15/02/2026

Արդյոք եկեղեցին կարո՞ղ է քաղաքական դերակատարություն ստանձնել

Garegin Nikol khach

Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին հայտնվել է ներքաղաքական զարգացումների կենտրոնում: Շատերն ասում են, որ եկեղեցին քաղաքականության հետ որեւէ անելիք չունի: Իրականում ամեն ինչ քաղաքականություն է՝ մշակույթը, կրթությունը, կրոնական ուսմունքները…

Հիմա հարցը հետեւյալն է՝ արդյոք եկեղեցին կարո՞ղ է քաղաքական դերակատարություն ստանձնել. եկեք դա չշփոթեք կուսակցական գործունեության հետ, որովհետեւ կուսակցական գործունեությունը իշխանության մասին է, մինչդեռ քաղաքականությունը, ինչպես նշվեց վերը, ամեն ինչն է կամ՝ գրեթե ամեն ինչը:

Եվ պատմականորեն եկեղեցին եղել է քաղաքական կառուցվածք: Քաղաքական հասկացություն է նաեւ ազգը, որը կառավարման համակարգ է ենթադրում: Չունենալով պետականություն՝ եկեղեցին հենց այդ դերակատարությունն է կատարել, եւ եկեղեցու շուրջ ազգ է ձեւավորվել: Դա ոչ միայն հայերին է վերաբերվում, այլեւ հրեաներին, ասորիներին եւ այլն: Հիմա խնդիրը հետեւյալն է. ի՞նչ քաղաքական գործունեություն է իրականացրել եկեղեցին, ասենք, 18-19-րդ դարերում, 20-րդ դարի սկզբում: Եվ արդյո՞ք եկեղեցին ունի քաղաքական խոսք ասելու իրավունք:

Առհասարակ՝ մեր հասարակության մեջ մի թյուր կարծիք կա կամ՝ կարծրատիպ. ասում են՝ հոգեւորականներն իրավունք չունեն զբաղվել քաղաքականությամբ: Սակայն աստվածաբանության ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ մի շարք եկեղեցիներում՝ կաթոլիկ, ուղղափառ, ղպտի, ասորական եւ, նույնիսկ, նեստորական, գոյություն ունի քաղաքական աստվածաբանություն:

Ընդ որում՝ քաղաքական աստվածաբանությունը շատ լուրջ ճանապարհ է անցել: Եվ եթե հարց առաջանա, թե եկեղեցին երբ սկսեց զբաղվել քաղաքականությամբ: Պատասխանը հստակ է՝ իր ստեղծման առաջին իսկ օրվանից:

Այսինքն՝ այն օրվանից, երբ Քրիստոսն ընտրեց իր առաքյալներին: Քրիստոսի համբարձումից հետո հռոմեական աշխարհում քարոզչություն սկսվեց առաքյալների կողմից: Ի՞նչ էր ասում Պողոս առաքյալն իր հայտնի թղթում. որ ինքը հռոմեացի է, բայց Աստծու խոսքն է տարածում Հռոմեական կայսրությունում:

Եվ այդ խոսքի տարածումով հասարակության մեջ բաժանում առաջացավ: Հասարակությունը տրոհվեց նաեւ քաղաքական իմաստով: Եվ քանի որ Հռոմեական կայսրությունում ժողովուրդը բազմաշերտ ու բազմաբնույթ էր, պետք ուներ հավատալու մեկ գաղափարախոսության:

Բայց վերադառնանք մեր հայկական իրականություն: Գաղտնիք չէ, որ հայ ազգը,- եւ ոչ միայն հայ,- ձեւավորվել է եկեղեցու միջոցով: Այսինքն՝ պետության բացակայության պայմաններում գոյություն է ունեցել կառավարման համակարգ, որտեղ կենտրոնացված էին դատական, հարկային եւ մյուս իշխանությունները, եւ եկեղեցին՝ որպես միջնորդ, կոչված էր պաշտպանելու իր հոտը, ասենք, Օսմանյան կայսրի մոտ, Պարսկաստանի այլեւայլ ատյաններում, եւ այդ քաղաքական կառուցվածքը կարողացել է ժամանակի ընթացքում ազգ ձեւավորել:

Հիմա ավելի մոտ գանք՝ հասնելով մեր օրերին: Գործող վարչապետը հայտարարում է ու նրա արբանյակները երկրորդում են, թե գիտեք ինչ. Հայրենիքը՝ դա պետությունն է՝ էս 29.743 քառակուսի կիլոմետրը, եւ վերջ: Բայց այդ 29 հազար քառ. կմ-ն ո՞նց է ստեղծվել: Թող տարօրինակ չթվա, բայց դա ստեղծվել է քաղաքական աստվածաբանության շնորհիվ: Երբ 1441 թվականին որոշում կայացվեց կաթողիկոսությունը Սիսից տեղափոխել Էջմիածին, այդ որոշման շնորհիվ այստեղ սկսել էր հայ ժողովուրդը հավաքվել, շատանալ եւ հետագայում քաղաքական գործընթացների արդյունքում կարողացել է պետություն ստեղծել:

