09/09/2025

Փաշինյանի քավոր մարզպետը մագիստրոսի դիպլոմ է ստացել․ Ինչ կրթություն է ստացել Հայկ Ղալումյանը

Նիկոլ Փաշինյանն ու կինը՝ Աննա Հակոբյանը, «Կրթվելը նորաձեւ է» շարժման շրջանակներում Երեւանում, Հայաստանի մարզերում հանդիպումներ են ունենում քաղաքացիների հետ, դասախոսություններ կարդում, ինչի վրա պետական բյուջեից մեծ գումարներ են ծախսվում։ Նիկոլ Փաշինյանը՝ բոլշեւիկ հեղափոխական Լենին պապի նման, մանուկներին պատվիրան է իջեցրել. «Լավ սովորիր, որ լավ ապրես»։

Հարց է ծագում՝ իսկ ինչո՞ւ ինքն ու իր թիմակիցները ժամանակին լավ չեն սովորել, որ գիտելիքների այդքան բաց չունենային: Ոչ միայն ինքը, այլեւ իր թիմակից, իր դասընկեր, իր ամուսնության քավոր Հայկ Ղալումյանն էլ կարծես թե լավ չի սովորել։ Վերջինս մինչեւ 2018 թվականի «թավշյա հեղափոխությունը» բանկային համակարգում էր աշխատում, 2010-2019 թվականներին «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ «Իջեւան» մասնաճյուղի կառավարիչն էր:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2019 թվականի օգոստոսին իր քավոր Հայկ Ղալումյանին նշանակեց Իջեւան համայնքի ղեկավարի պաշտոնակատար։ Իսկ դրա համար, քաղաքապետի պաշտոնը թափուր սարքելու նպատակով նախ քրեական գործ հարուցվեց Իջեւան համայնքի ղեկավար Վարդան Ղալումյանի նկատմամբ, որը նաեւ Հայկ Ղալումյանի ազգականն է եւ որը քրեական գործի պատճառով ստիպված եղավ  համայնքապետի պաշտոնից հրաժարական տալ։ Ի դեպ, Վարդան Ղալումյանի եւ Իջեւանի քաղաքապետարանի երկու աշխատակիցների դատը մինչ այժմ շարունակվում է։

Հայկ Ղալումյանն Իջեւան համայնքի ղեկավարի պաշտոնակատար աշխատեց 2019 թվականի օգոստոսի 12-ից մինչեւ 2021թ․ ապրիլի 8-ը։ Այդ ընթացքում Իջեւան համայնքի ղեկավարի ընտրություններ չանցկացվեցին, քանզի քիչ էր հավանականությունը, որ Հայկ Ղալումյանին Իջեւանի բնակիչներն անհրաժեշտ քանակի ձայն կտային, եւ նա կընտրվեր համայնքի ղեկավար։ 2021թ․ ապրիլի 8-ին Նիկոլ Փաշինյանը Հ․ Ղալումյանին նշանակեց Տավուշի մարզպետ, եւ նա ցայսօր ղեկավարում է Տավուշի մարզը։

Մեզ հետաքրքրեց, թե ինչ կրթություն է ստացել Հայկ Ղալումյանը։ Նրա ինքնակենսագրության մեջ նշված է, որ 1991-1995 թվականներին սովորել է Երեւանի Արտաքին տնտեսական կապերի համալսարանի համաշխարհային տնտեսագիտության ֆակուլտետում՝ ստանալով տնտեսագետ-միջազգայնագետի որակավորում:

Մարզպետ Հ․ Ղալումյանին նախկինում հարցում էի ուղղել, թե նա այդ «մութ ու ցուրտ տարիներին» առկա՞, թե՞ հեռակա է սովորել Երեւանի Արտաքին տնտեսական կապերի համալսարանում։ Նա պատասխանել էր, որ առկա է սովորել։ Եթե առկա է սովորել, տրամաբանական կլիներ, որ իր դասընկերոջ՝ Նիկոլ Փաշինյանի հետ հանրակացարանում կամ վարձով սենյակում բնակվեր, սակայն նման բան հայտնի չէ։

Իջեւան քաղաքից տեղեկացա, որ մարզպետ Հայկ Ղալումյանը հեռակա կարգով այժմ էլ է սովորում Տավուշի մարզպետարանի շենքից մոտ 150 մետր հեռավորությամբ գործող Երեւանի պետական համալսարանի Իջեւանի մասնաճյուղում։ 2025 թվականի սկզբին արված հարցմանս պատասխանելով՝ Տավուշի մարզպետարանից պաշտոնապես հայտնել էին․ «ՀՀ Տավուշի մարզպետը սովորում է ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի մագիստրատուրայի երկրորդ կուրսում, եւ  ուսման վարձը կազմում է 450 հազար ՀՀ  դրամ»:

Իսկ վերջերս էլ, ի պատասխան մեկ այլ հարցման, Տավուշի մարզպետի աշխատակազմից հայտնել էին, որ Հայկ Ղալումյանն արդեն ավարտել է ուսումը․ «ՀՀ Տավուշի մարզպետն ավարտել է ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի մագիստրատուրայի «Կառավարում» մասնագիտության «Գործարար վարչարարություն» (կառավարում) մասնագիտության կրթական ծրագիրը 2025 թվականի հունիսի 2-ին»:

Հասկանալի չէ, թե մարզպետի ծանրաբեռնված աշխատանքով զբաղված Հայկ Ղալումյանն ինչպես է հասցրել ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղում 2 տարի ուսանել, ստուգարքներ ու քննություններ հանձնել։ Նկատենք, որ նա այս իշխանության միակ ներկայացուցիչը չէ, որ կրթություն ստացավ պաշտոն ստանալուց հետո:

Աշխարհում սովորաբար հակառակն է տեղի ունենում` սկզբում սովորում են, գիտելիքներ ու փորձ են ձեռք բերում, ապա՝ պաշտոն ու մանդատ ստանում, իսկ մեզանում ճիշտ հակառակն է:

Ոսկան Սարգսյան