Վերջին օրերին համացանցում տարածված մի տեսանյութ նոր լույս է սփռում միջազգային մրցակցության և Հայաստանի շուրջ ձևավորված իրավիճակի վրա։
«Փաստ» օրաթերթը գրում է. Տեսանյութը, որը, ըստ ամենայնի, պատրաստել են USAID-ի՝ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ներկա կամ նախկին աշխատակիցներ, ներկայացնում է սուր քննադատություն սեփական ղեկավարության հասցեին՝ մեղադրելով ռազմավարական սխալների և Բրիտանիայի ազդեցությունը չզսպելու մեջ։
Հոլովակի հեղինակները պատմում են, որ տարիներ շարունակ հավատացել են իրենց առաքելությանը՝ աջակցել ժողովրդավարությանը, քաղաքացիական հասարակությանը և ազատ ընտրություններին տարբեր երկրներում, այդ թվում՝ Հայաստանում։ Սակայն հիմա նրանք փաստում են՝ այդ ծրագրերը վերածվել են աշխարհաքաղաքական պայքարի դաշտի, որտեղ ԱՄՆ-ը նահանջում է, իսկ Բրիտանիան աստիճանաբար ստանձնում է գլխավոր դերակատարությունը։
Տեսանյութում նշվում է, որ հենց Լոնդոնի կողմից է մշակվել Հայաստանի համար «ճանապարհային քարտեզ», որը ենթադրում է Արցախի վերջնական կորուստ, Թուրքիայի հետ հարաբերությունների արագ «նորմալացում» և Հայաստանի օգտագործում՝ որպես ռազմական ու քաղաքական հարթակ տարածաշրջանային մրցակցության մեջ։ «Բրիտանացիներին չեն հետաքրքրում ժողովրդավարությունը կամ մարդու իրավունքները. նրանց հետաքրքրում է միայն վերահսկողությունը և ազդեցության տարածումը», — ընդգծում են հեղինակները։
Տեսանյութի ավարտին հնչում է հստակ մտահոգություն. Հայաստանը վերածվել է մեծ տերությունների հաշվարկների գործիքի։ Մինչ Վաշինգտոնում շարունակում են ներքաղաքական պայքարը, մեր երկիրը դառնում է արտաքին ազդեցությունների թատերաբեմ, որտեղ որոշումները հաճախ ընդունվում են ոչ թե Երևանում, այլ օվկիանոսի այն կողմում։
Այս ամենը նորից հիշեցնում է դառը իրականությունը. Հայաստանը շարունակում է մնալ աշխարհաքաղաքական փորձադաշտ, որտեղ արդեն բացահայտ խոսում են մեր ճակատագրի մասին, բայց՝ ոչ մեզ համար։






Բաց մի թողեք
Նրանք ուզում են գողանալ հոգևորների հոգին՝ տաճարը դարձնելով աշխարհիկ կլուբ
Որքան շատանում են վարույթները, այնքան ավելի վատ են աշխատում քննիչները
Մանվել Գրիգորյանի փեսային տուգանել են