16/10/2025

Հայաստանը Եվրոպայի հետ ֆիզիկական սահման չունի, սահման չունի նաև ԵԱՏՄ անդամ ոչ մի պետության հետ

Մոլդովան եվրոպական ընտրություն կատարեց, որովհետև Եվրոպայի հետ ֆիզիկական սահման ունի: Ֆեյսբուքում գրել է հայ օգտատերը և ավելացրել, որ Հայաստանի արևմտամետ ուժերին չի հավատա, քանի դեռ նրանք ցույց չեն Եվրամիության հետ ֆիզիկական կապի ճանապարհը:

Ըստ երևույթին, նա տրամադրված է եղել այնպես, որ մեկը կպատասխանի. «Կօգտագործենք Թուրքիայի լոգոիստիկ հնարավորությունները»,- իսկ ինքն առիթ կունենա գոհունակությամբ արձանագրելու, որ «Հայաստանը գնում է ոչ թե Եվրապա, այլ՝ Թուրքիա»,- բայց մեկնաբանողը դիվանագիտական պատասխան է գտել. «Վրաստանի հետ նորմալ հարաբերություններ ենք հաստատում և օգտվում Փոթի – Բուրգաս լաստանավային հաղորդակցությունից»:

Եվրամիությանն անդամագրվելու մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է ՄԱԿ-ի ամբիոնից: Ի՞նչ զարգացում կունենա գործընթացը՝ ցույց կտա ժամանակը:

Պետք է ուշադրություն դարձնել Փաշինյանի այն մտքի վրա, որ Հայաստանի անմիջական հարևաններից երկուսը ԵՄ անդամության թեկնածու են: Խոսքը Վրաստանի և Թուրքիայի մասին է:

Այդ երկրները ե՞րբ կանդամակցեն Եվրամիությանը, առհասարակ կանդամակցե՞ն՝ աշխարհաքաղաքական ներկայիս չափազանց բարդ իրավիճակում դժվար է կանխատեսել:

Մտահոգությունը, որ Հայաստանը Եվրոպայի հետ ֆիզիկական սահման չունի, բայց Հայաստանը ֆիզիկական սահման չունի նաև ԵԱՏՄ անդամ ոչ մի պետության հետ և, այդուհանդերձ, շարունակում է մնալ այդ կառույցի անդամ, միաժամանակ զարգացնելով Ռուսաստանի հետ առևտրա-տնտեսական համագործակցությունը:

ՄԱԿ-ում Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ Մոսկվայում բանակցություններից հետո: Կարելի է զգուշորեն ենթադրել, որ Եվրամիության հետ Հայաստանի հարաբերությունների հարցում Մոսկվան սկզբունքային մտահոգությունն չունի կամ Երևանին հաջողվել է մի զգալի մասով փարատել դրանք:

Հայաստանի եվրոպական ընտրությունը քաղաքական քմահաճույք կամ ուժային բևեռներից մեկին նախապատվություն տալու, մյուսին անտասելու մասին չէ, այլ՝ քաղաքակրթական և անվտանգային ընդհանրության: Դա նաև հարեւանների հետ հարաբերություններում դիվանագիտական հավելյալ ռեսուրս է:

Այստեղ արդեն ֆիզիկական սահմանի հարց չկա: Որովհետև Հայաստանը խաղաղություն է կառուցում: Ֆիզիկական սահմանը, մինչդեռ, բուն նշանակությամբ ծնում է կոնֆրոնտացիոն միջավայր: Հայաստանը քաղաքակրթական ընդհանրությունների սահմանի կարիք ունի: