ՍԴ նախկին նախագահ, ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի գործով Վճռաբեկ դատարանը, մեր տեղեկություններով, վարույթ չի ընդունել Թովմասյանի փաստաբանների բողոքը, սա նշանակում է՝ ուժի մեջ է մտնում Թովմասյանի վերաբերյալ մեղադրական դատավճիռը, ինչն էլ իր հերթին ՍԴ դատավորի պաշտոնում Թովմասիանի լիազորությունները դադարեցնելու հիմք է հանդիսանում։
Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ, 2024թ․ սեպտեմբերի 20-ին հրապարակել է Հրայր Թովմասյանի գործով դատավճիռը՝ մեղավոր ճանաչելով վերջինիս մեղսագրվող արարքում և ազատելով քրեական պատասխանատվությունից՝ վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով, ինչը արդարացնող հիմք չի համարվում։ Իսկ օրենքը թույլ չի տալիս դատվածություն ունեցող անձին դատավոր աշխատել:
Ի դեպ, Հրայր Թովմասյանի գործով դատավճռի հրապարակումից հետո դատավոր Տաթևիկ Գրիգորյանն առաջխաղացում է ունեցել՝ նշանակվելով Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր։ Դատավճռի դեմ բողոքներ են ներկայացվել, որոնցով պաշտպանական կողմը արդարացում է պահանջել, մեղադրող կողմը՝ բեկանել վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով Թովմասյանին պատասխանատվությունից ազատելու մասին դատական ակտը և դատապարտել նրան ազատազրկման՝ 7 տարի ժամկետով։
Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Արմեն Հովհաննիսյանի նախագահությամբ, անփոփոխ է թողել առաջին ատյանի դատարանի որոշումը։ Նախագահող Արմեն Հովհաննիսյանը, սակայն, հատուկ կարծիք է ներկայացրել՝ նշելով, որ առաջին ատյանի դատարանը դատական սխալ է թույլ տվել և գործը պետք է ուղարկվի Հակակոռուպցիոն դատարան՝ նոր քննության։ Այդուհանդերձ, դատարանն անփոփոխ է թողնել դատավճիռը, քանի որ խնդիրը եղել է, ոչ թե Թովմասյանին նստացնելը, այլ ՍԴ-ից հեռացնելը: Այդ խնդիրն էր իր առաջ դրել Նիկոլ Փաշինյանը` սկսած 2019 թվականից: Այդ նպատակով անգամ Սահմանադրական հանրաքվե էր ուզում անել` քովիդը խանգարեց:
Իշխանությունն անգամ Թովմասյանից ազատվելու համար, խախտելով սահմանադրական նորմերը, խորհրդարանով Սահմանադրության մեջ փոփոխություն արեց, մինչդեռ այդ ընթացակարգով Մայր օրենքի տվյալ հոդվածը չէր կարող փոփոխվել: Տարբեր ուղիներ փնտրելուց հետո մի անհեթեթ քրեական գործ հարուցվեց, որով էլ, փաստորեն, Փաշինյանը հասավ իր ուզածին` Հրայր Թովմասյանն այլևս ՍԴ դատավոր չէ: Այսօրվա ՍԴ-ում այլևս Փաշինյանի կամքը չկատարող դատավոր չի մնացել:

Բաց մի թողեք
Աշտարակում բախվել են «Nissan»-ը և «Hyundai Elantra»-ն․ կա վիրավոր. Լուսանկար
Եպիսկոպոսները հավաքվելու են Ավստրիայում. առանց կաթողիկոսի՝ ժողովի կարգավիճակը փոխվում է. Տեր Նաթան
ՔՊ-ում շարունակվում է քվեարկությունը․ Տեսանյութ