Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն կտրկանապես դեմ է Գազայում Միջազգային կայունացնող ուժերին Թուրքիայի մասնակցությանը, որ առաջարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
Իսրայելի վարչապետի գրասենյակից The Times of Israel պարբերականի հարցմանը, թե «ինչպե՞ս են կարգավորվելու այդ հարցում ԱՄՆ-ի հետ տարաձայնությունները»,- միանշանակորեն պատասխանել են: «Որևէ տարաձայնություն չկա, առաքելությանը թուրքական մասնակցություն չի լինելու»:
Նախօրեին Գազայում թուրքական զինվորական ներկայության մասին հարցին ԱՄՆ փոխնախագահ Վենսը խուսափողական պատասխան է տվել: «Մենք Իսրայելի կառավարությանը ոչինչ չենք պարտադրի, բայց պետք է ընդունենք, որ թուրքերն օգտակար գործ են կատարել»:
Ավելի վաղ իսրայելական աղբյուրները հայտնել են, որ իսրայելա-պաղեստինյան հրադադարի համաձայնությունը ձեռք է բերվել նաև շնորհիվ ՀԱՄԱՍ-ի հետ թուրքական կողմի աշխատանքի:
Israel Hayom-ի տեղեկացվածությամբ, Նաթանյահուն «վճռականապես մերժել է նաև Գազայում վերականգնողական ծրագրերին թուրքական ընկերությունների մասնակցությունը և հայտարարել, որ «դա կարմիր գիծ է»»:
Նաթանյահուն դեմ է նաև Գազայում Կատարի ռազմական և ցանկացած այլ ձեւաչափով ներկայությանը, նրա գնահատմամբ, Թուրքիան և Կատարը «ոչ թե խաղաղության, այլ ապակայունացման աղբյուր են»:
Ինչ վերաբերում է Գազայում թուրքական ներկայության հարցով ամերիկյան հնարավոր ճնշումներին, ապա Իսրայելի վարչապետը Միացյալ Նահանգների փոխնախագահի ներկայությամբ լրագրողներին բառացիորեն հետևյալն է ասել: «Հրեական պետությունն ԱՄՆ-ի պրոտեկտորատը չէ, մենք ինքնուրույն արտաքին և անվտանգային քաղաքականություն ենք վարում»:
Արժե, թերևս, նկատել, որ Իսրայել այցի ընթացքում փոխնախագահ Վենսին ուղեկցել են ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ուիթկոֆը և նրա փեսա Քուշները, ովքեր ՀԱՄԱՍ-ի հետ հրադադարի բանակցություններում ուղղակիորեն ներգրավված են եղել:
Այս ֆոնին հայտնի է դարձել, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այցել է Դոհա և բանակցություններ վարել Կատարի էմիր ալ-Թանինի հետ: Ընդսմին, առանձին հանդիպում են ունեցել նաև կողմերի արտգործնախարարները:
Ձեռք բերված պայմանավորվածությունների կամ հավանական քայլերի մասին առայժմ տեղեկություն չի տարածվել: Համենայն դեպս, թուրքական մամուլը բավարարվել է ընդհանուր բնույթի ձևակերպումներով:
Իրավիճակի մասին կարելի է դատել ըստ ԱՄՆ փոխնախագահ Վենսի խոստովանության, որ ՀԱՄԱՍ-ի «զինաթափման հարցում բարդություններ են ծագել»: Պաղեստինյան խմբավորման այդ կեցվածքն արդյո՞ք Թուրքիան է հուշել կամ՝ Թուրքիան և Կատարը, թերևս վաղաժամ է ենթադրություն անել: Ակնկալվում է, որ առաջիկա օրերին Իսրայել կժամանի ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոն: Ամեն դեպքում, կարծես, բացահայտվում է, որ Էրդողանի համար «խաղաղարարի գլխարկը չափազանց ծանր է»:






Բաց մի թողեք
Երեկ Հովհանավանքում քաղաքացիներին սադրող քաղաքացիական անձինք ոստիկաններ են, լուսանկարներ, ֆեյսբուքյան էջեր
Եկեղեցին, կրոնը միշտ եղել և մնում է որպես նաև քաղաքական ազդեցության ինստիտուտ
Ալիևի համար կստեղծվի բավական բարդ ներքաղաքական կացություն