09/09/2025

Տեր-Պետրոսյանը շատ լավ գիտեր ինչպես հաղթանակներ ձեռք բերել եւ ինչպես խաղաղություն հաստատել

ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը 1998-ի փետրվարի 3-ին անսպասելիորեն հրաժարական տվեց՝ մի ուշագրավ տեքստ հրապարակելով. «Արտառոց ոչինչ տեղի չի ունեցել. պարզապես Հայաստանում խաղաղության եւ արժանապատիվ հաշտության կուսակցությունը պարտություն է կրել։

Բարդույթների մեջ չպետք է ընկնել. խաղաղության կուսակցությունը պարտություն է կրել մեզնից շատ ավելի զարգացած հասարակություններում, ինչպես, օրինակ, Իսրայելում։ Բայց ե՛ւ Իսրայելում, ե՛ւ Հայաստանում դա անցողիկ է, ընդամենը ժամանակավոր»:

Առաջին նախագահի այս հայտարարությունը հանրության շրջանում վախ ու տագնապ էր առաջացրել, մարդիկ կարծում էին, որ խաղաղության ջատագով Տեր-Պետրոսյանը հեռանում է, եւ նրան փոխարինելու են ռեւանշիստները, որոնք կռիվ են հրահրելու, պատերազմ են բերելու, արյուն է հոսելու երկրում, նոր զոհեր ենք ունենալու։ Իսկ 1992-94 թվականների պատերազմի վերքերը դեռ չէին սպիացել, եւ նոր պատերազմ ոչ ոք չէր ուզում։ Սակայն պատմությունը ցույց տվեց, որ եղավ ճիշտ հակառակը՝ 1998-ից մինչեւ 2016 թվականի գարուն, 18 տարի ոչ մի պատերազմ տեղի չունեցավ։ Իսկ եթե 2016-ի քառօրյան լուրջ պատերազմ չհայտարարենք, ապա հարաբերական խաղաղության շրջանը պահպանվեց մինչեւ 2020 թվականը՝ 22 տարի։ Անգամ սահմանային բախումներն էին նվազել, եւ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման տարիներին բանակում զոհերի թիվն էլ մեր 30-ամյա պատմության մեջ ամենափոքրն էր։ Այսինքն, Լեւոն Տեր-Պետրոսյանի ենթադրությունները կամ կանխատեսումներն այդպես էլ իրականություն չդարձան՝ եւ «արժանապատիվ հաշտության կուսակցության պարտությունը» նոր պատերազմի սկիզբ չդարձավ: Հիմա Նիկոլ Փաշինյանը գրեթե նույն արտահայտություններն է օգտագործում՝ մարդկանց ուղիղ տեքստով սպառնալով, որ 2026 թվականին դուք ընտրելու եք «խաղաղության եւ պատերազմի միջեւ»։ Եվ մարդիկ այդ շանտաժը լուրջ են ընդունում՝ մոռանալով մեր ոչ վաղ անցյալը։

ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանին «Հրապարակը» հարցրեց` ինչպիսի՞ տարիներ հաջորդեցին Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին: Արդյո՞ք դրանք պատերազմի վտանգով էին հղի: Նիկոլ Փաշինյանն էլ այսօր, ըստ էության, նույն բանն է ասում`սպառնում է, որ եթե ինքը գնա, պատերազմ կսկսվի:

Սամվել Նիկոյանը, մեզ հետ զրույցում անդրադառնալով թեմային, ասաց. «Աշխարհում գործում է հետեւյալ սկզբունքը. խաղաղություն ես ուզում, պատրաստ եղիր պատերազմի: Առաջին նախագահը գտնում էր, որ գալիս է պատերազմի կուսակցությունը, ուժը, սակայն պատերազմին պատրաստ լինելն է բերում խաղաղության: 1994-2020 թվականներին խաղաղություն էր, ինչո՞ւ, որովհետեւ ռազմաքաղաքական հավասարակշռություն էր՝ Հայաստանի Հանրապետություն-Արցախ-Սփյուռք: Հնարավոր է եղել այս տարբերակով պահպանել ռազմաքաղաքական հավասարակշռություն, ինչը խախտվեց 2018 թվականին, եւ տեղի ունեցավ այն, ինչ եղավ: Խաղաղության մասին խոսելով չի լինում խաղաղություն պահպանել: Խաղաղությունը խնդրելով չէ, ցանկանալով չէ, այն պարտադրելով է: Մեր բոլոր իշխանություններն այդ խաղաղությունը պարտադրել են:

Իմիջիայլոց, ինչ վերաբերում է առաջին նախագահին, ապա մեր բոլոր ձեռքբերումները եղել են նրա իշխանության տարիներին, նա շատ լավ գիտեր ինչպես հաղթանակներ ձեռք բերել եւ ինչպես խաղաղություն հաստատել»:

Հարցին` իսկ ինչո՞ւ են այսօրվա իշխանությունները պնդում, որ Հայաստանն իր նորանկախ պատմության մեջ շրջափակման մեջ է եղել, իրենք ազատել են երկիրը շրջափակումից։ «Այսօրվա իշխանություններին եւ նրանց քարոզիչներին ինչ-որ բան բացատրելն անշնորհակալ գործ է: Իսկ թե ինչ է փոխվել, փոխվել է Նիկոլը, եւ մենք հայտնվել ենք շատ բարդ իրավիճակում, բարդ հարաբերություններով: Մենք Նիկոլի օրոք կորցրինք Արցախը, հսկայական տարածքներ, բանակը բարոյալքվեց, բարոյալքվեց նաեւ հասարակությունը, իսկ ապագայի հանդեպ մեր ժողովուրդը կորցրեց իր հավատը: Ունենք ընդամենը դա»: