Եռաբլուրում «Արցախի կանչը» հուշահամալիրի բացման ժամանակ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը խոսեց, իր խոսքով, իրականության մասին՝ նշելով, որ այսօր Արցախը շատերի կողմից դիտարկվում է որպես բեռ Հայաստանի վրա։
Նրա խոսքով՝ այդ ընկալումը բերել է նրան, որ ՀՀ-ի անկախությունն ու ինքնիշխանությունը պահելու համար կարծես անհրաժեշտ է եղել հրաժարվել Արցախից։
Շահրամանյանը հիշեցրեց, որ Եռաբլուրում հանգչող զինվորները իրենց կյանքը տվել են Արցախի համար, բայց այսօր նրանց հարազատներն ու հազարավոր արցախցիներ ստիպված են ապրել որպես փախստականներ։ «Այս հուշակոթողը նվիրված է Արցախի գոյապայքարի նվիրյալներին, ՊԲ-ի պահեստի պայթյունի զոհերին և այն բոլոր շիրիմներին, որոնք մնացին Արցախում»,– ասաց նա։
ԱՀ նախագահը հատուկ շնորհակալություն հայտնեց Արթուր Վանեցյանին՝ իր ընտանիքի հետ անձնական միջոցներով այս հուշակոթողի կառուցման համար։ Նա նաև շնորհակալություն հայտնեց Կարեն Սարգսյանին՝ նախագծի առաջին իսկ օրվանից ցուցաբերած աջակցության համար։
Շահրամանյանի համոզմամբ՝ հուշահամալիրը դառնալու է սրբավայր ոչ միայն արցախցիների, այլ նաև ողջ հայության համար. «Այստեղ շարունակելու ենք պահպանել մեր ավանդույթները, այցելել հիշատակի ու տոնական օրերին։ Վստահ եմ, որ մի օր Արցախի վերադարձի մեր հույսն ու հավատը իրականություն են դառնալու»։
Սամվել Շահրամանյանը մեկնաբանեց Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե որոշ քայլերը, այդ թվում՝ Արցախը Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս ճանաչելը, իրականացվում են ՀՀ քաղաքացիների մանդատի շրջանակներում։
Շահրամանյանը նշեց, որ յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի՝ անկախ նրանից մասնակցել է ընտրություններին կամ ոչ, կրում է իր բաժին պատասխանատվությունը. «Փաշինյանը ասում է՝ եթե դուք դեմ եք իմ գործողություններին, շարունակեք առանց ինձ։ Այդ դեպքում ես համարում եմ, որ յուրաքանչյուր քաղաքացի պատասխանատու է իր որոշումների համար»։
Արցախի նախագահը հույս հայտնեց, որ առաջիկա ընտրությունների ժամանակ ՀՀ քաղաքացիները կարտահայտեն իրենց դիրքորոշումը, և դրա հիման վրա Արցախի իշխանությունը նույնպես կկողմնորոշվի՝ ընդգծելով քաղաքացիների որոշումների կարևորությունը արցախյան գործընթացներում. «Ես հուսով եմ, որ առաջիկա հնարավորության դեպքում, նկատի ունեմ՝ ընտրությունների ժամանակ, ՀՀ քաղաքացին իր խոսքը կասի»:
Բաց մի թողեք
Բավ է բարբաջեք խաղաղության մասին․ Խաղաղությունը ստեղծվում է դաշնակիցներով, ուժով և խելքով ու նաև բարոյականությամբ
Զոռով ոչինչ չի լինելու, միջանցք չի լինելու. ՀՀ-ում Իրանի դեսպան. Լուսանկար
Ո՞վ համոզեց Հայաստանին՝ գնալ դեպի ողբերգություն