15/10/2025

Տեսե՛ք, թե մենք ում ենք ընտրել ՀՀ վարչապետ. Վարդան Ղուկասյանի պատասխանը Նիկոլ Փաշինյանին

«Ես չեմ իջնի նրանց մակարդակի, «շպրտվի» բառին համահունչ չեմ պատասխանի, բայց նրանց մեկ առ մեկ կարող եմ պատասխանել։ Եթե ՀՀ վարաչապետը 6 անգամ քաղաքապետ ընտրված, 2 անգամ ԱԺ պատգամավոր ընտրված մարդուն ասում է՝ «պետք է դուրս շպրտվի», ուղղակի հայ ժողովրդին ուզում եմ ասել՝ տեսե՛ք, թե մենք ում ենք ընտրել ՀՀ վարչապետ»,- այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը՝ արձագանքելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին:

«Սրանք երկու օր է խառնվել են իրար, ասում են՝ Վարդան Ղուկասյանը չի իջնում ամբիոնից։ Ես ուզում եմ հասկանալ՝ սրանք ուրիշ բան ու գործ չունեն, մեր երկիրը արտաքին ու ներքին խնդիրների առաջ է կանգնած։ Վարդան Ղուկասյանն ի՞նչ վատ բան է ասել, այդ ո՞վ է անկախության, Հայաստանի պետականության հետ կապված որևէ բան ասել։ Երբ ասում եմ միություն, այդ միությունը Հայաստանի պետականությունն է պաշտպանելու։ Եթե Ռուսաստանը, ԱՄՆ–ն կամ որևէ այլ երկիր հայոց պետականության նկատմամբ ոտնձգություն անի, իմ ոխերիմ թշնամին կդառնա։ Բայց ես հիմա նորից նույն խոսքերն եմ ասում՝ հայոց պետականությունը պահելու համար, մենք պետք է որևիցե մի միության մեջ։ Ոչ այն սկզբունքով, որ դառնանք գուբերնիա։ Ես ասել եմ՝ ով իմ այս խոսքերին հակադարձի, քոմենթներ գրի փողով, սրիկա շան որդի է, թուրքահպատակ։ Ես դա եմ ասել ու չեմ փոշմանել»։

Գյումրիում ընտրություններին «ընտրակաշառք բաժանելու» մեղադրանքներին ի պատասխան էլ՝ Ղուկասյանը նշել է․ «Արցախը տվեցիք, Արցախի անունը չեք տալիս, Գյումրու ընտրություններում պարտվել եք, գիշեր-ցերեկ Գյումրիի մասին եք խոսում։ Ասում եք՝ ընտրակաշառք․ ո՞վ չգիտի, որ դուք եք բաժանել ընտրակաշառք ։ Ամբողջ քաղաքը ձեր ընրակաշառք բաժանելու մասին է խոսում։ Մի մարդուն 60 հազար դրամ փող եք տվել, բա «Վիվարոյի» ձեր գումարները ․․․ ՔՊ-ականներին բերել, լցրել էիք էստեղ, ավտոբուսներով էդքան մարդ էիք բերում, փաստ ունեմ՝ մի տան վրա 57 մարդ եք գրանցել։ Բա, էդ ովքե՞ր էինք դրանք անողները ․․․»։

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ կառավարություն հարցուպատասխանի ժամին Փաշինյանը հայտարարել էր. «Արդեն 6 ամիս է, որ Գյումրին կառավարում է մի կլան, որի ղեկավարը, կամ շատերն են ճանաչում՝ Վարդանիկը, կամ ըստ մեղադրանքի համայնքային բրուշատկաներ գողացողի հայրը այս ընթացքում այնքան է իրեն արդեն թույլ տվել արտահայտություններ, որ վերջերս հրապարակային կերպով կասկածի տակ դրեց Հայաստանի ինքնիշխանությունը։ Ես կարծում եմ, որ ՀՀ ինքնիշխանության դեմ հայտարարություն անողներին մենք պետք է ուղղակի դուրս շպրտենք քաղաքական ու հանրային դաշտից։ Դա պետք է անենք քաղաքական մեթոդներով և բոլոր այն մեթոդներով, որոնք կարելի է կիրառել ժողովրդավարական երկրում։ Ես համոզված եմ, որ դա տեղի կունենա»։

«Արցախը տվեցիք, Արցախի անունը չեք տալիս, Գյումրու ընտրություններում պարտվել եք, օր ու գիշեր Գյումրիի մասին եք խոսում։ Ասում եք ընտրակաշառք, ո՞վ չգիտի, որ դուք եք ընտրակաշառք բաժանել։ Բոլոր լրագրողները տեսել են, ամբողջ քաղաքը ձեր ընրակաշառք բաժանելու մասին է խոսում։ Դեպքեր են եղել, երբ մի մարդուն 60 հազար դրամ փող եք տվել»,-ասել է Վարդան Ղուկասյանը։