25/10/2025

Կարգալույժը շարունակում է ըմբոստանալ՝ հույսը դնելով աշխարհիկ իշխանության՝ Նիկոլ Փաշինյանի վրա

Երեկ ուշադիր դիտում էի կարգալույծ արված քահանայի պահվածքը Եկեղեցու ներսում և էլ ավելի  համոզվում՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ճիշտ վարվեց, երբ նրան կարգալույծ արեց։

Հրապարակ թերթը գրել է․ Դա ոչ թե պատիժ էր, այլ՝ հայրական խրատ, հոտին խնայելու և Եկեղեցուն պառակտումից զերծ պահելու քայլ։

Կարգալույծ եղած այս մարդը՝ որն այժմ արդեն շարքային քաղաքացի է, շարունակում է ըմբոստանալ՝ հույսը դնելով աշխարհիկ իշխանության՝ Նիկոլ Փաշինյանի վրա։ Բայց մարդը իր հույսը պետք է դնի ոչ թե մարդու, այլ Աստծո վրա։ Քանի որ Տերն է ասում․

«Թող անիծյալ լինի այն մարդը, ով մարդու է ապավինում և մարմինն իրեն բազուկ է դարձնում, իսկ նրա սիրտը հեռացել է Տիրոջից» (Երեմիա 17․5)

Կարգալույծ քահանան իր ապավինությունը գտավ ոչ թե Տիրոջ, այլ վարչապետի խոստումներում։ Նա տրվեց աշխարհիկ գայթակղությանը, մոռանալով, որ Աստծո սպասավորը չի կարող ծառայել երկուսին՝ և՛ Աստծուն, և՛ մարդկանց իշխանությանը։

Կարդում եմ նրա Ֆեյսբուքյան գրառումը, որով դիմում է Օհանավան, Ուշի և հարակից համայնքների հավատացյալներին։ Մի արտահայտություն  հուզում է ինձ․
«Խնդրում եմ ձեր աղոթքներում հիշել նաև ինձ»։

Անչափ ազնիվ ու սրտառուչ կլիներ այս խնդրանքը, եթե գրառման տակ ստորագրված լիներ՝ Ստեփան Գրիգորյան։ Բայց նա շարունակում է գրել՝ «Արամ քահանա Ասատրյան, Հովհաննավանքի հոգևոր հովիվ»։ Այսինքն՝ նա դեռ հույս ունի, որ Նիկոլ Փաշինյանը կբերի տասը հազար մարդ, որ իրեն կրկին վերադարձնի որպես քահանա՞։ Կարծում է, թե Եկեղեցու դեմ պատերազմ հայտարարելով կվերադարձնի իր նախկին դի՞րքը։ Թե սպասում է, որ վարչապետը կիրակի օրը կգա՝ մասնակցելու իր պատարագին․․․

Իսկ նրա ֆեյսբուքյան էջում հավատավոր մարդիկ՝ Քրիստոսի իսկ զավակները, գրում են նրա ներքո՝

«Դուք ինքներդ պատերազմ եք հայտարարել Եկեղեցուն, հավատավոր զավակներին։ Ձեր եսակենտրոն և ոչ քրիստոնեավայել վարքով վտանգի տակ եք դնում ձեր իսկ հոտը։ Իշխանության համար բութ գործիք դառնալը ձեզ ամեն օր նոր ցավ ու տառապանք է բերելու»։

Մեկ այլ մեկնաբանող գրում է՝

«Տեր Արամ ջան, լավ գիտես՝ Եկեղեցին մեր Տիրոջ Մարմինն է։ Թույլ մի տուր, որ իշխանությունը քեզ գործիք դարձնի՝ հարվածելու մեր Սուրբ Եկեղեցուն։ Սուրբ Հովհաննես Մկրտչի բարեխոսությամբ և Աստծո խոնարհությամբ դուրս արի Վանքից։ Հիշիր՝ Աստծո համար անհնարին ոչինչ չկա, և մի օրհնյալ օր Եկեղեցու օրհնությամբ նորից կվերադառնաս Վանք։ Ես հավատում եմ քեզ, իմ տղա»։

Ահա սա է ճշմարիտ հավատավորի խոսքը՝ սիրով, ոչ թե դատապարտությամբ լեցուն։

Սրանք են Քրիստոսի զավակները՝ ովքեր չեն շփոթում հույսը մարդու հետ, այլ ապավինում են Տիրոջը։