10/09/2025

Շներին կռվեցնելուց առաջ մութ տեղում են պահում, որ կատաղեն, լավ կռվեն

Մեկ օրում երեք ահասարսուռ հանցագործություն՝ Հայաստանում: Կիրակի օրը տեղեկացանք, որ երկու սպանություն է տեղի ունեցել: Մեկը` մայրաքաղաք Երեւանում․ Բաբաջանյան փողոցում կրակոցների արդյունքում զոհ կա, մյուսը` Չարենցավանում:

Ըստ մամուլի հրապարակումների` որդին առանձնակի դաժանությամբ սպանել է մորը: Մյուս սրբապիղծ դեպքն էլ տեղի է ունեցել Արարատի մարզում: Գետառատ գյուղում կոտրել են չորս տարեկան երեխայի շիրմաքարը:

Առհասարակ, մեզանում բոլոր ծանր հանցագործությունների թվերն են աճել` ինքնասպանություններից մինչեւ դաժան սպանություններ, թմրանյութերի տարածում, ավազակային հարձակումներ, պետական դավաճանություն եւ այլն: Ի՞նչն է պատճառը, որ Հայաստանը դարձել է հանցագործությունների բաստիոն: Ինչո՞վ է բացատրվում կրիմինոգեն իրավիճակի այս սրացումը։ Ո՞վ է թերանում իր աշխատանքում, որ Հայաստանը դարձել է փոքրիկ Սիցիլիա:
Արդարադատության գեներալ Թաթուլ Պետրոսյանը, «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով թեմային, նկատում է. «Նույնիսկ 90-ական թվականներին այսպիսի տարաբնույթ հանցագործություններ տեղի չէին ունենում: 90-ականներին ավելի շատ մեքենաներ էին առեւանգում, հափշտակում, առանձին դեպքերում «զախվատներ» էին անում՝ այնպես, ինչպես, օրինակ, այսօր անում են ՀԷՑ-ի գլխին: Այսինքն` մոտավորապես նման դեպքեր էին լինում 90-ականներին, իսկ այսօր խայտառակ դինամիկա է: Սարսափելի շատ են հանցագործությունները: Ոստիկանությունը հայտարարություններ տարածելիս ասում է, որ օպերատիվ վիճակը Հայաստանում վերահսկվում է, բայց վաղուց Հայաստանում օպերատիվ իրավիճակը չի վերահսկվում: Ամբողջ ոստիկանական, տեխնիկական ներուժը, գաղտնալսումները, որոնք նախատեսված են ծանր հանցագործություններ բացահայտելու համար, այսօր ուղղված են ընդդիմադիր դաշտի վրա: Դատախազություն, Քննչական կոմիտե, ոստիկանություն՝ ամբողջությամբ լծված են ընդդիմադիր հայացքներ ունեցող անձանց դեմ գործեր սարքելով, ձերբակալելով, կալանավորելով ու տարբեր հետապնդումներ իրականացնելով: Նրանց քայլերը միայն ընդդիմության դեմ են, հետեւաբար, հանցագործները հայտնվել են անպատժելիության մթնոլորտում: Ոչ մի խնդիր չունեն՝ ինչ հանցագործություն ցանկանում են, իրականացնում են: Յուրաքանչյուր հանցագործություն հասարակության ծնունդ է: Այսօր ատելությունը մեր իրականության մեջ ծայրաստիճան մեծ է, քան առաջներում: Իրար նկատմամբ չկա հանդուրժողականություն, հարգանք, սեր: Դա պայմանավորված է ատելություն սերմանելով»:

Բայց Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ 2018-ից հետո վերջապես ժողովրդի դեմքին ժպիտ է հայտնվել, մարդիկ ուրախ են, երջանիկ, 25-ի օգոստոսից էլ սկսած՝ խաղաղ ու բարեկեցիկ երկրում ենք ապրում։ «Նիկոլ Փաշինյանի ծամածռություններն այսօր ոչ ոք լուրջ չի ընդունում: Ժողովրդի դեմքին միայն տխրություն է ու հուսահատություն: Մարդիկ ծայրահեղ հիասթափված են: Եթե իրենց խմբակի անդամները ռեստորաններում, փաբերում եւ սրճարաններում կյանքն են վայելում, ուրախանում են ու ժպտում, դա չի նշանակում, որ ժողովուրդն էլ է նման կերպ ապրում: Հանրության մեծամասնությունն ատում է այս իշխանությանը, եւ ցավով պետք է ասեմ, բայց մարդիկ իրար էլ են ատում: Նույնիսկ վարորդներն իրար ճանապարհ չզիջելու համար պատրաստ են իրար կոկորդ կտրել: Ժամանակին եթե մարդիկ կարող էին խորհուրդ տալ, հաշտեցնել, այսօր նման բան չկա: Մարդիկ նյարդային վիճակում են, ամեն մեկն ապրում է իր համար: Շներին իրար հետ կռվեցնելուց առաջ մութ տեղերում են պահում, որ ավելի կատաղեն, հիմա նույն բանն անում է իշխանությունը ժողովրդի հետ»: Ի՞նչ անելիք ունեն իրավապահներն այս իրավիճակում։ «Հանցավորության դեմ պայքարը երբեք միայն իրավապահների տիրույթում չի եղել: Հանրությունն իր օրինաչափ քայլերով՝ եթե անգամ չի էլ աջակցել, ապա գոնե չի խանգարել ոստիկանությանը հանցավորության դեմ պայքարում: Այսօր ակնհայտորեն ոստիկանությունը մնացել է մենակ` հանցավորության դեմ պայքարում: Ես հեռու եմ այն մտքից, որ իրավապահ կանայք աղերս ունեն իրավապահ համակարգի հետ՝ չէ, սակայն նույն ոստիկանությունում կան նվիրյալներ, որոնց պարզապես թույլ չեն տալիս աշխատել: Նրանց պրոֆեսիոնալիզմն օգտագործում են ոչ թե հանցագործների դեմ պայքարում, այլ ընդդիմադիրներին վախեցնելու եւ լռեցնելու գործում: Իրավապահ համակարգը սերնդափոխություն պիտի կրեր աստիճանաբար: Երբ մենք նոր էինք աշխատանքի անցնում, ունեինք ավագ գործընկերներ, որոնցից սովորելու լիքը բան ունեինք: Այսօր խայտառակ վիճակում են գտնվում բոլոր իրավապահ մարմինները: Նվիրյալները փոքրամասնություն են, իսկ մենք անդադար ունենալու ենք հանցավորության աճ: Անվերջ Հայաստանում մարդիկ են մահանում՝ դիտավորյալ կամ անզգուշության հետեւանքով»:

Բայց երբեք էլ հայ հասարակությունը մեծ ակնածանք չի ունեցել ոստիկանների հանդեպ։ «Այո, այնպես չէ, որ առաջ ոստիկանների հանդեպ պատկառանք ու հարգանք կար, սակայն առաջներում գոնե հասարակության մեծամասնությունն օրինապաշտ էր, իսկ այսօր բոլորը թքած ունեն օրենքի վրա: Մտածում են, որ եթե վարչապետն ամեն օր սահմանադրություն է տրորում, ինչո՞ւ իրենք չեն կարող հանցանք գործել: Ուժն է ծնում իրավունք, ով ուժեղ է, նա ճիշտ է․ այսպես է մտածում մեր ժողովուրդը»: