Սեպտեմբերին Նեպալում երիտասարդները լայնամասշտաբ բողոքի ցույցեր անցկացրեցին, որոնք բերեցին քաղաքական լուրջ փոփոխությունների: Պատճառը կառավարության որոշումն էր՝ արգելել սոցիալական ցանցերը:
Այդ ցանցերում մշտապես գրվում էր իշխանությունների «թալանի» եւ շվայտ կյանքի մասին, եւ կառավարության նյարդերը, հավանաբար, տեղի տվեցին: Իզուր:
«Ժողովուրդը» (ինչպես էլ հասկանանք այդ ծամծմված բառը) այսօր չի կարող ապրել առանց սոցցանցերի: Իսկ արդյո՞ք նման բողոքները 100 տոկոսով ինքնաբուխ են, հնարավոր չէ՞ արդյոք դրանք կազմակերպել եւ ներկայացնել որպես ինքնաբուխ: Իհարկե, հնարավոր է: Նույն սոցցանցերով կամ պարզապես SMS-ներով: Դա, ի վերջո, ռեսուրսի խնդիր է. կարելի է 1000 կամ 10 000 հատ ֆեյք, կիսաֆեյք կամ մասամբ նաեւ՝ ճշմարիտ հաղորդագրություն ուղարկել եւ «ժողովրդի կարծիքը» պատրաստ է:
Բավարար է հմուտ, կազմակերպված, պրոֆեսիոնալ ձեւով շրջանառության մեջ դնել, պայմանականորեն ասած, «Սաշիկի 50/50-ը», եւ «ինքնաբուխ բողոքը»՝ «ակտիվիստների» գործուն աջակցությամբ հսկայական թափ կհավաքի: Քանի որ հայաստանյան համապետական ընտրություններին մի քանի ամիս է մնացել, «ժողովրդական կարծիք» ձեւավորելու նման դեպքեր, ենթադրում եմ, մեզանում շատ են լինելու: Վերջին դեպքն այս շաբաթվա սկզբում էր:
ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանն ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել: Այդ հայտն ազդարարող տեսահոլովակի՝ համացանցում հայտնվելուց բառացիորեն րոպեներ հետո իշխանության (որը բնական է) եւ ընդդիմության մի մասի ներկայացուցիչները սկսեցին նրան վարկաբեկել՝ «այսինչի մարդն է», «այնինչի պրոյեկտն է», «այսինչի կողմից է ֆինանսավորվում»:
Այդ փաստը վկայում է երկու բանի մասին.
ա/ ընդդիմադիր որոշ շրջանակներ Թաթոյանին մրցակից են համարում,
բ/ ընդդիմադիր ճամբարում դեռեւս չկա համաձայնություն՝ քննադատական ողջ ներուժը կենտրոնացնել Փաշինյանի վրա, իսկ մնացած հարցերում, այո, բանավիճել, բայց չփորձել իրար «փչացնել»:
Ինչու են մարդիկ հույս դնում «փչացնելու», ոչ թե բովանդակային բանավեճի վրա:
Շատ պարզ. դա արդյունավետ գործիք է, որն ընդսմին ոչ մի լուրջ մտավոր ճիգ չի պահանջում: Իսկ խորքում այն մեխանիզմն է, որի մասին գրել եմ սկզբից: Եթե 10.000 ֆեյք ուղարկեք, որ X անձնավորությունը, ենթադրենք, ամեն օր նախաճաշին մարդկային արյուն է խմում, «ժողովուրդը» դրան կհավատա:
Եվ չկա որեւէ հեղինակություն, որի ասածը կարող է այդ լուրը հերքել: Մարդիկ պատրաստ են հավատալու ամեն մի անհեթեթության:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Բաց մի թողեք
Թրամփի և Փաշինյանի զարմանալի հանդիպման մասին ու լուսանկարների համեմատություն․ Սիմոն Սարգսյան
7 ու կես տարի անց. 2018-ի հեղաշրջումն ու ժողովրդավարության ճգնաժամը Հայաստանում
Երեւանի քաղաքապետարանի` գողական «պանյատներով» առաջնորդվող պաշտոնյան, փաստորեն քաղաքական աջակցություն է ստացել ․․․