15/12/2025

ԱՄՆ-ը որոշակիորեն լեգիտիմացնում է Եվրոպահում Գերմանիայի «առաջնորդությունը»

ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիֆ Ուիթկոֆը պատվիրակության հետ ժամանել է Գերմանիայի մայրաքաղաք Բեռլին, որտեղ նախատեսված է նրա հանդիպումը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ:

DW-ի խմբագրությունը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ Գերմանիայի հատուկ ծառայությունները և դաշնային ոստիկանությունը «ձեռնարկել են անվտանգության ապահովման ամենաբարձր աստիճանի միջոցառումներ, ներառյա հետախուզական ԱԹՍ-երի կիրառումը»:

Ուկրաինական կարգավորման Թրամփի նախնական ծրագրի շուրջ եվրոպական «եռյակի» քննարկումներից հետո առարկություններով հանդես է եկել Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, ինչից քաղաքական դիտորդները եկել են եզրակացության, որ Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան «Ռուսաստանի հետ դիմակայության հարցում առաջնությունը վերապահել են Գերմանիային»:

ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ուիթկոֆի և Ուկրաինայի նախագահ Զելենսկու բանակցություններին ընդառաջ Գերմանիայի կանցլեր Մերցը հայտարարել է, որ Պուտինը «չի բավարարվի Ուկրաինայով, Ուկրաինայի անկման դեպքում հետևություններ պետք է անեն նախկին խորհրդային բոլոր երկրները»:

Նա հստակ ձևակերպել է, որ Պուտինը «Խորհրդային Միությունը վերականգնելու ծրագիր ունի, իսկ դա Եվրոպայի համար սպառնալիք է»: Մերցը քննադատել է Միացյալ Նահանգների նախագահին, ով «թերագնահատել է ՆԱՏՕ-ի նշանակությունը» և ընդգծել Մեծ Բրիտանիա-Գերմանի «ռազմավարական դաշինքի կարևորության» մասին՝ որպես եվրոպական անվտանգության հիմքի:

Կարելի է կանխատեսել, որ Վլադիմիր Պուտինը մերժելու է այն առաջարկությունները, որ ամերիկյան կողմը կարող է համաձայնեցնել Ուկրաինայի և եվրոպական «եռյակի» հետ: «Մենք վճռականապես դեմ կլինենք, եթե նախնական փաստաթղթում տեղ գտնեն մեզ համար անընդունելի դրույթներ»,- Ուիթկով-Զելենսկի բանակցությունների մասին ասել է ՌԴ նախագահի արտաքին քաղաքական հարցերով օգնական Յուրի Ուշակովը:

Ըստ տեղեկությունների, Ուկրաինան առաջարկում է տարածքների հարցով անցկացնել հանրաքվե: Պուտինի մամուլի քարտուղար Պեսկովը մերժել է հրադադարի գաղափարը: Դա նշանակում է, որ Մոսկվան դեմ է Ուկրաինայում տարածքների հարցով հանրաքվեին:

Այս համապատկերին, երևի, պետք է ուշադրություն դարձնել վարչապետ Նիկոլ Փաշինյանի Բեռլին այցին և Հայաստան-Գերմանիա ռազմավարական համագործակցության մասին կանցլեր Մերցի հետ ստորագրած հայտարարությանը:

Փաստացի Ուկրաինայի հարցով բանակցությունների վայր ընտրելով Բեռլինը, ԱՄՆ-ը որոշակիորեն լեգիտիմացնում է Եվրոպահում Գերմանիայի «առաջնորդությունը»:

Այս իմաստով Բեռլինը կարող է դերակատարություն ունենալ նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների հաստատման գործընթացում՝ լինելով Միացյալ Նահանգների գործընկեր:

Վարչապետ Փաշինյանին հյուրընկալելուց երկու օր առաջ կանցլեր Մերցը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: