«Երեկ փոխանցել էին, որ ԿԶՆԱԿ (Կրթության զարգացման եւ նորարարությունների ազգային կենտրոն) հիմնադրամի կրթական նորությունների եւ հետազոտության վարչության պետ Լիլիթ Մկրտչյանը նշանակվել է Մանկավարժական համալսարանի ռեկտորի ժ/պ: Այսօր հայտնի դարձավ այդ մասին պաշտոնապես:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ով համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահն է եւ պետք է հավասարապես պատասխանատվություն կրեր իր կողմից երաշխավորված ռեկտորի արարքների համար, երեկ որոշել է դադարեցնել ռեկտոր Սրբուհի Գեւորգյանի լիազորությունները:
Բայց մի սկանդալից դուրս չեկած՝ նախարար Անդրեասյանը հաջորդ սկանդալի կիզակետում է հայտնվել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Մանկավարժական համալսարանի ռեկտորի ժ/պ նշանակված Մկրտչյանը դեռեւս 2020 թվականին մի սկանդալում էր հայտնվել. նա թուրք պատմաբանների հետ համատեղ ծրագրի էր մասնակցել եւ ստորագրել մի ձեռնարկի տակ, որտեղ, օրինակ, Հայկական լեռնաշխարհը «Արեւելյան Անատոլիա» կամ «Կովկաս» է անվանվում:
Այդ ժամանակ անգամ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրենը պատրաստվում էր այս հարցով դիմել ԱԱԾ: Ինքը` Մկրտչյանը, իր հարցազրույցներում երբեք չի հերքել այդ տեղեկությունը, ավելին՝ հայտարարել էր. «Եթե ժամանակին գործընկերներս արձագանքեին ու նույն ջանասիրությամբ բացթողումները մատնանշեին, գուցե 2019 թվականին, երբ լույս է տեսել գիրքը, շատ ավելի օգտակար աշխատություն ունենայինք, ինչի համար շնորհակալ կլինեի, բայց կուզեմ, որ այս երկու գործընթացները իրար հետ ամենեւին չխառնեն, որովհետեւ իրար հետ կապ չունեն»:
Երեկ կրթական համակարգի ներկայացուցիչները շոկի մեջ էին, որ նախարարը նման որոշում է կայացրել:
Հիշեցնենք, որ ուրբաթ օրը՝ հոկտեմբերի 17-ին, Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել էին Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորը եւ պրոռեկտորը: Վերջիններս մեղադրվում են համալսարանի տարբեր աշխատակիցներից կազմված հանցավոր կազմակերպություն ստեղծելու եւ ղեկավարելու, առանձնապես խոշոր չափերով վատնում եւ խարդախություն կատարելու, ինչպես նաեւ կաշառք ստանալու համար: Քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են նաեւ համալսարանի մի շարք այլ աշխատակիցներ։ Հայտնել էինք նաեւ, որ արդեն նախկին ռեկտոր Սրբուհի Գեւորգյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք եւ 20 մլն դրամի չափով գրավ։ Գեւորգյանը նախարար Ժաննա Անդրեասյանի մտերիմ ընկերուհին է ու նրա վստահությամբ էր ռեկտոր նշանակվել»։







Բաց մի թողեք
Նրանք ուզում են գողանալ հոգևորների հոգին՝ տաճարը դարձնելով աշխարհիկ կլուբ
Որքան շատանում են վարույթները, այնքան ավելի վատ են աշխատում քննիչները
Մանվել Գրիգորյանի փեսային տուգանել են