28/10/2025

Թուրք-ամերիկյան հնարավոր լարվածությունը կազդի՞ հայ-ադրբեջանական և հայ-թուրքական կարգավորման վրա

ԱՄՆ-ում անցկացված սոցհարցման արդյունքներով՝ առաջին անգամ Գազայում պատերազմը դադարեցնելու կողմնակիցները մեկ տոկոսով գերազանցել են Իսրայելին ռազմական օգնությունը շարունակելու ջատագովներին:

Այդ մասին գրում է իսրայելական «Եդիոտ ահրոնոտի» ռազմական հարցերով մեկնաբանը:

Նա արձանագրում է, որ Նաթանյահուի կառավարությունն «արդեն կորցրել է ԱՄՆ դեմոկրատական կուսակցության աջակցությունը, նրան քննադատում են երիտասարդ հանրապետականները»: Հեղինակը ենթադրում է, որ եթե որ Թրամփի նախագահության շրջանում, ապա հետագայում Իսրայելը կարող է զրկվել Միացյալ Նահանգների անվերապահ աջակցությունից:

Ամենաէականը, որ այդ վերլուծականը փոխանցում է, Գազայում պատերազմի շուրջ միջազգային հակաիսրայելական տեղեկատվա-քարոզչական խոսույթից անհանգստությունն է: Ըստ էության, հեղինակը մտահոգված է, որ գետնի վրա իրավիճակում պարտվելով՝ ՀԱՄԱՍ-ին հաջողվում է միջազգայնորեն ապալեգիտիմացնել Իսրայելի բանակի հաջողությունները:

Նա հատկապես ընդգծում է եվրոպական երկրների դիրքորոշումը և հանրային կարծիքը, ինչից «տուժում են հրեական համայնքները»: Եվրոպայում, իրոք, Իսրայելի վարչապետ Նաթանյահուի հիմնավորումները, որ պատերազմը ոչ թե պաղեստինցիների, այլ ահաբեկչության դեմ է, նվազ ընկալման է արժանանում:

Ակնկալվում է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում Պաղեստինի և նրա ժողովրդի անունից հանդես կգա Թուրքիայի նախագահ Էրդողանը: Նախօրեին Իսլամական համերաշխության կազմակերպության և Արաբական լիգայի անդամ պետությունների արտգործնախարարների կոնտակտային խումբը հանդես է եկել հայտարարությամբ և դատապարտել Գազայում Իսրայելի «ցեղասպանական գործողությունները»:

Ըստ էության՝ Իսրայելը փորձում է միջազգային քաղաքականության օրակարգից հանել Պաղեստինի անկախության հարցը: Մերձավոր Արևելքում իրավիճակը գնալով ավելի է սրվում:

Ի՞նչ դիրքորոշում կդրսեւորի Միացյալ Նահանգները: Թուրք-ամերիկյան հնարավոր լարվածությունը կազդի՞ հայ-ադրբեջանական և հայ-թուրքական կարգավորման գործընթացին: