13/12/2025

ԴՕՍԱԱՖ-ի գույքերի շուրջ սկսված գործը՝ իրավապահների համակարգային շանտաժի մեծանիզմ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Գլխավոր դատախազությունը վերջին ամիսներին հայտարարել են պետական և համայնքային գույքի «վերադարձի» աննախադեպ ծավալներ։

Դատախազ Աննա Վարդապետյանի ներկայացրած տվյալներով՝ 2025-ին պետությանը վերադարձվել է շուրջ 66 մլրդ դրամի գույք՝ մանկապարտեզներից մինչև բնության հուշարձանների տարածքներ։ Սրանց շարքում առկա բազմաթիվ հակասություններով լի գործընթացներից մեկը վերաբերում է ԴՕՍԱԱՖ համահայկական հայրենասիրական կազմակերպությանը և դրա շուրջ ձևավորված մեղադրանքների ու գործողությունների շարքին։

AntiCor-ի ստացած տվյալները, ինչպես նաև պաշտոնական հայտարարությունները վկայում են, որ գործընթացը ոչ միայն իրավական մեծ խնդիրներ ունի, այլ նաև ձևավորվում է որպես հնարավոր լայնամասշտաբ կոռուպցիոն և ճնշման մեխանիզմ, որտեղ մի կողմից՝ պետությունը հայտարարում է «վերադարձի» մասին, իսկ մյուս կողմից՝ քննչական մարմինները անհամաչափ ու իրավաչափության սահմաններից դուրս մեթոդներով հետապնդում են բարեխիղճ գնորդներին։

Ի՞նչ է իրականում ԴՕՍԱԱՖ-ը և ինչու է դարձել իշխանության ուշադրության կենտրոնում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում խոստովանեց, որ դժվարացել էր անգամ հիշել՝ ինչի հապավում է «ԴՕՍԱԱՖ»-ը։

Իրականում՝

ԴՕՍԱԱՖ-ը՝ Добровольное общество содействия армии, авиации и флоту, եղել է ԽՍՀՄ–ի մասշտաբային պետավավերացված ռազմական-պատրաստական համակարգի կառույց, որի գույքերը ԽՍՀՄ փլուզումից հետո անցել էին Հայաստանի Հանրապետությանը, բայց հետագայում գրանցվել են այդ կազմակերպության անունով։ Այս պատմությունը կրկնվում է «Սպարտակ» մարզադաշտից մինչև բազմաթիվ հրաձգարաններ։

ԴՕՍԱԱՖ-ի գույքերից մի մասը մի քանի անգամ մասնատվել, վաճառվել կամ օգտագործվել են ոչ նպատակային, սակայն այս տարիների ընթացքում պետությունը երբեք համակարգային վերահսկողություն կամ պարբերական աուդիտ չի իրականացրել։

Այժմ, սակայն, իշխանությունները հայտարարում են միաժամանակ և լիակատար վերահսկողության և գույքերի արագ վերադարձի մասին։

AntiCor-ի բացահայտումը. Քննչական կոմիտեի կողմից բարեխիղճ ձեռքբերողների նկատմամբ ճնշումների մեխանիզմ

AntiCor-ին դիմած մի քանի տասնյակ գործարարներ առաջին անգամ բացում են վարագույրը այն մասին, թե ինչ մեթոդներով է իրականացվում այսպես կոչված «վերադարձի» գործընթացը։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ԴՕՍԱԱՖ–ից գույք ձեռք բերած քաղաքացիներն ու ընկերությունները վերջին ամիսներին դարձել են քննչական կոմիտեի ճնշումների թիրախ։

Ինչպես է աշխատում մեխանիզմը․ Քննչականի նոր «գերարագ փորձաքննությունը»

AntiCor-ի աղբյուրների փոխանցմամբ՝ ԴՕՍԱԱՖ-ից օրինական հիմքերով գույք ձեռք բերած քաղաքացիներն ու ընկերությունները դարձել են քրեական հետապնդման թիրախ։ Քննչական կոմիտեն կիրառում է հետևյալ սխեման.

➤ Քայլ 1 — Բարեխիղճ գնորդներին անվանում են «էժան գնողներ»

Չնայած այն հանգամանքին, որ

  • գործարքները դեռևս գնման պահին հիմնված են եղել անկախ գնահատողների եզրակացությունների վրա,
  • գնորդները վճարել են նաև պետության կողմից չգանձված կադաստրային պարտքերը (որը կազմել է գույքի արժեքի մինչև 80%),
  • և որևէ ապօրինություն չի արձանագրվել։

➤ Քայլ 2 — Նշանակվում են «նորահայտ» փորձագիտական կենտրոններում փորձաքննություններ, որոնք ավարտվում են ընդամենը 1 օրում

Այս փորձաքննություններով գույքի արժեքը կրկնապատկվում է, այսինքն՝ փորձագետը եզրահանգում է, թե իբր այդ գույքը գնման պահին եղել է կրկնակի թանկ։

Փորձաքննությունը, որը մասնագիտորեն տևում է 1–3 ամիս, ավարտվում է ընդամենը 1 օրում, և եզրակացությունը միշտ նույնն է՝

«Գույքը արժեցել է կրկնակի թանկ․ որի հետևանքով գնորդը պետք է նույնքան գումար նորից վճարի պետությանը»։

➤ Քայլ 3 — Սպառնալիքներ և կալանավորման ակնարկներ

Գործարարները AntiCor-ին հայտնում են, որ քննչականը ուղիղ հասկացնում է՝

«Չվճարես՝ կկալանավորենք»։

Արդյունքում՝ մի շարք մարդիկ արդեն վճարել են հարյուրավոր միլիոններ՝ միայն ազատությունից զրկվելու վախից։

Սա դասական պետական շանտաժ է՝ քողարկված «պետական շահի պաշտպանության» անվան տակ։

AntiCor-ին հայտնի է դարձել նաև, որ ԴՕՍԱԱՖ–ի գույքերը գնողների մեջ կան օտարերկրյա ներդրողներ, որոնք այս քաոսից խուսափելու համար՝

  • փորձում են արագ ու կրկնակի էժան վաճառել գույքն ու հեռանալ երկրից,
  • դադարեցնում են ծրագրերը,
  • գույքերն ազատում են հնարավորինս արագ նվիրելով կառավարությանը՝ միայն թե խուսափեն քրեական ճնշումից։

Շատերն արդեն հայտարարել են, որ այլևս Հայաստանում ներդրումներ չեն կատարի։

Այս իրավիճակը ստեղծում է հետևյալ վտանգավոր ուղերձը ամբողջ միջազգային շուկայի համար․

«Հայաստանում կարող է պատահել, որ օրինական սեփականություն ձեռք բերես, վճարես բոլոր հարկերը, բայց տարիներ անց պետությունը քեզ նորից պարտադրի նույնքան վճարել՝ սպառնալով քրեական հետապնդմամբ»։

Սա լուրջ հարված է երկրի ներդրումային իմիջին, հատկապես այն պայմաններում, երբ Հայաստանը փորձում է գրավել արտասահմանյան կապիտալը։

Եթե պետությունն ինքը տարիներով չի գրանցել իրեն պատկանող գույքը, ապա այդ սխալը չի կարող փոխհատուցվել քաղաքացիների ու ներդրողների հաշվին։

Ըստ կառավարության ստացվում է, որ այս ամենի համար մեղավոր ու պատասխանատու են․

  • Պետական գույքի կառավարման կոմիտեն,
  • Կադաստրը,
  • նախկին և ներկա պաշտոնյաները, որոնք չեն կատարել իրենց պարտականությունները։

Սակայն այդ մեղքի պատասխանատվությունը, փաստորեն, այսօր բարդվում է բարեխիղճ գնորդների վրա․ որոնք էլ ստիպված կլինեն կամ նորից վճարել կամ թողնել ամբողջն ու հեռանալ։

Եզրահանգում

ԴՕՍԱԱՖ–ի գույքերի վերադարձի տակ գործում է վտանգավոր սխեմա, որը խաթարում է

  • սեփականության իրավունքը,
  • ներդրումային միջավայրը,
  • իրավական պետության հիմքերը։

Քննչական կոմիտեի «երկօրյա փորձաքննությունների» մեխանիզմը դարձել է պետական հարկադրանքի գործիք, որը վանում է կապիտալն ու վստահությունը երկրից։