ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է, որ սրտամկանի սուր ինֆարկտի «Ստենտ՝ կյանքի համար» ծրագիրն ընդլայնվել է:
«Հատկապես կյանք փրկող ծրագրերի բարելավումն ու ընդլայնումը մշտապես մեր ուշադրության կենտրոնում է:
Փոփոխության արդյունքում սրտամկանի ինֆարկտ ախտորոշված ավելի շատ պացիենտներ այսուհետև հնարավորություն կունենան պետական ծրագրով անվճար վիրահատվելու:
Եթե մինչ ծրագրի ընդլայնումը շահառուներ էին հանդիսանում սրտամկանի կոնկրետ տեսակի ինֆարկտով պացիենտները, օգոստոսի 1-ից բոլոր տեսակի ինֆարկտներով հիվանդները կարող են ստենտավորվել (վիրահատվել) պետական պատվերով, եթե նրանց կլինիկական, բժշկական ցուցանիշները բավարարում են ծրագրի չափորոշիչներին:
Պետք է նշեմ, որ դեռ պլանային ստենտավորման հնարավորությունը գործում է միայն սոցիալական որոշ խմբի շահառուների համար: Մեր նպատակն է, որ հաջորդիվ այս մասով ևս ընդլայնվի հնարավորությունը:
Իսկապես բավարարված եմ զգում, երբ մեզ հաջողվում է ներդնել կամ ընդլայնել պետական որևէ ծրագիր, որը հատկապես ուղղված է կյանքը փրկելուն, և դա հնարավոր է միայն մեր բոլորի վճարած հարկերի շնորհիվ:
Հիշեցնեմ, որ միայն նախորդ տարի «Ստենտ՝ կյանքի համար» ծրագրով պետական պատվերի շահառուի կարգավիճակ չունեցող 2682 անձ անհապաղ հետազոտվել և ստենտավորվել է»,- գրել է նախարարը:

Բաց մի թողեք
Ավանեսյանը՝ Հայաստանում կեղծ դեղերի ահազանգերի մասին
Բուժհաստատությունները ՀԴՄ կտպեն, կտրոնի տրամադրումը բժշկական բոլոր ծառայություններից օգտվելիս
ՀՀ կառավարությունը աշխատանքներ է տանում Գազայից երեխաների բուժումը ՀՀ-ում շարունակելու ուղղությամբ