13/12/2025

Վրաստանի ներկայության ֆոնին Հայաստանի բացակայությունը բավական ակնառու և խորհրդանշական է

Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում ընթանում է երկրի մշտական չեզոքության 30-րդ տարեդարձին նվիրված «Խաղաղության և անվտանգության միջազգային խորհրդրաժողովը»:

Միջոցառմանը ներկա են Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի նախագահները, Կենտրոնական Ասիայի երկրների առաջնորդները, Վրաստանի և Ադրբեջանի վարչապետները:

Turkiye իշխանամետ պարբերականը փոխանցել է խորհրդաժողովին Ռեջեփ Թայիփ Էրդողանի ելույթի հիմնական թեզերը:

Թուրքիայի նախագահը կենտրոնացել է Պաղեստին պետության ստեղծման նպատակի վրա: Նա հայտարարել է, որ միջազգային հանրությունը «պետք է վճարի պաղեստինցիների առջև իր պարտքը»: Էրդողանը խոսել է Թուրքիայի «շուրջ խաղաղության և անվտանգության գոտի ստեղծելու» քաղաքականության մասին:

«Գիտակցելով պատմությամբ, աշխարհագրությամբ և քաղաքակրթությամբ մեզ վրա դրված պարտքը, Թուրքիան ամեն ինչ անում է, որպեսզի ապահովի խաղաղության և երկխոսության հաղթանակը»,- հայտարարել է Էրդողանը:

Թուրքմենստանը Թուրքական պետությունների կազմակերպության դիտորդ անդամ է: Բավական ներկայանալի մակարդակով նշելով մշտական չեզոքության հոբելյանական տարեդարձը, Աշխաբադը Կենտրոնական Ասիայի անմիջական հարևան Ռուսաստանին և Իրանին, ինչպես նաև Թուրքիային ակնհայտորեն ազդակ է հղում, որ ռազմական դաշինքների անդամակցության նպատակ չունի:

Պետք է նկատի ունենալ, որ տարածաշրջանի թուրքախոս պետություններից երկուսը՝ Ղազախստանը և Ղրղզստանը, ՀԱՊԿ անդամ են, բայց միաժամանակ ռազմավարական համագործակցություն ունեն Թուրքիայի և Ադրբեջանի հետ:

ԹՊԿ վերջին գագաթնաժողովում քննարկվել է այսպես կոչված «թուրանական բանակի» ստեղծման հարցը: Այս առումով փորձագետներն ուշադրություն են հրավիրում Ուզբեկստան-Ադրբեջան ռազմական համագործակցության մեկնարկի, ինչպես նաև Պակիստան-Ադրբեջան-Թուրքիա «եռյակ դաշինքի» հետևողական ինստիտուցիոնալացման վրա:

Աշխաբադի խորհրդաժողովին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բացակայությունը հուշում է, որ միջոցառումը կարող է ունենալ ոչ հրապարակային մաս:

Ըստ տեղեկությունների, նախատեսված են Պուտին-Էրդողան, Պուտին-Փեզեշքիան բանակցություններ: Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի ներկայության ֆոնին Հայաստանի բացակայությունը բավական ակնառու և խորհրդանշական է: