30/10/2025

Ի՞նչ նպատակ են հետապնդում ներքաղաքական «անդրկուլիսյան բեմադրությունները»

Պետական անվտանգության ծառայության աշխատակիցները ձերբակալ են «Huriet» թերթի, huriet.az կայքի և HurietTV առցանց հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Վյուգար Մամեդովին:

ՊԱԾ աշխատակիցները խուզարկություններ են ացկացրել ինչպես լրատվամիջոցների գրասենյակներում, այնպես էլ Մամեդովի վարձակալած բնակարանում: Նախնական տեղեկություններով, առգրավվել են համակարգիչներ, էլեկտրոնային կրիչներ և հեռախոսներ, ինչպես նաև փաստաթղթեր:

Պատկան որևէ մարմին առայժմ Մամեդովի ձերբակալության, նրան ներկայացված մեղադրանքի կամ որևէ քրեական գործում նրա ներգրավվածության մասին տեղեկություն չի հայտնել: Ենթադրվում է, որ նա ձերբակալվել է որպես նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհթիևի «տեղեկատվա-քարոզչական իմպերիայի առանցքային դեմք»:

Հոկտեմբերի 30-ին իշխանամետ haqqin-ը հայտնել է, որ ՊԱԾ աշխատակիցները «հատուկ գործողություն են իրականացնում Բելականի շրջանի գործադիր իշխանության նստավայրում»: Ըստ տեղեկությունների, շրջանի գործադիր իշխանության ղեկավար Իսլամ Ռզաևը և մի քանի աշխատակիցներ ձերբակալված են:

Իսլամ Ռզաևը Բելականի շրջանի գործադիր իշխանության ղեկավար է նշանակվել 2011 թվականին: Ադրբեջանի սահմանադրությամբ գործադիր իշխանությունը պատկանում է նախագահին, շրջանների և քաղաքների ղեկավարները նշանակվում և ազատվում են նրա հրամանագրով:

Առայժմ հայտնի չէ, թե ինչ մեղադրանքի կամ կասկածի հիման վրա է ձերբակալվել Բելականի գործադիր իշխանության ղեկավարը: Ամենայն հավանականությամբ, մամուլի ենթադրությունը, որ Իլհամ Ալիևը պետական կառավարման համակարգը «կմաքրի Մեհթիևի դրածոներից», իրականություն է դառնում:

Խնդիր է, թե «մաքարագործումն» ինչ ծավալի և խորության է ծրագրվում: Ալիևն, այո, բռնապետ է, բայց իշխանության բուրգն ամենևին էլ «մունջ հպատակների» վրա չէ կառուցված, այլ՝ բալանսավորված օլիգարխիայի, որի անդամներից յուրաքանչյուրն իր «տիրույթի Իլհամ Ալիևն է»: Նրանք պաշտոնանկվում են միայն մի դեպքում. երբ փորձում են «հայրենակալվածքում Ալիևից ավելի Ալիև լինել»:

Ալիևյան «մաքրագործումը» միայն ներքին, «միապետությունն ապահովագրելո՞ւ» խնդիր է լուծում, թե ունի նաև արտաքին քաղաքական իմա՞ստ, որքանո՞վ նրան կհաջողվի վերջնականապես ինքնահաստատվել: Եվ դա ի՞նչ ազդեցություն կգործի հայ-ադրբեջանական կարգավորման վրա:

Շուրջ մեկ ամիս է, ինչ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար, Գիտությունների ակադեմիայի նախկին նախագահ Ռամիզ Մեհթիևը դատարանի վճռով տնային կալանքի մեջ է: Նրա դեմ սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու և պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործ է հարուցված:

Իշխանամերձ APA գործակալությունը հրապարակել է «Մոսկվա հղած նրա նամակի լուսապատճենը», ինչից այդպես էլ պարզ չի դառնում, թե «պետական հեղաշրջման ծրագիրը» կոնկրետ ո՞ւմ է հասցեագրված: «Մուսավաթ» կուսակցության գործադիր քարտուղար Հաջիլին մամուլին ասել է, որ այդ «ծրագիրը շատ նման է այն առաջարկություններին», որ իրենք 2003թ. նախագահական ընտրություններին ընդառաջ ստացել են «Ազգային անկախություն» կուսակցության առաջնորդ Էթիբար Մամեդովից:

Ադրբեջանական տասնյակ լրատվամիջոցներ պնդում են, որ Միլլի մեջլիսում Ռամիզ Մեհթիևն ունի «սեփական խմբակցություն», նշվում են անուններ՝ Զահիդ Օրուջ, Էլման Նասիրով, Գյունեյ Աղամալի, Սամադ Սեիդով: «Փորձագիտական» տեսակետ է տարածվել, որ «Մեհթիևի խմբակցությունը լուծարելու միակ հնարավոր տարբերակը Միլլի մեջլիսի ցրումը և արտահերթ ընտրությունների անցկացումն է»:

Որոշ կայքեր տեղեկացնում են, որ գլխավոր դատախազության կոռուպցիայի դեմ պայքարի վարչությունը «մտել է Գիտությունների ակադեմիա և համալիր ստուգումներ է անցկացնում»: Ըստ այդմ, հարուցված է քրեական գործ: Յուրացումների և վատնումների մեջ կասկածվում է տրանսպորտի նախկին նախարարի եղբայր, խորհրդարանի նախկին պատգամավոր Էլթոն Մամեդովը, որ զբաղեցրել է ԳԱ տեխնապարկի տնօրենի պաշտոնը:

Այս ֆոնին մի շարք կայքեր տեղեկություն են տարածել, որ մոտ ապագայում Իլհամ Ալիևի հրամանագրով «կցրվի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, իսկ մինչև եկող տարվա մարտ կձևավորվի նորը»:

Ադրբեջանում տեղեկատվական հոսքերը խստորեն վերահսկվում են ինչպես Ալիևի աշխատակազմի, այնպես էլ Միլլի մեջլիսի «ապատեղեկատվության դեմ պայքարի» կոմիտեի և հատուկ ծառայությունների կողմից: Վերջին մոտ մեկ ամսվա «ազատականացումը» թույլ է տալիս ենթադրել, որ Իլհամ Ալիևը նախապատրաստում է ներքաղաքական կարևոր նշանակության գործընթաց:

Դա կարող է դրսևորվել կամ Միլլի մեջլիսի արտահերթ ընտրությամբ և «հին գվարդիայի» վերջնական մարգինալացմամբ, կամ նոր սահմանադրության ընդունմամբ: Առայժմ բարդ է կողմնորոշվել, թե հիմնարար ի՞նչ նպատակ են հետապնդում ներքաղաքական «անդրկուլիսյան բեմադրությունները»: