07/09/2025

Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորումն ակտուալ է դառնում Փաշինյանի համար

Մենք կլիշեներ ենք ձեւավորում, միֆեր հյուսում, ապա դառնում դրանց գերին: Դրանք շատ-շատ են, բայց այսօր կանդրադառնամ մի քանիսին միայն: Միֆերից մեկը, որը նաեւ մեր վարքագծի վրա է ազդում, այն է, որ Հայաստանում քաղաքական փոփոխությունների բանալին, լծակները գտնվում են «դրսում»:

Հրապարակ թերթը գրել է․ Ոմանց կարծիքով` Վաշինգտոնում, մյուսների կարծիքով` Մոսկվայում, կա նաեւ Բրյուսելի, Փարիզի, նույնիսկ` Պեկինի տարբերակը: Այս միֆի իմաստն այն է, որ մենք` հայերս, ոչինչ չենք որոշում, երբ Թրամփը, Պուտինը կամ Սի Ծին Փինը որոշեն` Հայաստանում փոփոխություններ կլինեն:

Պարզ է, որ ազգին նսեմացնելու, նրա` իր ճակատագիրը կերտելու անհնարինություն ներշնչելու համար է հորինվել այս վնասակար լեգենդը:

Ուրիշ լեգենդներ էլ կան: Օրինակ, որ հայերի մեծ մասը մերժում է Ռուսաստանը եւ դեպի Եվրոպա գնալու կողմնակից է, քանի որ Ռուսաստանին մեղադրում է մեր կորուստների համար, իսկ Եվրոպայում լավ են ապրում, եւ առանց վիզայի Եվրոպա մեկնելու հնարավորություն են մարդիկ երազում:

Ըստ այդմ էլ` արեւմտամետ հայացքներ ունեցող քաղաքական ուժերն առաջիկայում հաղթելու են եւ խորհրդարան մտնեն: Անգամ ինչ-որ ուսումնասիրություններ ու թվեր են հրապարակում՝ այս տեսակետը հիմնավորող: Բայց վերջերս «Արար» հիմնադրամի իրականացրած սոցիոլոգիական հետազոտությունները, օրինակ, հակառակի մասին են վկայում:

Ըստ այս ուսումնասիրության, հարցվածների 33%-ն ասել է, որ Հայաստանը պետք է Ռուսաստանի հետ ռազմական-դաշնակցային հարաբերություններ ձեւավորի, 22․2%-ի կարծիքով՝ Իրանի, 21․9%-ի կարծիքով՝ Եվրամիության երկրների (Ֆրանսիա, Գերմանիա եւ այլ երկրներ), 12․9%-ի կարծիքով՝ ԱՄՆ-ի, 5․1%-ի կարծիքով՝ Հնդկաստանի հետ։

Այնպես որ, Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորումն ակտուալ է դառնում: