27/10/2025

Տոկաև-Ալիև բանակցությունների շատ էական մանրամասնությունները` «վարագույրից այն կողմ»

Աստանայում կայացել են Ղազախստանի և Ադրբեջանի նախագահների դեմ առ դեմ բանակցությունները: Tegrinews-ը, հղում անելով Ղազախստանի նախագահի գրասենյակին, փոխանցել է Կասիմ Ժոմարթ Տոկաևի և Իլհամ Ալիևի մուտքի խոսքի էական հատվածները:

Ըստ այդմ, կողմերը համամիտ են, որ ղազախները և ադրբեջանցիները «եղբայրներ են», իսկ երկու պետությունների հարաբերությունները կրում են «ռազմավարական գործընկերության բնույթ»:

Դատելով Տոկաևի և Ալիևի ելույթների շեշտադրումներից, կողմերը պատրաստ են համագործակցությունը շարունակել առևտրատնտեսական, կոմունիկացիոն և հոգևոր-մշակութային ոլորտներում:

Սպասվում է, որ կգումարվի նաև միջպետական Բարձագույն խորհրդի նիստ, որից հետո տեղի կունենա համապատասխան փաստաթղթերի ստորագրություն: Որքանով դիտարկվում է, դրանք միջգերատեսչական բնույթի են: Ըստ հաղորդագրության, կողմերը «կանդրադառնան նաև գլոբալ և տարածաշրջանային հրատապ խնդիրների», բայց Տոկաև-Ալիև համատեղ քաղաքական հայտարարություն չի սպասվում:

Այսպիսով, կարելի է ենթադրել, որ Ղազախստանը և Ադրբեջանը ռազմավարական դաշնակցային համագործակցության ճանապարհի առաջին քայլերն են անում՝ դեռևս շեշտը դնելով տնտեսական և կոմունիկացիոն ծրագրերի համատեղման վրա: Տպավորություն է, որ քաղաքակրթական ընդհանրության այն «մատրիցան», որ առաջադրում է Ղազախստանի նախագահը՝ թուրքական ինքնության հայրենիք հռչակելով «ղազախական տափաստանը», Ալիևի համար, մեղմ ասած, «հաճելի չէ»:

Բաքվում ավելի քան կես դար առաջ «գիտականորեն մշակվել է» Կովկասում ադրբեջանցիների «նախաբնիկության տեսությունը», որից Ալիևը չի կարող հրաժարվել, քանի որ դա Ադրբեջանի ազգային-պետական ինքնության համար անկասկած հետևանքներ կունենա:

Ղազախստանը և Ադրբեջանը մրցակիցներ են նաև Թուրքիայից հետո երկրորդը ճանաչվելու Կասպյան-Կենտրոնական Ասիա տարածաշրջանում թուրքական աշխարհի «հանգուցակետ» լինելու, ինչպես նաև Ռուսաստանի հետ հարաբերություններում «առաջնայնության» հարցերում:

Անշուշտ, Տոկաև-Ալիև բանակցությունների շատ էական մանրամասնությունները մնացել են պաշտոնական հաղորդագրության «վարագույրից այն կողմ» և չափազանց դժվար է ենթադրել, թե աշխարհաքաղաքական և տարածաշրջանային անվտանգության հարցերում նրանք ինչ «հայտարարի կարող են գալ» կամ, ընդհակառակը, «միմյանցից հեռանալ»:

Բայց ընդհանուր տպավորություն է, որ սկզբունքային հարցերում Բաքուն և Աստանան մեծ զգուշավորություն են պահում: