Ադրբեջանի ներքաղաքական կյանքում չափազանց ուշագրավ իրադարձություն է տեղի ունեցել:
Իշխող կուսակցության հեռուստաընկերությունը հարցազրույց է ունեցել Հեյդար Ալիևի օգնական, ավելի վաղ աշխատակազմի քարտուղարության պետ Էլդար Նամազովի հետ, որ կազմակերպվել է քարոզչական մեկ նպատակով՝ բացահայտել, որ կալանքի տակ գտնվող՝ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար, Գիտությունների ակադեմիայի նախկին նախագահ Ռամիզ Մեհթիևն, իրոք, Ռուսաստանի «հինգերորդ զորսյան պարագլուխն է»:
Փաստը, որ նշված անձը շուրջ քառորդ դար պաշտոն է զբաղեցրել և Հեյդար և Իլհամ Ալիևների իշխանության օրոք, արժանացել պետական բարձրագույն պարգևների, հասել ակադեմիկոսի կոչման և երեք տարի կառավարել Գիտությունների ակադեմիան, բավական է, որպեսզի այդ դարաշրջանի ադրբեջանական իշխանությունն առհասարակ գնահատվի որպես Կրեմլի գաղափարա-քաղաքական կցորդ, բայց Նամազովի «բացահայտումները» բացառիկ են այլ, ավելի առարկայական առումով:
Նա հայտարարել է, որ 1998թ.-ին Մեհթիևը «զանգել է Մոսկվա և ասել, որ Հեյդար Ալիևի առողջական վիճակը վատ է» և փորձել է պարզել, թե ինքն ի՞նչ պետք է անի: Նամազովը, կարծես, միտումնավոր կեղծել է դեպքերի ժամանակագրությունը: 1998-ին Հեյդար Ալիևը լուրջ առողջական խնդիր է ունեցել 2003թ. գարնանը:
Դա տեղի է ունեցել «Ջամշիդ Նախիջեւանսկու» անվան ռազմական ուսումնարանի սաների առջև ելույթի ժամանակ՝ ուղիղ եթերում, նա ամբիոնից վայր է ընկել և այլևս ոչ ոք Հեյդար Ալիևին կենդանի չի տեսել:
Մոսկվայում, այսպիսով, Մեհթիևից չպիտի տեղեկանային, որ Հեյդար Ալիևն առնվազն քաղաքական առումով ոչ ևս է: Մանավանդ որ ՊԱԿ-ի նախկին գեներալը Բաքվից՝ Անկարայի «Գյուլհանե» հոսպիտալ, այնտեղից ԱՄՆ Քլիվլենդի մասնագիտացված կլինիկա է տեղափոխվել ՌԴ ԱԻ նախարարության հատուկ ինքնաթիռով, որն, ի դեպ, նաև Բաքու է հասցրել Հեյդար Ալիևի դիակը:
Քննադատելով Մեհիթիևին, Նամազովը բացահայտել է Իլհամ Ալիևի «գահաժառանգության» գաղտնիքը: Նույն տեղում նա ասել է, որ Հեյդար Ալիևի «հիվանդության ամիսներին» Մեհթիևը հավատարիմ մարդկանց միջոցով լուրեր է տարածել, որ Հեյդար Ալիևը «որդուն չափազանց և անփորձ է անվանում» և «մտադիր էր իշխանությունը փոխանցել իրեն»:
Այս համատեքստում Մեհթիևն իրոք կարող էր կապվել Մոսկվայում ազդեցիկ շրջանակների հետ և փորձել հասկանալ, թե Վլադիմիր Պուտինը կարտոնի՞, եթե ինքը Բաքվում վերցնի իշխանությունը և խաթարի «գահաժառանգությունը»:
Ամենայն հավանականությամբ, Պուտինի աշխատակազմից Մեհթիևին հրահանգել են մնալ «ջրից լուռ, խոտից ցածր» և ապահովել Հեյդար Ալիևից Իլհամ Ալիևին իշխանության տրանզիտը, ինչը և նա կատարել է: Հենց դա էլ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում ևս տասնվեց տարի մնալու և օլիգարխիկ համակարգ կամ «պետության ներսում պետություն ստեղծելու» երաշխիքն է եղել:
Այդ գաղտնիքը, որ 2003թ.-ին Իլհամ Ալիևը Մեհթիևի միջոցով Ադրբեջանում իշխանությունը յուրացրել է և որևէ լեգիտիմություն չունի, կարող է բացահայտել Վլադիմիր Պուտինը: Կգնա՞ նա այդ քայլին, թե՞ Ալիևին «լեգիտիմության ինդուլգենցիա» կտա:
Երևում է, Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և համագործակցության միասնական տնտեսա-քաղաքական և անվտանգային «ենթատարածաշրջան» ձևավորելու համար դա մեծ կարևորություն ունի:






Բաց մի թողեք
Ադրբեջանն էլ «կկրճատի պարտադիր զինծառայության ժամեկտը»
ԱՄՆ ամբողջությամբ իր հովանու ներքո է վերցնում Ադրբեջանը
Դաջվածքով ֆեյք դպիրը ԱԺ ՔՊ-ական պատգամավորի օգնական է․ Լուսանկար