10/09/2025

Տնտեսագիտական բացատրական բառարան է հրատարակվել՝ լրագրողների գործը հեշտացնելու համար

Տնտեսական լրագրողների ակումբը տնտեսագիտական բացատրական բառարան է հրատարակել՝ լրագրողների գործը հեշտացնելու համար:

Վերահրատարակված «Ամենագործածական տնտեսագիտական տերմինների բացատրական բառարանի» շնորհանդեսը տեղի ունեցավ ուսումնական տարվա առաջին օրը՝ սետեմբերի 1-ին:

Բառարանի առաջին տարբերակով հրատարակումը տեղի է ունեցել 2008 թվականին, սակայն տնտեսության մեջ նոր ուղղություններ են առաջացել և բնականաբար նոր տերմիններ են մտել գործածության մեջ, հետևաբար անհրաժեշտություն ստեղծվեց վերահրատարակել բառարանը՝ հարստացնելով այն առաջացած նոր տերմիններով, դրանց ստուգաբանություններով:

Բառարանը հրատարակելու աջակիցն է Հայէկոնոմբանկը: Հայէկոնոմբանկի մարքեթինգի բաժնի պետ Արման Տոնիկյանը շեշտեց, որ բառարանը նախատեսված է հենց լրագրողների համար:

Տնտեսական լրագրողների ակումբի նախագահ Աննա Բաղդասարյանն էլ նշեց, որ դեռևս տարիներ առաջ արված մոնիթորինգը ցույց էր տվել, որ տնեսական բառապաշարին չտիրապետելու հետևանքով լրագրողները ոչ միայն դժվարությամբ են լուսաբանում տնտեսական թեմաները, այլև հաճախ ստիպված են լինում հրաժարվել այս կամ այն տնտեսագիտական տերմինների կիրառումից՝ դրանք չհասկանալու հետևանքով:

ԵՊՀ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Կառլեն Խաչատրյանն էլ նշեց, որ Տնտեսական լրագրողների ակումբի հետ քննարկել են և հնարավորության պարագայում պատրաստ են աջակցել՝ տնտեսական լրագրողներ պատրաստող կրթական հարթակի ձևավորմանն ու դրա գործունեությանը:

Հիշեցնենք, որ բառարանի խմբագիր-խորհրդատուներն են տնտեսագիտության դոկտոր (ՀՊՏՀ) Աշոտ Մարկոսյանը, ՀՀ ԿԲ խորհրդի անդամ Արտակ Մանուկյանը և տնտեսագետ, ՀՊՏՀ վիճակագրության ամբիոնի վարիչ Արմեն Քթոյանը։

Հատուկ բառարան՝ լրագրողների համար