16/02/2026

Ռուսաստանի «մեկուսացվածության» ցայտուն վկայություններն ավելանում են

Lavrov Sergey

Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջանկայշարը Մյունխենի անվտանգության խորհրդաժողովին ելույթում հաստատել է ավելի վաղ տարածված տեղեկությունը, որ Նյու-Դելին հրաժարվել է ռուսական նավթի գնումներից:

Այդ մասին առաջինը տեղեկացրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ով Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ հեռախոսազրույց է ունեցել փետրվարի 2-ին: Թրամփը սոցիալայան անձնական հարթակում գրառում էր կատարել և մանրամասնել, որ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են բազմաթիվ հարցեր, այդ թվում՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը կանգնեցնելու հնարավորությունը:

Հնդկաստանի կողմից ռուսաստանյան նավթի գնումները դադարեցնելու մասին տեղեկությունը Մոսկվան մեկնաբանել էր շատ հակիրճ: Նման պաշտոնական որոշում կայացնելու վերաբերյալ Նյու-Դելին ոչինչ չի հայտնել:

Փետրվարի 14-ին արտգործնախարար Ջանկայշարը Մյունխենում ասել է, որ, չնայած ԱՄՆ-ի պահանջներին, Հնդկաստանը տևական ժամանակ նավթի գնման հարցում պահպանել է ինքնուրույնությունը: Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի հետ նոր գործարքին, ապա նա հիմնավորել է, որ կապված համաշխարհային իրավիճակից, շատերն են «վերանայում իրենց հաշվարկները»:

Ռուսաստանի համար Հնդկաստանի և Միացյալ Նահանգների գործարքը, որի մանրամասնությունները հայտնի չեն, ոչ միայն տնտեսական, այլև վարկանիշային լրջագույն կորուստ է:

Բառացիորեն երկու օր առաջ դիվանագետի օրվա առթիվ ելույթում արտգործնախարար Լավրովը խոսել է Չինաստանի, Բրազիլիայի, Հնդկաստանի և Ինդոնեզիայի հետ Ռուսաստանի ռազմավարական հարաբերությունների ինստիտուցիոնալացման հեռանկարի մասին:

Իրականում, ինչպես բացահայտել է արտգործնախարար Ջանկայշարը, Հնդկաստանը ռազմավարական ընտրություն, իրոք, կատարել է, բայց՝ հօգուտ ԱՄՆ-ի:

Ավելի ընդգրկուն համատեքստում Նյու-Դելիի որոշումից բխում է, որ գոնե այս փուլում Հնդկաստանը Ռուսաստանի հետ ապագայի գործնական հեռանկար չի կապում, և այդ որոշումն ընդունել է ԱՄՆ ազդեցությամբ, իսկ ավելի պարզ ասած՝ Դոնալդ Թրամփի պահանջով:

Եվ շատ հատկանշական է, որ այդ մասին հայտարարվում է ուկրաինական կարգավորման բանակցությունների երրորդ փուլի մեկնարկից երկու օր առաջ: Դրանից հետևում է, որ Ուկրաինայի հարցում Հնդկաստանը ոչ միայն Ռուսաստանի դաշնակիցը չէ, այլև վճռորոշ փուլում բացահայտորեն դիստանցավորվում է:

Ուկրաինայի հարցում Ռուսաստանի «մեկուսացվածության» ցայտուն վկայություն է նաև Մյունխենում Վլադիմիր Զելենսկու և Իլհամ Ալիևի հանդիպումը, որից հետո Ադրբեջանի նախագահն իրեն թույլ է տվել հայտարարել, որ Ռուսաստանը Ուկրաինայի տարածքում ոչ միայն ադրբեջանական էներգետիկ ենթակառուցվածքներին, այլև Կիևում գործող դիվանագիտական ներկայացուցչություններին է հրթիռային «նպատակաուղղված հարվածներ հասցրել»: