Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության կայքում օգոստոսի 28-ին տեղադրվել էր տեղեկատվություն` Իրանի Իսլամական Հանրապետության նվիրատվությամբ երկաթուղային Այրում կայարանում հետիոտնային կամրջի շինարարության մասին․
«Մեկնարկել են Այրում կայարանի հետիոտնային կամրջի տեղադրման աշխատանքները: Այրում կայարանի հետիոտնային կամուրջը փլուզվել էր անցած տարվա մայիսին Դեբեդ գետի վարարման հետեւանքով: Այս մետաղական կամուրջը եւս Հայաստանին է նվիրաբերել Իրանի Իսլամական Հանրապետությունը: Այս պահին մետաղական կամրջի տեղադրման աշխատանքները մեծ թափով առաջ են գնում: Շինարարները հավաստիացնում են, որ շատ շուտով կամուրջը պատրաստ կլինի: Սա արդեն երկրորդ մետաղական կամուրջն է, որն իրանական կողմը նվիրում է Հայաստանին՝ ջրհեղեղի հետեւանքները վերացնելու նպատակով: Առաջին կամուրջը տեղադրված է Ալավերդու «Սանահին կայարան» թաղամասում»:
Իրականում Այրումում կառուցվողը 2024թ․ մայիսի 27-ի ջրհեղեղի հետեւանքների հաղթահարման շրջանակներում Իրանի աջակցությամբ կառուցվող չորրորդ կամուրջն է։ Ալավերդի համայնքի Ախթալա քաղաքի վարչական ղեկավար Սեւակ Սարգսյանից տեղեկացանք, որ Իրանի Իսլամական Հանրապետության նվիրատվությամբ 2024թ․ դեկտեմբերի 25-ին Ախթալայում մետաղական կամուրջ է գործարկվել, որը Մ6 միջպետական նշանակության ավտոճանապարհը միացնում է Ախթալա քաղաքին։
Այն նախատեսված է ինչպես տրանսպորտային միջոցների, այնպես էլ հետիոտների տեղաշարժի համար։ Ախթալայի վարչական ղեկավարն ասաց, որ այդ կամրջի հարեւանությամբ եւս մեկ մետաղական կամուրջ է կառուցվում, որը նույնպես Իրանի նվերն է եւ միջպետական ավտոճանապարհը կապում է Ախթալային։
Կամրջի հիմքերի փորման աշխատանքներն արդեն արված են։ Զարմանալի է, որ ՏԿԵՆ-ում չգիտեն Իրանի նվիրած, Ախթալայում անցյալ տարեվերջին գործարկված կամուրջների մասին։
Ուրիշ ո՞ր երկիրն է մեզ համար կամուրջներ կառուցում, որ նախարարությունը մոռացել է Իրանի Իսլամական Հանրապետության նվիրած կամուրջների մասին։
Ոսկան Սարգսյան






Բաց մի թողեք
Ինչու է իշխանությունը հակադրվում Հայ առաքելական եկեղեցուն, ինչից սկսվեց
Հայաստանում պետք է զգույշ լինել, երբ մարդիկ դատվում են կարծիք հայտնելու համար․ Նաչո Սանչես Ամոր
«Նիկոլ ջան, նշխարը հաց չէ, որ ուտում ես, նշխարը միայն օծյալն է տալիս», ով հաց է դեմ տալիս՝ նա էլ ուտում է