13/11/2025

Դիվադադար եղած, քունը կորցրած իշխանություն

Այնպիսի տպավորություն է, որ վերջին մեկ շաբաթ-10 օրվա ընթացքում հիմնական ընդդիմադիր ուժերն ու գործիչները «խոսքները մեկ են արել»՝ փաշինյանական իշխանությանն ու ՔՊ-ին, ժողովրդական խոսքով ասած, «ընկնավորացնել»:

«Փաստ» օրաթերթը գրում է. Մի կողմից, իհարկե, քպական քարոզիչներն ու քարոզչապետը ձևացնում են, թե իրենց ամենևին հետաքրքիր չէ, իրենց՝ «վեջը չէ»: Բայց այդ ցուցադրական անտարբերության հարցում չեն հաջողում:

Իրականությունն ու սոցցանցային հարթակներում իշխանության ներկայացուցիչների ու նրանց սատելիտների ջղագրգիռ պահվածքը, «նոն-ստոպ» գրառումներն ու հայտարարությունները հուշում են, որ ընդդիմադիր գործիչների ելույթները լրջորեն ազդում են Փաշինյանի ու նրա «կոմպանիայի» վրա:

Փորձենք հետևել մեկ շաբաթվա իրադարձություններին: Նախ՝ լրահոսում ակտիվորեն շրջանառվեց տեղեկություն, որ «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը ԱՄՆ-ում հարցազրույց է տվել հայտնի լրագրող Թաքեր Կառլսոնին: Դեռ հարցազրույցի տեսանյութն անգամ չհրապարակված՝ քպական քարոզչահեծելազորը, բոլոր «մարտակարգերը» խառնած, լցվեց սոցցանցեր՝ կեղծ ու ապակողմնորոշող «լուրեր» սկսեցին տարածել, «անկանոն շարժումներ» անել:

Այդ հարցազրույցը, ի վերջո, հրապարակվեց: Բայց դա դեռ քպական քարոզիչները չէին հասցրել մարսել, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը որոշեց բավական երկար, ծավալուն հարցազրույց տալ: Առնվազն մեկն ամբողջ գիշեր չքնեց (դե, հասկանալի է՝ ոչ միայն նա), նստեց, մոտ 7 ժամանոց հարցազրույցը նայեց, ընդհանրապես քունը փախավ: Ու լուսադեմին սկսվեց… Ֆեյսբուքյան գրառումը գրառման ետևից, ինչպես ասվեց՝ «նոն-ստոպ» ռեժիմով:

Բայց դա էլ քիչ էր, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն էլ որոշեց հարցազրույց տալ, որը եթեր հեռարձակվեց կիրակի երեկոյան: Մի խոսքով, անքուն գիշերվանից հետո քպականների ու սատելիտների կիրակին էլ հարամ եղավ:

Պարզ էր, որ դա արդեն Փաշինյանին ու նրա քարոզիչներին, պատկերավոր ասած, նախաինֆարկտային վիճակի էր հասցրել: Իդեալական կլիներ, եթե երկուշաբթի առավոտյան էլ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը մի երկու բառ ասեր՝ ինչպես նա է կարողանում դա անել: Այդ դեպքում քպականներն ամբողջ թիմով երևի սաղմոսերգության անցնեին:

Սարկազմը՝ սարկազմ, բայց մեկ բան պարզ է. իշխանությունը, որը ամեն անգամ ցնցումների և ջղակծկումների մեջ է ընկնում ընդդիմադիր գործիչների հենց միայն մի հարցազրույցից կամ ասուլիսից, ինքն իր ողջ էությամբ ցույց է տալիս, որ «ապրում» է սրված սեփական վախերի ու տագնապների միջավայրում: Միամիտ չեն, հիանալի հասկանում են թե՛ ներկա վիճակը, թե՛ 2026-ի հեռանկարները…