Բաքվում ընթանում է «Կրոնական կրթության ժամանակակից մոդելները հոգևոր արժեքների և գլոբալ մարտահրավերների համատեքստում» անվանում ստացած «միջազգային գիտաժողով», որի բացմանը ներկա է գտնվել և ներածական խոսք է ասել Ադրբեջանի կառավարությանն առընթեր Կրոնական կազմակերպությունների հետ աշխատանքների կոմիտեի նախագահ Ռամին Մամեդովը:
«Այսօր մենք փնտրում ենք մի շատ կոնկրետ և գերկարևոր հարցի պատասխան՝ հնարավո՞ր է ադապտացվել նոր իրողություններին և միաժամանակ անփոփոխ պահել հոգևոր ժառանգությունը, սովորույթները և արժեքները»,- հռետորական հարցադրում է արել ադրբեջանցի պաշտոնյան, որի գնահատմամբ՝ դրանից է կախված, թե կրոնական կրթության ի՞նչ մոդելներ պետք է ընտրվեն:
Ի վերջո, նա ընդհանրացրել է, որ «պետք է ավանդույթների և ժամանակի մարտահրավերների միջև ընտրել ոսկե միջինը, որը թույլ կտա հաջողությամբ իրացնել ռազմավարական խնդիրը, այն է՝ պահպանել հոգեւոր արժեքները և պատրաստվել գլոբալ երկխոսության»:
Արտաքին քաղաքականության և անվտանգային միջավայրի հարցերում Ադրբեջանն արդեն իսկ լրջորեն բախվում է իսլամական ինքնության, մուսուլմանական համերաշխության և աշխարհիկ քաղաքակրթական արժեքների միջև երկընտրանքի: Դրա լավագույն վկայությունը Պաղեստինի, իսրայելա-արաբական հակամարտության հարցերում Բաքվի պաշտոնական դիրքորոշման երկվությունն է:
Ըստ երևույթին, Ալիևը խիստ մտահոգված է, որ «արդարացի հաղթանակի» քարոզչությունը միջազգայնորեն չի լեգիտիմացվում, մնում է իսլամական և թուրքախոս պետությունների ընկալումների տիրույթում, իսկ դա իրավիճակի փոփոխության դեպքում կարող է խնդիրներ հարուցել, ինչը ստիպում է մնալ մի ճամբարում, որի վարկանիշը, մեղմ ասած, բարձր չէ:
Մյուս կողմից առկա է ներքին իրավիճակը կառավարելի պահելու գերխնդիր: Ադրբեջանցի մի շարք փորձագետներ կարծում են, որ եթե Ալիևը քաղաքական բարեփոխումների չգնա և ներքին կյանքը չազատականացնի, ապա «կհասունանա իսլամական հեղափոխության սպառնալիքը»:
Վերջին տարիներին Ադրբեջանի իշխանությունները տոտալ վերահսկողություն են սահմանել անխտիր բոլոր կրոնական կազմակերպությունների և մուսուլմանական «համայնքների» նկատմամբ:
Մզկիթների և մյուս աղոթատեղիների կրոնական սպասավորները նշանակվում է Կրոնական կազմակերպությունների հետ աշխատանքների հարցով կոմիտեի կողմից և վարձատրվում որպես պետական ծառայողներ: Երևում է, այդ խստությունները դժգոհություններ են առաջացնում:
Ադրբեջանի քաղաքակրթական ընտրությունն, իհարկե, նրա ներքին գործն է, բայց դա կարող է ազդել հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացին: Խաղաղությունը ենթադրում է նաև հոգևոր-մշակութային, քաղաքակրթական երկխոսություն:






Բաց մի թողեք
Թուրքիան փաստացի մտել է նախընտրական շրջան` Էրդողանի պարտությամբ
Պուտինը կկորցնի Չինաստանի հովանավորությունը
Ադրբեջանական «խաղաղարարությունը» կարող է վտանգել նաև իրանա-ադրբեջանական հարաբերությունները