27/09/2025

Եվրամիությունը չի կատարելու Թրամփի պահանջը․ Ուրսուլա ֆոն դեր Լեյեն

Եվրամիությունը առաջնորդվելու է սեփական շահերով եւ չի պատրաստվում ավտոմատ կերպով 100 տոկոսանոց մաքսատուրքեր սահմանել Հնդկաստանի եւ Չինաստանի դեմ՝ միայն այն բանի համար, որ կատարի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պահանջը։

Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։ «ԵՄ-ն սեփական քայլերը կանի։ Այդ խնդրանքը կապված է նախագահ Թրամփի՝ Ռուսաստանի վրա ճնշումն ավելացնելու ցանկության հետ։

Գիտենք, որ այդ՝ ավելի ու ավելի բարդացող աշխարհաքաղաքական իրավիճակում պետք է ամրապնդենք մեր գործակցությունը՝ հիմնված ընդհանուր շահերի վրա»,- ասել է ԵՀ նախագահը։

Նա նաեւ ասել է, որ Հնդկաստանի դերակատարությունը՝ Հնդկա-Խաղաղօվկիանոսյան ռեգիոնի անվտանգության ապահովման հարցում օրըստօրե աճում է եւ ԵՄ գործակցությունն այդ երկրի համար չափազանց կարեւոր է։

«Հենց դրա համար էլ հայտարարեցինք Հնդկաստանի հետ մեր ռազմավարական օրակարգի մասին, որը առաջնային կդարձնի փոխադարձ մեր պաշտպանական համակարգերի ամրապնդումն ու անվտանգության ապահովումը։

Մինչեւ այս տարվա վերջ պատրաստվում ենք ազատ առեւտրի համաձայնագիր կնքել Հնդկաստանի հետ, որը օգուտներ կբերի երկու կողմերի ձեռնարկություններին էլ։

Վերջնական արդյունքում այդ համաձայնագիրը եւ նմանատիպ այլ համաձայնագրեր եւս ամրացնում են մեր գեոպոլիտիկ դիրքերը՝ թույլ տալով հասնել մեր նպատակներին»,- ասել էր ֆոն դեր Լեյենը։