08/11/2025

«Մեծարգո վարչապետի» կողմից ներկայացվելու է պետական մտածողության բացակայության գործընթացի հերթական արարը

Հետաքրքիր է, որ կարծես սանդարամետից տրված հրամանով անցած կիրակնօրյա անօրինական պատարագին մասնակից բազմաթիվ ՔՊ-ականներ մեկ մարդու նման մի պահ տեսողության կորուստ են ունեցել:

Դա նման է նրան, որ իրենց Չաստվածը հայտնվեր գետնի տակից ու նրա արձակած խավարի ներքո ոչ մեկը չտեսներ, թե ինչ կատարվեց եկեղեցում: Իսկ այդ պահին այնտեղ կրոնական իշխանության, իր ասելով, «մեղքին, կեղծիքին և պղծությանը ոչ ասող»՝ կարգալույծ արված նախկին քահանային սպասարկող ծպտված իրավապահներից մեկը ճշմարտություն բարբառող մի երիտասարդի բերանը փակելով և համարյա խեղդելով՝ հեռացրեց եկեղեցուց:

Հասկանալի է, որ դա չպետք է տեսներ նաև կարգալույծ արված նախկին քահանան: Իսկ այդ անձը, բռնվե՛ք,իրեն դրել է մարտիրոսի տեղ, ով կարծում է, որ իր կյանքը դրել է զոհասեղանին: Այն է՝ պետք է իր «կարեցածի չափով հետամուտ լինի, որ այդ մարդիկ (ՀԱԵ ղեկավարությունը՝ Վ.Ս.) կամ հանեն իրենց կապանները և հեռանան եկեղեցուց, կամ դարձի գան ու ապաշխարեն»:

Կարծում եմ, որ վերջինիս կողմից այդ «առաքելությունն» իր վրա վերցնելու առումով մեծ ներդրում ունեն «մեծարգո վարչապետն» ու վերջինիս զուգընկերն իրենց «նորաձև կրթությամբ»: Ինչի դասընթացին (թե՞ դասընթացիներին) ամիսներ առաջ մասնակցել է նաև քաղաքացի Ասատրյան Ստեփանը՝ երբ դեռևս հայոց եկեղեցու քահանայի կարգավիճակում էր:

Նախկին քահանային առնչվող գործընթացը, ինչը դեռևս շարունակվում է, բացահայտեց մի բան, որ թաքնված էլ չէր, բայց չի գիտակցվում գործող իշխանության ներկայացուցիչների կողմից: Խոսքը պետական մտածողություն բացարձակ բացակայության մասին է: Այո, կառավարական մասնաշենքերի աշխատասենյակներում բազկաթոռ մաշողների մտածողության մասին է խոսքը՝ որքան էլ դա զարմանալի կամ, ավելի ճիշտ, աննորմալ հնչի:

Աննորմալ, քանի որ եթե պետական պաշտոնյան զուրկ է պետական մտածողությունից, ապա ինչ կարող ես պահանջել նրանից: Կամ էլ ինչ սպասելիքներ կարող է ունենա հասարակությունը նման անձանցից: Եվ, դժբախտաբար, դրանք մեկը կամ երկուսը չեն, դրանք համատարած են: Ու երբ 2018-ին մերժում էինք Սերժին, ինձ նմաններին թվում էր, թե մերժում ենք նաև թե՛ այդ չարիքը (պետական մտածողության բացակայությունը) և թե՛ դրա շնորհիվ երկրում ձևավորված «պեսպրեդելի» մթնոլորտը: Այնինչ, հենց մեր մասին է ասվում, որ «մրից ելանք, մրջուրն ընկանք»:

Որպեսզի մերկապարանոց չհնչի ասվածը, ներկայացնեմ մարզպետի պաշտոնը զբաղեցնող անձանցից մեկի՝ Շիրակի մարզպետ Առուշանյան Դավիթի խոսքը: «Քահանան չի ընդունել կարգալույծ եղածի կարգավիճակը, դրա համար էլ ինքը շարունակում է իրեն քահանա համարել, մենք էլ շարունակում ենք քահանա համարել»։ Այսինքն, եթե կարգալույծ արված քահանան չի ընդունում եկեղեցական ղեկավարության որոշումը, ապա դա պետք է ողջունվի: Եվ ոչ միայն ողջունվի, այլև աջակցություն ցուցաբերվի նման վարքագծին: Նույն կերպ, եթե զինվորականը՝ լինի սպա թե շարքային, արհամարհի վերադասի հրամանը, ապա դա կլինի նորմալ ու կրկին ողջունելի կլինի մարզպետի ու նրա նման մտածողների կողմից:

Չնայած եթե մենք վերածվում ենք «արևմտյան ադրբեջանի» կամ թուրքական վիլայեթի, ապա, իսկապես, ինչներիս է պետք բանակային կանոնակարգին հետևելը: Այնուամենայնիվ, այս հարցում առկա է մի փոքրիկ, շատ փոքրիկ սողանցք. Շիրակի մարզպետի կողմից պաշտոնանկ արված բոլոր պաշտոնյաներին առաջարկում եմ հետևել այդ «հորդորին» և չլքել իրենց աշխատասենյակները: Եվ ինչու միայն մարզպետի. վերջինիս պաշտոնի նշանակող «մեծարգո վարչապետի» կողմից պաշտոնանկ արված բոլոր պաշտոնյաներին առաջարկում եմ հետևել այդ «հորդորին» և չլքել իրենց աշխատասենյակները: Այ դա կլիներ մարզպետ Առուշանյանի խիստ «պետականամետ» դատողության համապատասխան պատասխանը:

ՀԳ. Վաղը «մեծարգո վարչապետի» կողմից ներկայացվելու է պետական մտածողության բացակայության գործընթացի հերթական արարը: Հույս ունեմ, որ այն վերջնարդյունքում չի հանգեցնի պետականության կորստին՝ ճիշտ այնպես, ինչն անցած կիրակի տեղի էր ունեցել տեսողության հետ: