19/10/2025

Երկու կարևոր հանգամանք

Բոլորովին կարեւոր չէ` դուք Հայ առաքելական եկեղեցու զավա՞կ եք, աթեի՞ստ, թե՞ Ավետարանական եկեղեցու հետեւորդ: Կարեւոր չէ նաեւ, թե վերջին անգամ երբ եք եկեղեցի այցելել, մոմ վառել, աղոթք արել:

Հրապարակ թերթը գրել է․ Բացարձակ կարեւոր չէ` զզվո՞ւմ եք սքեմ կրող հոգեւորականներից, թե՞ պաշտում նրանց, Վեհափառին համարում եք Աստծո փոխանո՞րդը երկրի վրա, թե՞ ՀՀԿ-ի դրածոն` Վեհարանում:

Պետք է մի քանի բան գիտակցել:

Նախ` ոչ մեկի նկատմամբ չպետք է ապօրինի հետապնդում իրականացվի, եւ առողջ հասարակությունում պաշտպանում են բոլորին` անգամ իրենց համար մերժելի, ատելի մարդկանց, որովհետեւ, երբ իրավապահ համակարգը վերածվում է ռեպրեսիվ մեքենայի, եւ օրենքը դադարում է գործել, ոչ ոք երաշխավորված չէ այդ մեքենայի անիվների տակ հայտնվելուց:

Եվ պետք է գիտակցել` եթե իշխանությունը համարձակվում է օրենսդրորեն իրենից անկախ համակարգի վրա նման գրոհ ձեռնարկել, եթե չի վախենում քրիստոնյա հայերի զայրույթից եւ քաղաքակիրթ աշխարհի պարսավանքից, ուրեմն նա հատել է խոհեմության բոլոր սահմանները եւ չափազանց վտանգավոր է դարձել մեր հասարակության համար:

Մայր Աթոռի եւ հոգեւորականների դեմ ձեռնարկված այս նողկալի արշավը խոսում է այն մասին, որ այս իշխանությունը ոչ միայն Արցախից ազատվեց, մեր անվտանգությունը դարձրեց խոցելի, հիմա էլ մեր արժեհամակարգն է փորձում վերաձեւել, այլ սկսել է Հայաստան պետության ինստիտուտները մեկիկ-մեկիկ ոչնչացնելու գործընթաց:

Վաղը նրա թիրախում կարող է հայտնվել փաստաբանական կամ լրագրողական համայնքը:

Երեկ արդեն հայտնի փաստաբաններից մեկին էր ԱԱԾ-ն բերման ենթարկել: Մյուս օրը նա կարող է թիրախավորել հայտնի բժիշկներին ու դասախոսներին: Հետո կարող է գալ այն գրողների, բանաստեղծների, նկարիչների հերթը, որոնք համարձակվել են իրեն քննադատել: