Պատերազմից վերդարձանք, գեներալ Վանեցյանը արգելեց խոսել պատերազմի մասին։ Մի առիթով ասեց.
– Տղերք, 44օրյա պատերազմում հաղթածները փառքով ննջած են, իսկ մենք` չենք հաղթել։
Համամիտ եմ, չենք հաղթել, հաղթելու համար գեներալի գլախվորությամբ արել ենք ամեն ինչ, ինչպես շատ ու շատերը։ Չենք հաղթել, բայց կուլ չեմ տա, երբ մի քանի անբարոյականներ` 100 հոգուց բաղկացած, զոհվելու պատրաստ տղերքի մեղադրում են փախուստի մեջ։
Դասականը կասեր.
– Փախնողի մերն էլ, մեզ դրանում զրպարտողինն էլ…
Թող ների ինձ հրամանատարը, բայց մի բան պիտի պատմեմ, տասնյակ պատմություններից միայն մեկը։
Շուշիում էինք, մոտ 50 տղաներով, հատուկ հանձնարարությամբ, պետք է կանխեինք դիվերսիոն խմբի ներթափանցումը։
Մեզ հետ էր նաև հրամանտարի 19 ամյա որդին` Արտյոմ Վանեցյանը։ Երբ սկսեց տեղատարափ ռմբակոծությունը, (անունը չեմ տա) մի Գեներալ մոտեցավ մեզ, թե.
-Տղերք, ու՞մ ջոկատն եք։
Ասեցինք` Վանեցյանի։
Ասեց` շուտ նստեք մեքենաները ու էկեք իմ ետևից։ Ասեցինք` անհնար է, առանց գեներալի հրամանի տեղ չենք շարժվի։ Ասեց` տեղյա՞կ եք, որ ձեր վրա պատվեր կա, մնաք այստեղ , ձեզ կոչնչացնեն։ Կարճ ասեմ. քիչ անց մոտեցավ Վանեցյանը ու ասեց` քշեք իմ ետևից։
Մութ էր, նույնիսկ երկնքում աստղ ու լուսին չէր երևում։ Մեքենայի լուսարձակները անջատած, մի քանի մեքենայով, ծառերին ու քարերին հարվածելով, Վանեցյանի հետ միասին հասանք Շուշիի դպրոցի նկուղը։
Վանեցյանը թե` տղերք բոլորը տեղ հասան։
Մոմի թույլ լույսի տակ նայում ենք յուրաքանչյուրս մեր կողքինին։ Վայրկյաններ անց պարզ դարձավ, որ Վանեցյանի որդին` Արտյոմը չկա ու ևս 3 հոգի։
Քար լռություն։
Կապ չկա, տեղեկություն չկա։
Ջոկատից ավելի փորձառու մի քանի տղա գնացին նրանց փնտրելու, գնացին փնտրելու անդադար ռմբակոծության տակ գտնվող Շուշիում։
Նստած ենք բետոնե հատակին` թրջված, մրսած, հոգնած ու քար լռություն է։
Գեներալը լուռ ծխում է սիգառը, ու զրո էմոցիա։ Լսվում է միայն վառարանի վրա եփվող թեյի ձայնը ու հազիվ իրար տեսնում ենք թույլ մոմի լույսի տակ, իսկ շենքի պատերը դղրդում են անդադար ռմբակոծությունից։
Գեներալը.
-Տղերք, չայ խմեք, տաքացեք։
Քար լռություն է, գեներալի որդուց ոչ մի տեղեկություն։
Երկար սեղան էր դրված, վրան մի քանի կտոր բլիթներ էին, մի քիչ հաց ու պանիր։
Տեղից վեր կացավ Վանեցյանը, բոլորիս համար թեյ լցրեց թղթե բաժակների մեջ ու ասեց.
-Տղե՜րք, ոչ մեկիդ մորը չեմ խոստացել, որ ողջ եք հետ գնալու, Արտյոմի մայրը Արտյոմին սպասում է այնքան, որքան ձեր մայրերը ձեզ:
Առանց դեմքի միմիկան փոխելու շարունակեց.
֊Թեյ խմեք, տաքացեք, դեռ անելիք ունենք։
Չգիտեմ ինչ կատարվեց մեջս, հասկացա, որ ճիշտ եմ արել, որ Գեներալ Վանեցյանի հետ պատերազմ եմ մեկնել, հասկացա, որ ԳԵՆԵՐԱԼ Է խոսում, հասկացա որ….
Հասկացածս թողնեմ ինձ, մտքումս տված երդումս նույնպես։
Որոշ ժամանակ անց, Արտյոմը տղաների հետ ներս մտավ, պարզվեց ռմբակոծության ալիքից, մեքենան կողաշրջվել էր և նրանք պատսպարվել էին մոտակա շենքի նկուղում։ Վանեցյանը որդուն սառը գրկեց, ասեց` զգույշ եղիր…
Անցան ժամեր, առավոտյան դուրս եկանք ու տեսանք` մեր գրեթե բոլոր մեքենաները պայթեցված էին, իսկ ադրբեջանական մամուլը գրել էր, որ «Հայրենիք» զորախումբը ոչնչացված է…..
Հաջորդը մեզ դիմավորեց Արգիշտի Քյարամյանը, խնդրեց շրջափակման մեջ գտնվող մի ջոկատի օգնության հասնենք, որտեղ որ ունեցանք առաջին վիրավորներին` դիպուկահարների կրակներից և այլն։
Պատմությունները շատ են, տեսածներս նույնիսկ պատմելու համար քաջություն է պետք։
Կներեք պարոն Գեներալ, էլ բան չեմ պատմի, մենք չենք հաղթել, հաղթողները ննջում են, բայց նաև չենք պարտվել, իսկ պարտվածները դեռ ղեկավարում են….
Վահե Դոխոյան
Բաց մի թողեք
Բավ է բարբաջեք խաղաղության մասին․ Խաղաղությունը ստեղծվում է դաշնակիցներով, ուժով և խելքով ու նաև բարոյականությամբ
Զոռով ոչինչ չի լինելու, միջանցք չի լինելու. ՀՀ-ում Իրանի դեսպան. Լուսանկար
Ո՞վ համոզեց Հայաստանին՝ գնալ դեպի ողբերգություն