07/09/2025

Ով է Հովիկ Աբրահամյանի գործը քննող դատավորը․ Լուսանկար

Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանն օգոստոսի 14-ին հրաժարվեց քննել Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի գործը՝ ինքնաբացարկ հայտնելով։ Իր որոշումը պատճառաբանեց նրանով, որ երբ դատախազությունում է աշխատել, այս գործի օրինականության նկատմամբ վերահսկողություն է իրականացրել, ուստի հիմա որպես դատավոր չի կարող քննել այն:

«Արդարադատություն, ըստ էության, չի կարող իրականացնել: Եթե նույնիսկ խնդիր դատարանը չտեսնի, ապա անաչառ կողմի մոտ, երրորդ անձի մոտ կարող է կասկած առաջանալ, որ դատավորը, որը նախաքննության ընթացքում քրեական վարույթի օրինականության նկատմամբ դատախազական ղեկավարում է իրականացրել կամ օրինականության նկատմամբ հսկողություն է իրականացրել, կարող է որպես դատավոր լինել անաչառ»,- հայտարարեց Դոլմազյանը:

Հովիկ Աբրահամյանն այդ օրն առաջին անգամ էր կանգնում քրեական դատարանի առաջ։ Նախկին բարձրաստիճան պաշտոնյան, հիշեցնենք, մեղադրվում է փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու հոդվածներով: Այս գործը հարուցվել էր դեռ 2018 թվականին, բայց դատարան մտավ միայն 7 տարի անց: Փաստացի Աբրահամյանը մեղադրյալի աթոռին է արդեն 7 տարի:

Այդ օրը դատարանի բակում, նախքան նիստի մեկնարկը, լրագրողների հետ ճեպազրույցում Աբրահամյանն ասել էր՝ մեղադրանքը չի ընդունում: Դոլմազյանի` այս գործի քննությունից հրաժարվելուց հետո գործն արդեն մակագրվել է նույն դատարանի մեկ այլ դատավորի՝ Արամ Գրիգորյանին։ Վերջինս էլ պակաս հայտնի դատավոր չէ, եւ, ընդհանրապես, այս դատարանում, որը ձեւավորվել է ՔՊ-ական իշխանության ձեռքով, այնպիսի դատավորներ են նշանակվել, որոնք դատախազական գծով են գնում` կարծես մեղադրողներ լինեն, ոչ թե անաչառ արբիտրներ:

Արամ Գրիգորյանին մենք հիշում ենք մի քանի աղմկոտ քրեական գործերով, օրինակ, նրա վարույթում է գտնվում երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, Վալերի Գրիգորյանի եւ Ալեքսան Ալեքսանյանի վերաբերյալ՝ Եռաբլուր պանթեոնի հարակից տարածքներում գտնվող հողատարածքների գործը։

Նա քննում է նաեւ գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի գործը։ Այս գործի վերաբերյալ Խաչատուրովի փաստաբան Հակոբ Ենոքյանը հայտարարել էր․ «Դատավոր Արամ Գրիգորյանն այնքան «կարմիր գծեր» է անցել, որ էլ ոչինչ չեմ բացառում․․․ Երբ դատական նիստերի ընթացքը նայում եք, մեղադրող դատախազն ինչ ասում է, նա այդպես էլ առաջնորդվում է, ինչ դիրքորոշում հայտնում է, դրանով առաջնորդվում է»։

Բացի սա, Գրիգորի Խաչատուրովի կալանքի ժամկետն ավարտված է եղել, սակայն դատավորը շարունակում էր նրան կալանքի տակ պահել՝ առանց կալանքը երկարաձգելու համապատասխան որոշում կայացնելու։

Արամ Գրիգորյանը երկար տարիներ աշխատել է Գլխավոր դատախազությունում, ապա՝ Հակակոռուպցիոն կոմիտեում, որտեղից էլ 2022-ին նշանակվել է Հակակոռուպցիոն քրեական դատարանի դատավոր: