07/09/2025

Նիկոլ Փաշինյանը նույնիսկ իր թիմակիցների հետ այլեւս չի խոսում Եվրամիությանն անդամակցելու հեռանկարներից

Իշխանական աղբյուրների փոխանցմամբ, վերջին շրջանում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնիսկ իր թիմակիցների հետ այլեւս չի խոսում Եվրամիությանն անդամակցելու հեռանկարներից։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՔՊ-ականներն իրենց ներսում հասկացել են՝ ԵՄ-ում Հայաստանի անդամակցությանը ոչ ոք չի սպասում։

Իսկ արտախորհրդարանական «Եվրաքվե» նախաձեռնությունը, որով ԱԺ-ում ընդունվեց Եվրոպա ինտեգրման պատրաստակամության մասին հայտարարություն, ԵՄ-ում խանդավառությամբ չընդունվեց։

Ընդ որում՝ հիմա արդեն պարզ է դառնում, որ այդ նախագիծը նույնիսկ նախապես չէր համաձայնեցվել, լրջորեն չէր բանակցվել եվրոպական կառույցների հետ։ Եվ հենց այդ հանգամանքն է պատճառը, որ ընդունված փաստաթուղթը մնաց անպատասխան. ոչ մի փոխադարձ պատրաստակամություն կամ ազդակ ԵՄ-ից այդպես էլ չստացվեց։

Արդյունքում՝ իշխող ուժը դանդաղ, բայց հետեւողականորեն հեռացնում է ԵՄ մտնելու թեման իր քաղաքական առաջնահերթություններից։ ՔՊ-ի նոր ռազմավարությունն է դիվերսիֆիկացնել Հայաստանի արտաքին քաղաքականությունը՝ ավելի սերտ շփումներ հաստատելով Չինաստանի, Ճապոնիայի, ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի հետ։

Միեւնույն ժամանակ, իշխանության ներսում հիասթափությունը խորանում է նաեւ ԵՄ-ից չստացված խոստումների պատճառով։

Հիշեցնենք, որ Բրյուսելը դեռեւս 2021-ին խոստացել էր Հայաստանին տրամադրել 2.6 միլիարդ եվրո ներդրումային փաթեթ, սակայն մինչ այժմ փոխանցվել է ընդամենը շուրջ 500 միլիոն եվրո, այն էլ՝ հիմնականում դրամաշնորհների տեսքով։

Այսպիսով՝ Հայաստանի իշխանությունները փաստացի համոզվել են, որ ԵՄ-ում. ո՛չ քաղաքական պատրաստակամություն կա Հայաստանին ընդունելու, ո՛չ էլ խոստացված ֆինանսական աջակցությունն է տեղ հասել»։