08/09/2025

Թրամփը խոստանում է Ռուսաստանի դեմ «դժոխային պատժամիջոցներ», իրականում ոչինչ չի անում

Վլադիմիր Զելենսկին ֆրանսիական մամուլին հարցազրույցում չի բացառել, որ ուկրաինական կարգավորումը կարող է տեղի ունենալ «կորեական բաժանման օրինակով»:

Ռուսաստանի փորձագիտական հանրության արձագանքը միանշանակ բացասական է. «Ռուսաստանը սահմանադրությամբ իրեն պատկանող տարածքներում մարիոնետային պետություն չի ստեղծվի»:

Մոսկվայում Զելենսկու հայտարարությունն ընկալվել է որպես Ռուսաստանի «տարածքային ձեռքբերումներն իրավաբանորեն ճանաչելուց խուսափելու հնարք»:

Սեպտեմբերի 5-ին Վլադիվոստոկի տնտեսական համաժողովի ելույթում Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ «առանցքային հարցերում Ուկրաինայի հետ պայմանավորվել, երևում է, չի հաջողվի, եթե անգամ քաղաքական կամք դրսևորվի»:

Ավելի վաղ արձանագրել էինք, որ Անքորիջի պայմանավորվածությունները փլուզվել են: Պուտինի այդ չափազանց կոշտ հայտարարությունը վկայում է ասվածը: Ռուսաստանի նախագահը Վլադիվոստոկ է ժամանել Պեկինից, որտեղ անցկացված զորահանդեսի միջազգային խորհրդանիշ է դարձել Ռուսաստանի, Չինաստանի և Հյուսիսային Կորեայի առաջնորդների համատեղ լուսանկարը՝ որպես Մոսկվա-Պեկին-Փհենյան ռազմավարական դաշինքի բացահայտում:

Այս ֆոնին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ռյուտեն Վլադիմիր Պուտինին անվանել է ոչ ավելի, քան «Տեխասի նահանգապետ»՝ հիմք ընդունելով, որ ԱՄՆ այդ նահանգի տարեկան ՀՆԱ-ն 37 տոկոսով գերազանցում է Ռուսաստանին: Ռյուտեն ասել է, որ պետք չէ Պուտինին «չափից դուրս լուրջ ընդունել, մանավանդ՝ որպես գերտերության առաջնորդի»:

Նախօրեին, ինչպես Bloomberg-ի իրազեկ աղբյուրներն են տեղեկացրել, եվրոպական առաջնորդները և Եվրահանձնաժողովի նախագահը «ծանր խոսակցություն են ունեցել ԱՄՆ նախագահի հետ, որ ամեն անգամ խոստանում է Ռուսաստանի դեմ «դժոխային պատժամիջոցների» սահմանել, բայց իրականում ոչինչ չի անում»:

Այլ աղբյուրներ պնդում են, որ Ելիսեյան պալատում հանդիպման մեկնարկից քսան րոպե անց ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ուիթկոֆը «բանակցությունների սրահից հեռացել է»:

Ռուսաստանի տեխնոլոգիական, տնտեսական հետամնացության մասին կարելի է խոսել անգամ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի մակարդակով: Իրական քաղաքական ռեժիմում առայժմ կամք թելադրում է Մոսկվան:

Հարցն այն է, թե դա ի՞նչ ազդեցություն է թողնելու հետխորհրդային տարածքի, Հարավային Կովկասի և հատկապես հայ-ադրբեջանական կարգավորման վրա, երբ բոլորի առջեւ ծառացած է էքզիստենցիալ հարց. «Թերագնահատե՞լ Պուտինին, թե՞ միայն չգերագնահատել»: