14/12/2025

Իրանը կարող է «թուրքական փոխակերպման ենթարկվել», Հայաստանին պետք է զգուշանալ

Իրանը զգուշորեն մեղմացնում է Թուրքիայի, Ադրբեջանի, Պարսից ծոցի արաբական միապետությունների և անգամ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների հռետորաբանությունը:

Նման եզրակացության է եկել Թուրքիայի Իրանական հետազոտությունների կենտրոնը, որի տարեկան ամփոփ վերլուծությունը հրապարակվել է դեկտեմբերի 10-ին:

Ուշագրավ է, որ այդ մասին «Անադոլու» գործակալության ընդարձակ տեղեկատվությունը գրեթե անփոփոխ տարածել են նաև Բաքվի իշխանական լրատվամիջոցները:

Թուրք վերլուծաբաններն, ընդսմին, համոզված են, որ Իրանի արտաքին քաղաքական հռետորաբանության մեղմացումը պայմանավորված չէ «իսլամական գաղափարաբանությունից հրաժարվելու» հանգամանքով: Նրանք գտնում են, որ Թեհրանը հարկադրված է «հաշվի նստել իրողությունների հետ և ընտրել նոր առաջնահերթություններ»:

Վերլուծականը թեկուզ անուղղակի, բայց պարզորոշ արձանագրում է, որ Թեհրանի համար «իսլամական հեղափոխության արտահանումը դարձել է անիրագործելի», գլխավոր խնդիր է դարձել «ազգային պետության կառուցումը», ինչը «ստիպում է հրաժարվել մշտական հակամարտության քաղաքական ուղեգծից»:

Վերլուծականից արվում է չափազանց ինտրիգային եզրակացություն: Իրանի «փոխակերպումը» ոչ թե «համոզմունքների վերանայման, այլ կործանումից խուսափելու հնարավորության որոնման արդյունք է»:

Որպես հիմնավորում, թուրք վերլուծաբաններն ընդգծում են նաև «Հարավային Կովկասում ռազմավարական ազդեցության խորքի կորուստը», որ Իրանն ունեցել է քառասունչորսօրյա պատերազմից հետո:

Պետք է համոզված լինել, որ Իրանական հետազոտությունների կենտրոնի տարեկան վերլուծությունը մամուլում միայն մասնակիորեն է տարածվել, ավելի խորքային եզրահանգումները հասցեագրվել են Թուրքիայի, հավանական է՝ նաև Ադրբեջանի պատկան մարմիններին:

Բայց հրապարակային շեշտադրումներն էլ բավական են, որպեսզի պարզ լինի, որ Անկարան և Բաքուն Թեհրանի հետ հարաբերություններում հանդես են գալիս Իրանի «ազգային պետության կառուցման աջակցի» դիրքերից:

Իրանում էթնիկ երկրորդ տարրը թուրքական է, որ երկրի պետական կառավարման համակարգում պատմականորեն ազդեցիկ մասնակցություն է ունեցել: Ադրբեջանում նույնիսկ Սևֆյան և Ղաջարական արքայատոհմերն անվանում են «թուրքական»:

Նախագահի պաշտոնում էթնիկ թուրք Փեզեշքիանի ընտրությունը Բաքվում գնահատում են «Իրանի փլուզումը կանխելուն ուղղված որոշում»:

Բաքու այցից հետո Իրանի արտաքին գործերի նախարար Արաղչին Irna գործակալությանն ասել է, որ «կողմերը մտադրված են հարաբերությունները բարձրացնել ռազմավարական գործընկերության մակարդակի»:

Ավելի քան երեք տասնամյակ Հայաստանում արտաքին քաղաքական որևէ որոշում պայմանավորվել է Իրանի հավանական արձագանքով: Ինստիտուցիոնալ և արտախորհրդարանական ընդդիմությունը շարունակում է Իրանի հետ ռազմավարական գործընկերության քարոզչություն իրականացնել:

Հարևան երկրի հետ բարիդրացիական հարաբերություններն, իհարկե, Հայաստանի համար կարևոր են: Բայց հաշվարկից դուրս չպետք է թողնել, որ Իրանը կարող է «թուրքական փոխակերպման ենթարկվել»: