16/02/2026

Աբխազիան Պուտինին երախտապարտ է լինում թիկունքից հարվածելով․ Սուխումիի հետ կխոսի՞, թե՞ «կկրակի»

putin vv e1768928103960

Աբխազիայում ՌԴ դեսպանատան կայքը ծանուցել է, որ այսուհետև չճանաչված հանրապետության բնակիչները Ռուսաստանի քաղաքացու ներքին անձնագիր կարող են ստանալ միայն ՌԴ տարածքում:

Ընդսմին, սահմանվել է, որ նրանցից յուրաքանչյուրը պետք է Ռուսաստանի բյուջեին 4-6 հազար ռուբլի պետտուրք վճարի: Աբխազիան պաշտոնապես ունի 243 հազար բնակիչ, որից 190 հազարն ստացել է ՌԴ քաղաքացու անձնագիր, բայց ձևակերպումներն արվել են տեղում՝ Սուխումիում գործող՝ Ռուսաստանի ՆԳՆ Միգրացիոն ծառայության կենտրոնի միջոցով:

Ինչպես տեղեկացել է «Նեզավիսիմայա գազետան», Աբխազիայում Ռուսաստանի դեսպանությունը կայացված որոշումը հիմնավորել է Աբխազիայի «մի շարք խորհրդարանականների դիրքորոշման պատճառով»:

Բանն այն է, որ փետրվարի 4-ին Աբխազիայի խորհրդարանի պաշտպանության և ազգային անվտանգության հարցերի հանձնաժողովը փակ նիստ է անցկացրել, որի ընթացքում պատգամավոր Ղվարչիան Սուխումիում ՌԴ ՆԳՆ Միգրացիոն ծառայության կենտրոնի գործունեությունը գնահատել է «ապօրինի» և «ինքնիշխան երկրի ներքին գործերին կոպիտ միջամտություն»:

Ղվարչիան տեղական հեռուստատեսության եթերում մեղադրել է որոշ գործընկերների, որ դռնփակ քննարկումներում «կատարել են երկոտանի «ժուչոկի» դեր»:

Միամտություն կլինի հավատալ, որ չճանաչված հանրապետության խորհրդարանի մի պատգամավորի հայտարարությունը պատճառ է հանիդսացել, որպեսզի Ռուսաստանի բարձրագույն իշխանությունը նման որոշում կայացնի: Նույն կերպ կարելի է ասել, որ ՌԴ ՆԳՆ Միգրացիոն ծառայության Սուխումիի կենտրոնը հազիվ թե աբխազ պատգամավորին հուզեր, եթե զբաղվեր միայն ՌԴ ներքին անձնագիր տրամադրելու հարցով:

Աբխազիան արդեն երեսունհինգ տարի է, գոյատևում է Ռուսաստանի բյուջեից տրվող լրավճարների հաշվին, փաստացի հանդիսանում է ՌԴ Կրասնոդարի երկրամասի վարչական և օպերատիվ կառավարման տարածք: Անձնագրերի հարցում ստեղծված իրավիճակն, ամենայն հավանականությամբ, կապված է «հատուկ ռազմական գործողությանը» Աբխազիայի մասնակցության հետ:

Բազմաթիվ աղբյուրներ վկայել են, որ Ռուսաստանի տարածքում միգրանտներին «պարզեցված կարգով քաղաքացիություն է շնորհվում, եթե դիմողը միաժամանակ պաշտպանության նախարարության հետ պայմանագիր է ստորագրում»:

Ըստ երևույթին, ՌԴ ՆԳՆ Միգրացիոն ծառայության Սուխումիի կենտրոնըփորձել է այդ պրակտիկան կիրառել նաեւ աբխազ երիտասարդ տղամարդկանց հանդեպ, ինչն էլ պատգամավոր Ղվարչիան որակել է «ինքնիշխան պետության ներքին գործերին կոպիտ միջամտության»:

Այսուհետև Աբխազիայի բնակիչները ՌԴ անձնագիր ստանալու համար հարկադրված կլինեն մեկնել Սոչի, պետտուրք մուծել և ժամերով հերթ կանգնել: «Աբխազները վաղեմի խոսք ունեն՝ մինչև կրակելը փորձիր մարդու հետ խոսել»,- ստեղծված իրավիճակն այսպես է բնութագրել չճանաչված երկրի նախագահի խորհրդական Շամբան:

Մոսկվան Սուխումիի հետ կխոսի՞, թե՞ «կկրակի»: