանյանը թող հանրայնացնի պատմության իր վարկածը:
Շատերը կհիշեն, որ նա Երևան տեղափոխվելուց հետո խուսափել է շփումներից, իսկ երբ մի քանի առիթներով խոսել է, իր կեցվածքը պատճառաբանել է «Հայաստանին չվնասելու անհրաժեշտությամբ»:
Ոչ մի դասագիրք, կարծում եմ, Արցախի անկման պատմությունը լիովին ընդգրկել չի կարող, իսկ վերջին օրերը բացահայտված տեսնելու ցանկությունը, որքան բնական, նույնքան էլ արդարացի չէ, քանի որ դա կնմանվի, դիցուք, Օթելլոյի կողմից Դեզդեմոնայի սպանության տեսարանի բեմադրությանը, որից հանդիսատեսը չի հասկանա, թե ողբերգության պատճառը ո՞րն է:
Մեթոդաբանական առումով, թվում է, քառասունչորսօրյա պատերազմին հաջորդած մոտ երեք տարվա «արցախյան դրաման» պետք է կամ կարելի է բաժանել երկու «արարների». նոյեմբերի 10-ից՝ 2022 թվականի փետրվար և դրանից հետո՝ մինչև Ադրբեջանի ահաբեկչական պատերազմ, կապիտուլյացիա, էթնիկ զտում և ԼՂՀ պետականության լուծարում:
Քաղաքական առումով շրջադարձ տեղի է ունեցել Ուկրաինայի դեմ Ռուսաստանի հարձակումից մոտ մեկ շաբաթ առաջ, երբ Արցախի Ազգային ժողովն ընդունել է «Բռնազավթված տարածքների մասին» օրենք, որը վերադարձնելի է ճանաչել 1994 թվականի մայիսյան հրադադարի արդյունքում հայկական վերահսկողության տակ գտնված բոլոր տարածքները, իսկ նույն տարվա ապրիլի 14-ին տարածել պաշտոնական Հայաստարարություն և մերժել Բաքվի հետ ԼՂ որևէ առնչակցությունը:
Սամվել Շահրամանյանը, եթե անգամ մեծ ցանկություն ունենա, չի կարող պատասխանել հարցին, թե ո՞վ, ինչպե՞ս և ինչո՞ւ է Արցախի նախագահին և ԱԺ խմբակցություններին համոզել, որ «Բռնազավթված տարածքների մասին» օրենքը և խորհրդարանի կողմից Բաքու-Ստեփանակերտ երկխոսության մերժումը «հիմք են, որ Արցախի հողային ամբողջությունը վերականգնվի և նրա անկախությունը միջազգայնորեն ճանաչվի»:
Իսկ որ Արցախում իրավիճակը կտրուկ վատթարացել է քաղաքական այս դեմարշից հետո, ոչ ոք ժխտել չի կարող, եթե, իհարկե, խիղճը սատանային չի ծախել:
Սամվել Շահրամանյանը «գործիք» է, այսպես ասած՝ ծավալված դեգրադացիայի վերջին միզանսցենի դերակատար:
Ովքե՞ր են ողբերգության սցենարիստները, ռեժիսորները, բեմադրող-նկարիչը, երաժշտական ձևավորողը, ո՞վ է ապահովել «բեմադրության մասսովկան»,- նա այս և բազմաթիվ այլ հարցերի պատասխան կամ այն հնչեցնելու արտոնություն չունի:
Պետք է ուրիշները խոսեն՝ «խոշոր շնաձկները»:






Բաց մի թողեք
Թրամփը վիրավորել է Պուտինին, շահագրգիռ կողմերն սպասում են Թրամփ – Սի Ծինփին բանակցությունների արդյունքներին
Ինչ են ներկայացրել Արայիկ Հարությունյանի փաստաբանները Բաքվի դատարանում
Արդյոք Թբիլիսիում Նաղիև – Սիմոնյան շփում եղե՞լ է