Այսինքն՝ Հայ Առաքելական Եկեղեցին ինչ-որ առումով տերն է այն ամենի, ինչն այսօր ունենք: Բացի դրանից, կան աշխարհով մեկ սփռված հայեր՝ մի ամբողջ ցանցային կառույց, որի շնորհիվ պահպանվում են որպես հայեր՝ համախմբվելով եկեղեցու շուրջ, ունենալով մայրենի լեզվով դպրոցներ, մշակույթի օջախներ եւ համատեղ արարողություններ անցկացնելու, շփվելու այլ խողովակներ: Այժմ, գործող իշխանությունների կողմից, ըստ էության, գնում է մի գործընթաց հայապահպան այդ հենասյունը ոչնչացնելու համար, ինչը հղի է չափազանց վատ հետեւանքներով:

Չպետք է մոռանալ, որ ՀԱԵ-ն իր 1700-ամյա պատմության ընթացքում՝ ի տարբերություն եթովպիական, ղպտի, ասորական եկեղեցիների, ավելի շատ քաղաքական որոշումներ է կայացրել, քան՝ մշակութային, կրոնական եւ ծիսական թեքում ունեցող: Այդ որոշումներն առավելապես կապված են եղել ազգի ճակատագրի հետ: Պատմությանը հայտնի բազում օրինակներ կան, երբ եկեղեցու միջամտությունը նպաստել է ժողովրդի բարեկեցությանն ու անվտանգությանը: 8-րդ դարից հիշատակելի է, օրինակ, Հովհան Օձնեցի Իմաստասեր կաթողիկոսի այցը Դամասկոս եւ արաբ խալիֆի հետ հանդիպումը, ինչն ինքնին քաղաքական որոշում էր:

Իր իմաստությամբ եւ հոգեւոր նկարագրով Հայոց Հայրապետը կարողացավ շահել արաբ խալիֆի վստահությունը եւ մեծ պատերազմներով լի այդ ժամանակներում իր ժողովրդին հեռու պահեց նոր փորձություններից ու հոտին համախմբեց հայ Եկեղեցու հովանու ներքո: Նույն համատեքստում հայտնի է նաեւ եկեղեցու ջանքերով Հնդկաստանի հայ համայնքի վաճառականների ստեղծած առեւտրի ցանցային համակարգը, որից օգտվում էին ոչ միայն վաճառականները, այլեւ հայ ազգային-ազատագրական պայքարի առաջամարտիկները, որոնց հավաքատեղին եկեղեցին էր: Դարձյալ քաղաքականություն:

Հիմա, երբ այսօր քննադատում են եկեղեցուն, թե եկեղեցին չպետք է քաղաքականությամբ զբաղվի, քաղաքական որոշումներ չպետք է կայացնի՝ դա մի բան է նշանակում՝ մոռանալ մեր անցած ուղին՝ մասնավորապես ՀԱԵ-ի քաղաքական դերակատարության դրվագները, որոնք մարդասիրական, ազգօգուտ բնույթ են սոսկ ենթադրում: Մեր բոլոր եկեղեցիներում՝ հատկապես կաթոլիկ եւ ուղղափառ, կարեւոր նշանակություն է տրվում քաղաքական աստվածաբանության շուրջ քննարկումներին: Հոգեւորականները չեն խորշում քաղաքական արտահայտություններ անել, բայց այդ եկեղեցիների Կանոնադրության համաձայն՝ արգելված է լինել կուսակցական, քանզի հոգեւորականի պատկանելությունը եկեղեցին է, Քրիստոսն է:

Բայց դա դույզն-ինչ չի նսեմացնում քաղաքականության գործոնը, քանի որ զբաղվել քաղաքականությամբ՝ չի նշանակում զբաղվել կուսակցական գործունեությամբ: Դրանք տարբեր բաներ են: Ավելին՝ հասարակության շրջանում կուսակցություն եզրույթը զուգորդվում է անմաքուր, ոչ պատշաճ իրականության հետ, բայց քաղաքականությունն այլ է եւ ներկա է մեր հանրային կյանքի գրեթե բոլոր ոլորտներում, մինչեւիսկ՝ կրոնում: Հիշենք, որ տասնամյակներ առաջ Մոսկվայում արցախյան խնդրի հարցով հացադուլի նստած մտավորականության մեջ էր նաեւ Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինը: Իսկ տվյալ հացադուլը մաքուր քաղաքական ակցիա էր:

Երբ հոգեւորականին ինչ-որ տեղ մեղադրելու՝ իշխանության փաստարկները չեն «ձգում», մեջտեղ է բերվում քաղաքականությամբ զբաղվելու իրավունք չունենալու շինծու հանգամանքը: Հենց այդ թեզի հիմնավորմամբ էր սկսվել Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի դեմ Փաշինյանի արշավը: Կաթողիկոսը Շվեյցարիայում բարձրացրել էր արցախահայերի՝ Արցախ վերադարձի հարցը, խոսել էր մշակութային ժառանգության, այդ թվում ԼՂ-ի եկեղեցիների, վանքերի, խաչքարերի ոչնչացման, ազերի թուրքերի այլ վայրագությունների մասին, ինչի համար էլ նախ մեղադրվեց քաղաքականությամբ զբաղվելու, ապաեւ երկրային այլ մեղքերի մեջ: Բայց Փաշինյանի հակաեկեղեցական արշավը հողմաղացների դեմ Դոն Կիխոտի կռիվն է հիշեցնում: Ապարդյուն եւ սնամեջ:

Ստեփան Դանիելյան

Տեր Հեթում քահանա Թարվերդյան