08/09/2025

Արցախցիների հավաքագրում՝ Հայաստանի անվտանգության խնդիր

Անցած շաբաթ սոցիալական մեդիայով կարճ տեսանյութ տարածվեց, որտեղ Կրեմլի քարոզիչ Սոլովյովը խորհուրդ էր տալիս հնարավորություն ստեղծել, որպեսզի «Ղարաբաղի բանակի մնացորդները միավորվեն «ԴԺԿ» կամ «ԼԺՀ բանակին» և կռվեն Ուկրաինայի դեմ»:

Սոլովյովը նույնիսկ «մեծահոգաբար» կարծիք էր հայտնում, թե նրանք «կարող են ունենալ իրենց առանձին տարբերանշանը»:

Ե՞րբ է հաղորդումը եթեր հեռարձակվել, կարևոր չէ: Փաստ է, որ ռուս-ադրբեջանական լարվածության և հայ-ադրբեջանական կարգավորման ֆոնին մոսկովյան քարոզչությունը փորձում է ռեանիմացնել «ղարաբաղցիների գործոնը»:

Ինչի մասին էր, ի դեպ, նա սեպտեմբերի 2-ի առթիվ պետդումայի պատգամավոր Զատուլինի թունավոր գրառումը:

Մոսկովյան տեղեկատվա-քարոզչական զոնդաժը Հայաստանում չէր կարող անարձագանք մնալ, պաուզան, ամենայն հավանականությամբ, Սոլովյով-Զատուլին- Բաղդասարով «սուրբ երրորդության» հետ ունիսոն չստեղծելու հնարքով է պայմանավորված, լրատվամիջոցներից մեկը գրում է, որ «արցախցիները զանգվածաբար տեղափոխվում են Ռուսաստան և անդամագրվում «Արբատ» գումարտակին»:

Լրատվամիջոցը միաժամանակ քննադատում է Հայաստանի իշխանություններին, որ արցախցիների ներուժը բանակաշինությանը չի ներգրավում: Հարկ է այստեղ նշել, որ մի քանի լրատվամիջոցներ էլ պարբերաբար ներկայացնում ՀՀ ԶՈՒ ծագումով արցախցի բարձրաստիճան զինվորականների և նրանց ծաղրում, թե «համաձայն են Նիկոլ Փաշինյանի հետ, որ Արցախն Ադրբեջան է»:

Ընդդիմադիր կամ ոչ իշխանական մամուլը ժամանակին տագնապ է հնչեցրել նաև ԱԱԾ-ում արցախցի պրոֆեսիոնալներին ծառայության ընդունելու համար: Իսկ առհասարակ նույնիսկ մերձավոր, ծանոթ շրջանակների թռուցիկ դիտարկումն է վկայում, որ Արցախի ՊԲ, ԱԱԾ, ՆԳՆ բազմաթիվ ծառայողներ վաղուց Հայաստանի քաղաքացիություն են ձեռք բերել և շարունակում են իրենց մասնագիտական գործունեությունը:

Կան, իհարկե, նաև Ռուսաստան մեկնողներ, նրանց թվում, հավանաբար, «Արբատ»-ին անդամակցողներ էլ գտնվել են, գտնվում են կամ կգտնվեն: Բայց ինչպես ամբողջ աշխարհում, այս դեպքում էլ դա հատուկ ծառայությունների գործունեության հետեւանք է:

Ո՞վ է արցախցիներին հավաքագրում: Սա նաև Հայաստանի անվտանգության խնդիրն է: Պատերազմում ամեն ինչ պատահում է, այդ թվում՝ գերություն և վարձկանության համար մեղադրանք: