Հյուսիսային Ամերիկայի Հայ առաքելական եկեղեցու թեմակալ առաջնորդները կոչով դիմել են ՀՀ իշխանությանը և մտահոգություն հայտնել ՀՀ-ում տեղի ունեցող վերջին ձերբակալությունների կապակցությամբ։
Հայտարարությանը միացել են Արևմտյան թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը, Արևելյան թեմի առաջնորդ Մեսրոպ եպիսկոպոս Պարսամյանը և Կանադահայ թեմի առաջնորդ Աբգար եպիսկոպոս Հովակիմյանը։
«Ձերբակալված հոգևորականները ճանաչված են իրենց նվիրումով, խոնարհությամբ և ժողովրդին ու Ավետարանին ծառայությամբ։ Նման վերաբերմունքը վտանգի տակ է դնում մեր ազգի բարոյական և հոգևոր հիմքերը, խաթարում է եկեղեցու սրբազան դերը մեր ազգային կյանքում»,- նշված է հայտարարության մեջ։
Նրանք ՀՀ իշխանություններին հորդորել են ապահովել արդարություն, թափանցիկություն և օրենքի պատշաճ կատարում, հարգել Հայ եկեղեցու պատմական անկախությունն ու սրբազան առաքելությունը։
Թեմակալ առաջնորդները շեշտել են, որ այս դժվարին պահին միասնաբար կանգնում են Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի, հոգևորականության և բոլոր հավատացյալների կողքին՝ թե՛ Հայաստանում, թե սփյուռքում։
Հոգևորականները հրավիրել են միասնական աղոթքի՝ իմաստնության, խաղաղության, հայրենիքում վստահության և միաբանության վերականգնման համար։
Հիշեցնենք` հոկտեմբերի 15-ի վաղ առավոտյան իրավապահները խուզարկություն էին իրականացրել Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի տանը, ապա բերման ենթարկել նրան։ Սրբազանից բացի, բերման էին ենթարկվել նաև Արագածոտնի թեմի 12 քահանաներ և առաջնորդարանի աշխատակիցներ։ Ավելի ուշ ՔԿ–ն հայտնեց, որ 3-ը ձերբակալվել են, որոնցից մեկը թեմի առաջնորդն է։
Նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՔՕ 2 հոդվածներով՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով ընտրական իրավունքի իրականացումը խոչընդոտելը, իշխանական կամ ծառայողական լիազորություններն օգտագործելով հավաքներին մասնակցելուն հարկադրելը։


Բաց մի թողեք
Նիկոլ Փաշինյանը փորձեց Արմեն Գրիգորյանի սիրտը շահել, Ալեն Սիմոնյանն՝ անտեսվեց
Ովքե՞ր են վարում և ովքե՞ր են երգել Ալեն Սիմոնյանի հարսանիքին
«Հաղթանակն այլընտրանք չունի»․ Բագրատ Սրբազան