10/09/2025

Տեսնես ՌԴ-ն հավատո՞ւմ էր ՀՀ երրորդ նախագահի արցունքներին

ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովը, նորություն ասած չենք լինի, հաճախ է աչքի ընկնում ՌԴ-ի, ավելի ճիշտ՝ նախագահ Պուտինի հասցեին սրտաճմլիկ ռևերանսներով։

Քիչ էլ, ու երևի թե օտար երկրի նախագահին կպատվի այն նույն պատվանունով, որով իր կուսղեկին է պատվում՝ հարգապատիվ Վլադիմիր Վլադիմիրի։ Իր գործն է, ճաշակին, ինչպես ասում են, ընկեր չկա։

Եվ ուրեմն, ՀՀԿ-ական այս գործիչը որոշել է նորից ռեֆրեշ անել իր անմնացորդ ռուսասիրությունն ու «ինչո՞ւ»-ով սկսվող մի շարք հարցադրումների մի շարան է քերթել՝ հրապարակելով սոցցանցի իր էջում։ Թե՝ «ինչո՞ւ ՌԴ և ՀԱՊԿ դիտորդների փոխարեն ՀՀ-ում հայտնվեցին ԵՄ դիտորդները։ Ինչո՞ւ սառեցրիր հարաբերությունները ՀԱՊԿ-ում։

Ինչու՞ ԱԺ -ում ԵՄ անդամակցելու ցանկություն հայտնելու օրենք ընդունեցիք։ Ինչո՞ւ ՌԴ-ին մեղադրեցիք ՀՀ-ի դեմ «կիբերպատերազմ» հրահրելու մեջ։ Ինչու՞ թիմակիցներիդ ուղարկեցիր ուկրաինացի պաշտոնյաների հետ հանդիպման։ Ինչո՞ւ Զվարթնոց օդանավակայանից դուրս բերվեցին ռուս սահմանապահները։

Ինչո՞ւ քո կողմից Արցախի հանձնումը փորձեցիր ՌԴ «գրպանում տեղավորել»․․․․»։ Այս հարցադրումները, որոնց պատասխանները պետք է որ այս ընթացքում գլխի ընկած լիներ պարոն Շարմազանովը, արվել են այսպիսի եզրակացության «շխկացնելու» համար՝ «Թուրքիան ու Ադդբեջանն են ձեր «եղբայրական պետությունները», ոչ թե ՝ՌԴ-ն։ Եղբայրական հարաբերություններն այդպիսին չեն լինում։ Մնում է հասկանալ, հավատո՞ւմ է Մոսկվան Նիկոլի «արցունքներին», թե՞՝ ոչ»։

Պարոն Շարմազանովը երևի թե մոռացել է, որ ՀՀ-ի և ՌԴ-ի միջև հարաբերությունները «եղբայրական» լինելուց առաջ սերտ դաշնակցային են, ռազմավարական փոխգործակցային։ Եղբայրականը մի քանի «լեվլ» ցածր քաղաքական-իրավական հարաբերություններ է ենթադրում։

Հետևապես, Շարմազանովին իր ոճով մի քանի հարց տանք՝արդյո՞ք եղբայրական պետության վարքագիծ է ցուցաբերել ՌԴ-ն՝ 44-օրյա պատերազմից հետո, երբ հայ զինվորի արյունը դեռ չէր սառել, հայտարարելով՝ «Ղարաբաղն Ադրբեջան է»։

Արդյոք եղբայրական երկրի արձագանք էր այն արձագանքը, որը ցուցաբերեց ՌԴ-ն, երբ 2021-ին, 2022-ին Ադրբեջանը ներխուժեց ՀՀ սուվերեն տարածք, իսկ ՌԴ-ն, լինելով ՀԱՊԿ երկրի լոկոմոտիվ պետությունը, եղբայրաբար «երեք մատի կոմբինացիա» ցույց տվեց՝ իր անգործությունը մեկնաբանելով ՀՀ սահմանները չսահմանազատված լինելով։

Արդյոք եղբայրական երկիրը թույլ կտար, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ամիսներ շարունակ բլոկադայի ենթարկվեր, հումանիտար ճգնաժամում հայտնվեր, հետո էլ բռնի տեղահանության՝ չկատարելով խաղաղապահ առաքելության իր տարրական ֆունկցիաները։

Մի հարց էլ՝ երբ Սերժ Սարգսյանը ժամանակին բանակցում էր, բանակցում էր CEPA-ն (Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը), չէ՞ր մտածում ՌԴ-ի հետ եղբայրական հարաբերությունների մասին, թե չէր մտածում, ուստի հետո ստիպված եղավ մեկ գիշերում քաշել իր չմտածած քայլի հետևանքները՝ ՀՀ-ն մտցնել Մաքսային միություն։

Հա, ի դեպ, երբ ապրիլյան պատերազմից հետո նույն Սերժ Սարգսյանը բողոքում էր, թե՝ «մենք ցավ ենք զգում, երբ ՌԴ-ն զենք է վաճառում Ադրբեջանին», եղբայրական ցավո՞վ էր բողոքում․․․

Տեսնես ՌԴ-ն հավատո՞ւմ էր երրորդ նախագահի արցունքներին, թե՞ մտածում էր՝ դե «քյոռփա» ախպերս ա, իր ասածը, ինչպես ասում են, «ասնավանի չի»։