10/09/2025

Բացատրեք խնդրեմ՝ ինչ է տեղի ունենում, ես իրոք չեմ հասկանում

Երեկ Շանհայի համագործակցության կազմակերպության նիստում Նիկոլ Փաշինյանը զայրույթ արտահայտեց, որ Ալիևը խախտում է Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունները։

Պատճառն այն էր, որ Ադրբեջանի նախագահը «Թրամփի ճանապարհ» նախագիծը համառորեն կոչում է ոչ թե «ճանապարհ», այլ «միջանցք»։

Այսօր նույն ոգով խոսեց նաև ՀՀ ներկայիս իշխանությունների «մեծ բարեկամ» թուրքերի առաջնորդ Էրդողանը, հայտարարելով, թե հայկական և ադրբեջանական մոտեցումները «միջանցքի» հարցում էականորեն չեն տարբերվում։ Հայկական կողմն արդեն անգամ անեկդոտներ է հորինում՝ փորձելով համոզել մարդկանց, որ իբր իրականում ամեն ինչ շատ լավ է, և որ «միջանցք» չկա։

Բայց հարց է առաջանում․ ի՞նչն է իրականում զայրույթի պատճառը։ Այն, որ միջանցքը գործնականում հանձնել են, բայց հետո Վաշինգտոնում որոշել են այն «միջանցք» չկոչե՞լ։ Ինչո՞ւ։ Որպեսզի չնյարդայնացնեն Հայաստանի այն քաղաքացիներին, որոնց առավոտից երեկո լուրջ դեմքով խաբում են, թե խաղաղություն է հաստատվել և «միջանցք» չկա։

Իսկ փաստն այն է, որ ինչ էլ պնդեն, սրանց կողմից մեր գլխին սարքածը բացարձակ միջանցք է։ Ստացվում է մի աբսուրդ․ իշխանությունները միջանցք են հանձնում թուրք-ադրբեջանական տանդեմին, իսկ հետո դեռ «բզբզում» են` խնդրելով ադրբեջանցիներին. «էդ բառը չօգտագործեք»։ Սա արդեն ոչ թե քաղաքականություն է, այլ մանկապարտեզ (թող ներեն ինձ բոլոր մանկապարտեզների սաները)։ Մի կողմից ծիծաղելի է, մյուս կողմից՝ ողբալի։

Եվ եթե խիստ գանգատվում եք «միջանցք» բառից, ապա տրամաբանական է սկսել հենց Դոնալդ Թրամփից։ Չէ՞ որ հենց նա էր 2025-ի օգոստոսին Վաշինգտոնում խոսում Սյունիքով անցնող ճանապարհի մասին՝ այն որակելով որպես միջանցք (corridor)։ Այսինքն՝ ոչ թե ճանապարհ, այլ միջանցք, ոչ թե մայրուղի, այլ միջանցք, ոչ թե «փրթած մածուն», այլ միջանցք՝ Հայաստանի տարածքով Ադրբեջանի և Նախիջևանի միջև։

Ուրեմն ինչո՞ւ այդ ժամանակ հայկական կողմը չէր բորբոքվում։ Թե՞ Թրամփին կարելի է, իսկ Ալիևին՝ ոչ։ Ենթադրենք՝ Թրամփը (վայ) ստում էր։ Բայց այդ դեպքում ինչո՞ւ է Փաշինյանի իշխանությունը լռում։ Մոռացե՞լ են, որ այսպես կոչված TRIPP նախագիծը («Trump Route for International Peace and Prosperity») ըստ մամուլի արտահոսքերի, նախատեսում է ԱՄՆ-ին տալ բացառիկ իրավունքներ՝ 99 տարի շարունակ օգտագործելու միջանցքը։ Իսկ հետո վերահսկողությունը պետք է անցնի միջազգային կոնսորցիումի։

Այլ կերպ ասած՝ սա արտատարածքային ճանապարհ է՝ երրորդ կողմի վերահսկողությամբ։ Սակայն ամենակարևոր հարցը մնում է անպատասխան․ ո՞վ է ստուգելու բեռներն ու մարդկանց, որոնք կանցնեն Ադրբեջանի սահմանով Հայաստանի տարածքով։ Ո՞վ։ Միայն այս հարցը բավարար է հասկանալու ողջ ճշմարտությունը։ Փաստն այն է, որ «TRIPP» նախագիծը և դրան կից միջանցքը ոչ այլ ինչ են, քան նվեր թուրք-ադրբեջանական տանդեմին՝ ամերիկյան օրհնությամբ։ Փոխարենը վերջիններս պատրաստվում են ապահովել հայաստանյան իշխանության քաղաքական աջակցությունը Հայաստանում սպասվող ընտրություններում։

Ուրեմն ի՞նչ է մնում անհասկանալի։ Կարելի է անվերջ խաղալ բառերի հետ, անեկդոտներ հորինել, երգեր երգել, Սաղմոսներ արտասանել, հեքիաթներ կարդալ, մի խոսքով` «միջանցք» բառը շրջանցել, բայց դրանից միջանցքը միջանցք լինելուց չի դադարում։ Եվ վերջապես՝ ինչո՞ւ Ադրբեջանը պետք է պահպանի պայմանավորվածությունները Երևանի հետ։

Ի վերջո, նրա աջակցությունը Փաշինյանի իշխանությանը արդեն երաշխավորված է։ Իսկ պարզ փաստն այն է․ ինչ էլ ասի Ալիևը, միջանցք տրամադրելու պայմանավորվածությունը, այսինքն` Հայաստանի մասնատման առաջին փուլը, պաշտոնական Երևանը միևնույն է կյանքի է կոչելու։

Արման Աբովյան