27/09/2025

ՔՊ-ից խոստովանեցին, որ կեղծիք է եղել

Գրել էինք,որ ՔՊ վարչության ընտրությունը նախորդի պես այս անգամ էլ կարծես թե հարթ չի անցել եւ կեղծիք է տեղի ունեցել. մեր տեղեկություններով՝ հաշվարկի վերջին փուլում պարզվել է, որ ընտրական պատվիրակների թվից ավելի մեծ թվով քվեաթերթիկներ են հայտնաբերվել, մինչդեռ իրականում 880 պատվիրակ է գրանցվել։

Հրապարակ թերթը գրել է․ Իհարկե, ՔՊ-ն սրան կտա տեխնիկական խոտան անվանումը, ասելով, որ հաշվարկը օնլայն է իրականացվում, սակայն դա իրավիճակը չի փրկում։ Շուրջ երկու ժամ է՝ ՔՊ-ից տվյալներ չեն հաղորդում, պատգամավորներն էլ ընդհատակ են անցել։

Կեղծիքների մասին կասկածները խորացնում է նաեւ ՔՊ-ի պաշտոնական հաղորդագրությունը.

«ՔՊ Վարչության, Վարչության նախագահի, Վերահսկող հանձնաժողովի անդամների ընտրությունների քվեաթերթիկների նախնական էլեկտրոնային հաշվարկը ավարտվել է։ Ներկայումս նախատեսված կարգով, նախնական արդյունքները արձանագրելու համար տեղի է ունենում քվեաթերթիկների ձեռքով հաշվարկ»։

Այս տեքստը վկայում է, որ էլեկտրոնային հաշվարկը արժանահավատ չի եղել ՔՊ-ական մեծամասնության համար եւ դրել ձեռքով են հաշվել: Կեղծիքների մասին լուրը ՔՊ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը այսպես է բնորոշել. ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության և Վերահսկող հանձնաժողովի ընտրությունների հետ կապված մամուլում տարածվող սուտն ու զրպարտությունը այն աստիճան են կտրված իրականությունից, որ նույնիսկ ծիծաղ չեն առաջացնում։

ՔՊ վարչության և վերահսկողի քվեարկության ու հաշվարկի ամեն մի վայրկյանը եղել է ուղիղ եթերում։ Քվեատուփից դուրս եկած յուրաքանչյուր քվեաթերթիկ ցույց է տրվել ուղիղ եթերում։

Քիչ հետո էլ նախատեսվածի պես սքաներով հաշվարկից հետո կիրականցվի  քվեաթերթիկների մանուալ (ձեռքով) հաշվարկ, որը ևս ընթանում է ուղիղ եթերում։

Թե ինչպե՞ս էր կարելի այսպիսի թափանցիկությունից հետո Գյուլնազ տատի հեքիաթների ժանրում ստեղծագործություններ գրել, չեմ հասկանում»:

Ուշագրավ է, որ ՔՊ օնլայն հաշվարկի ցուցատախտակին վերջին տվյալներով Փաշինյանի օգտին 826 թիվն է նշված, մինչդեռ պաշտոնապես հայտարարվեց 758: Թե ով է Գյուլնազ տատի հեքիաթների ժանրում ստեղծագործում, կարծում ենք՝ վիճելու կարիք չկա: Եթե ՔՊ-ում արդար-թափանցիկ լիներ գործընթացը, ձեռքով կրկնահաշվարկի կարիք չէր առաջանա։

ՔՊ-ից խոստովանեցին, որ կեղծիք է եղել