03/12/2025

Քի Վեսթը դավադրություն էր, որի համատեքստում տեղի է ունեցել «Հոկտեմբերի 27»

Քի Վեսթի փաստաթուղթ ՀՀ կառավարության տիրապետության ներքո չկա, որովհետև դա նույնիսկ բանակցային լիարժեք փաստաթուղթ չի եղել:

Այդ մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով պատգամավոր Ագնեսա Խամոյանի այն հարցին, թե ինչու չի հրապարակվել այդ փաստաթուղթը. «Դա եղել է դավադրություն, և դա է պատճառը, որ այդ համատեքստում տեղի են ունեցել «Հոկտեմբերի 27» և դրան նախորդած ու հաջորդած իրադարձություններ»:

Սյունիքը զբոսաշրջային գոտի դարձնելու ավելի մեծ ներդրում, քան խաղաղությունն է, հնարավոր չի անել. «Սյունիքի զբոսաշրջային հոսքերի արգելակումն այն չէ, որ այնտեղ ճոպանուղի չկա, չնայած ճոպանուղի կա, այլ այն է, որ դեսպանատներն ամիսը 3 անգամ հայտարարում են, թե հանկարծ չգնաք Սյունիք։ Մենք խաղաղությամբ այնպիսի ներդրում ենք արել Սյունիքում և ընդհանրապես ՀՀ-ում, որ ավելի մեծ ներդրում հնարավոր չի պատկերացնել»։

Հատկապես Սյունիքի պարագայում ըստ վարչապետի՝ խաղաղությունից ավելի մեծ ներդրում ո՛չ գործնականում, ո՛չ տեսականում հնարավոր չէ. «Էլ չեմ ասում TRIPP ուղի նախագիծը, որն իր հերթին բերելու է և՛ տնտեսական, և՛ զբոսաշրջային հոսքեր ու ներդրումներ»:

«Ղարաբաղի հարցի ամբողջ բանակցային գործընթացը երբեք չի եղել ԼՂ հարցի կարգավորման մասին»: Ըստ կառավարության ղեկավարի՝ ԼՂ հարցի ամբողջ բանակցային գործընթացը եղել է ՀՀ-ին, ինչ-որ առումով նաև Ադրբեջանին թակարդի մեջ պահելու մասին. «Խնդիր է դրվել այնպես անել, որ ՀՀ-ն անկախ պետություն լինելու շանս չունենա: Այդ փաթեթը, որը հրապարակվել է, ընթերցեք, դրա մասին է, թե ինչպես էր արգելակվում ՀՀ-ն ու տարածաշրջանը: Երբ ասում եմ՝ ՀՀ-ն դուրս է եկել աշխարհաքաղաքական թակարդից, նկատի ունեմ հաստատված խաղաղությունը: Բուռն հայրենասիրական դիտանկյունով հնչող ձևակերպումները ՀՀ-ն թակարդի մեջ վերադարձնելու հայտարարություններ են»:

Փաշինյանը կրկին հայտարարեց, որ ՀՀ-ն պետությունն է, քան երբևէ, ՀՀ-ն անկախ է, քան երբևէ. «Ղարաբաղի հարցը 96-ին լուծված պրծած էր, պարզապես դրա մասին մեզ ոչ ոք չի ասել, թոկը ուզում էին գցել Հայաստանի վրա»:

ՀՀ կառավարության տիրապետության ներքո Քի Վեստի փաստաթուղթ ուղղակի չկա, որովհետև դա նույնիսկ բանակցային լիարժեք փաստաթուղթ չի եղել,- հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցի, որ չեն հրապարակել, որովհետև իրենց ձեռք չի տվել, փոխարենը հրապարակել են «Հայկական ժամանակ» օրաթերթում հրապարակած Լևոն Տեր-Պետրոսյանի փոխանցած փաստաթուղթն այդ մասին։

Փաշինյանը նշեց, որ մտածել ու հասկացել է՝ ինչու չկա. «Դա եղել է դավադրություն, և այդ համատեքստում տեղի է ունեցել Հոկտեմբերի 27-ը, դրան հաջորդած և նախորդած իրադարձությունները, այլ տարբերակ չկա: 5 տարի է Քի Վեստ եք ասում, էդքան ուժեղ ծրագիր էր, իրականացնեիք»։

Խամոյանն արձագանքեց, որ բարձր լեգիտիմություն է ունեցել, բայց վախեցել է այդ ծրագիրն իրականացնել, որովհետև կասեին դավաճան:

Արձագանքելով Փաշինյանն ասել է. «Ժողովրդական սիրո առաջ այո, վախեցել եմ։ Ինչի՞ չպետք է վախենամ, ինչի՞ երկրի ճակատագրի էդ վիճակով պատասխանատվությունը ստանձնելով պետք է չվախենայի։ Ի՞նչն է տարօրինակ, որ վախեցել եմ։ Միշտ էլ ասել եմ՝ վախենում եմ սխալվելուց, այսօր էլ եմ վախենում սխալվելուց։ Ո՞վ չի վախենում՝ մենակ խելագարը կարա չվախենա այդ պատասխանատվությունն իրականացնելուց ու չսխալվելուց։ Դուք եք, որ սուպերմեններ եք, տուռնիկի վրա էնքան անվախ կարաք պտտվեք՝ չվախենալով, որ էլեմենտները կնստեն։ Մենք մարդիկ ենք, ՀՀ քաղաքացի ենք, հասկացել ենք, որ մենք պետք է երկրի ապագայի վերաբերյալ որոշումներ կայացնենք և որոշումներ ենք կայացրել»: