31/10/2025

«Լուկօյլ» – Ադրբեջան գործարքին Պուտինը դեմ է` իմիջային կորուստ Ալիևի համար

Ադրբեջանական մամուլը մեկ տողով գրել է SOCAR-ի և ռուսաստանյան նավթագազային ընկերությունների միջև Մոսկվայում «ընթացող բանակցությունների» մասին:

Նույն օրը Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Պեսկովը հայտարարել է, որ «Ադրբեջանի հետ բոլոր ուղղություններով քրտնաջան աշխատանք է տարվում»:

Այս ֆոնին ՏԱՍՍ-ը հայտնում է, որ նավթի համաշխարհային շուկայում առաջատար Gunvor ընկերությունը «Լուկօյլին» առաջարկել է գնել նրա արտասահմանյան բոլոր ակտիվները: Ըստ ՏԱՍՍ-ի, «Լուկօյլն» ընդունել է այդ առաջարկությունը և պարտավորվել այլևս ոչ մի գնորդի հետ առքուվաճառքի բանակցություններ չվարել: Գործարքի իրավաբանական բոլոր ձևակերպումները «կարող են ավարտվել մեկ տարվա ընթացքում»:

Չափազանց ուշագրավ է, որ ՏԱՍՍ-ի կողմից հրապարակված՝ «Լուկօյլի» արտասահմանյան ակտիվների ցանկում ընդգրկված են Բուրգասի նավթավերամշակման գործարանը, Բուլղարիայում լցակայանների ցանցը, ինչպես նաև Կասպից ծովում ադրբեջանական «Շահդենիզ» նավթահանքի 19,9 տոկոս բաժնեմասը և Ադրբեջանում բենզակայանները:

Ավելի վաղ ադրբեջանական մամուլը հայտնել է, որ Բուլղարիայի խորհրդարանն արտոնել է Բուրգասի նավթավերամշակման գործարանի վաճառքը: Պոտենցիալ գնորդ համարվում էր SOCAR-ը:

Նույն աղբյուրները նաև «տպավորություն են փոխանցել», որ Ադրբեջանը մտադիր է գնել նաև «Շահդենիզ» հանքավայրում «Լուկօյլի» մասնաբաժինը:

Այլ տեղեկություններով, Բաքուն հանդես պիտի գար որպես «անվանական գնորդ», իսկ իրականում »Լուկօյլի» մասնաբաժինը նախատեսված էր փոխանցել թուրքական երկու ընկերությունների:

Բաց աղբյուրներից հայտնի է, որ Gunvor groop –ը 1997թ.-ին հիմնադրել են Գենադի Տիմչենկոն և Թուրբյոռն Թյորկվիսթը: Այն պաշտոնապես գրանցված է Կիպրոսում, գրասենյակներ ունի աշխարհի մի շարք երկրներում, այդ թվում՝ Ռուսաստանում և Ղազախստանում:

Ի՞նչ կապեր ունի Gunvor-ը Ռուսաստանի կառավարության կամ պետական ու մասնավոր նավթային ընկերությունների հետ, հրապարակային տեղեկություններ չկան, առկա տեղեկատվությունից հասկացվում է, որ այն ադրբեջանական նավթի գնորդ և վերավաճառող չէ:

Կարևոր է թվում, որ «Լուկօյլի» արտասահմանյան ակտիվներից Ադրբեջանը ոչինչ գնել չի կարող, եթե ՏԱՍՍ-ի տարածած տեղեկատվությունը հավաստի և վերջնական է:

Այդ դեպքում տպավորություն է, որ «Լուկօյլ» – Ադրբեջան գործարքին Վլադիմիր Պուտինը դեմ է: Դա տնտեսականից զատ հսկայական իմիջային կորուստ է Ալիևի համար: