16/02/2026

Ալիևը՝ Ռուսաստանին ռազմական պատասխան հարված հասցնելու մասին

Aliyev tsik

Մյունխենի անվտանգության խորհրդաժողովի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրապարակային երեք հանդիպում է ունեցել՝ Սլովակիայի փոխվարչապետ-պաշտպանության նախարար Կալինյակի, Իրաքյան Քրդստանի ինքնավարության ղեկավար Բարզանիի և Ուկրաինայի նախագահ Զելենսկու հետ:

Սլովակիան և Ադրբեջանը վերջերս ինքնագնաց ականանետերի առքուվաճառքի խոշոր գործարք են կնքել: Զելենսկու հետ Ալիևի հանդիպումն, անկասկած, Մոսկվայի հանդեպ դեմարշ էր:

Ինչ վերաբերում է Բարզանիին, ապա վերջինս, հավանական է, Ալիևի հետ քննարկել է Իրաքի տարածքի ճամբարներում պահվող հազարավոր ադրբեջանցիների հայրենադարձության խնդիրը: Մյունխենում Ալիևը մասնակցել է նաև Կասպյան տարածաշրջանում հաղորդուղիների թեմայով պանելային քննարկման և թույլ տվել մի շարք, մեղմ ասած, տարակուսանք հարուցող դիտարկումներ:

Դրանք, ամենայն հավանականությամբ, կարժանան Հայաստանի քաղաքական ղեկավարության, բայց ավելի շատ՝ պրոֆիլային գերատեսչությունների մանրազնին վերլուծությանը: Առկա իրավիճակում Ալիևի «այլասացությունների» հրապարակային քննարկումը, երևի, նպատակահարմար չէ:

Փետրվարի 15-ին Ալիևը Մյունխենից մեկնել է Բելգրադ: Ինչպես հաղորդում է նրա պաշտոնական կայքը, այցը պաշտոնական է: Օդանավակայանում Ալիևին և տիկնոջը անձամբ դիմավորել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը: Վուչիչ-Ալիևի բանակցությունների օրակարգի մասին առայժմ տեղեկություն չկա:

Մյունխենում Ալիևին ուղեկցել են արտգործնախարար Բայրամովը և արտաքին քաղաքական հարցերով օգնական Հաջիևը: Բելգրադ ուղևորվելուց առաջ նա պատվիրակության կազման ընդլայնե՞լ է, թե՞ ոչ, այս պահին նույնպես պարզ չէ:

Հատկանշական է, որ Բելգրադում Ալիևին ընդունելուց երեք օր առաջ Սերբիայի նախագահ Վուչիչը այցելել է Անկարա: Էրդողանի հետ նրա բանակցությունների ավարտին Թուրքիայի նախագահն ասել է, որ մայիսին կամ հունիսին ինքը «մեծ պատվիրակությամբ կայցելի Բելգրադ և Նովի-պազար»:

Ալիևի Բելգրադ ուղևորությունն, այսպիսով, նախորդում է Էրդողանի Սերբիա այցին: Խիստ ուշագրավ է, որ Էրդողանը Նովի-պազար այցի անոնս է հնչեցրել, իսկ այդ քաղաքը քառասունչորսօրյա պատերազմից հետո «եղբայրացել» է օկուպացված Շուշիի հետ:

Նովի-պազարը Սերբիայի հարավային քաղաք է, գտնվում է Կոսովոյի հետ սահմանին: Օսմանյան տիրապետության ժամանակաշրջանում Սերբիայի այդ տեղաշրջանը հոգևոր ուծացման է ենթարկվել: Պաշտոնական տեղեկություններով, այնտեղ իսլամադավան սերբերը կազմում են բնակչության ավելի քան 45 տոկոսը:

Վուչիչի հետ բանակցություններից հետո Էրդողանը հավաստիացրել է, որ Թուրքիան «երբեք չի մոռանում Բալկանները և մտածում է, թե տնտեսական ամրության համար ինչ կարելի է անել»:

Բալկանյան երկրների հետ բավական սերտ համագործակցություն ունի նաև Ադրբեջանը: Ալիևը, սակայն, բնական գազից և որոշ նավթամթերքներից զատ բալկանյան երկրներին առաջարկելու ոչինչ չունի: Վերջին տարիներին Սերբիան Ադրբեջանի սպառազինությունների մատակարարներից մեկն է եղել և, ամենայն հավանականությամբ, շարունակում է մնալ:

Բացառված չէ, որ Ալիևը կարող է դառնալ ինչպես Սլովակիայից, այնպես էլ Սերբիայից սպառազինությունների Ուկրաինա մատակարարման միջնորդ: Նախանցյալ տարի նման տեղեկություն միջազգային մամուլում շրջանառվել է:

Բելգրադ մեկնելու նախօրեին նա Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի տարածքում Ադրբեջանի էներգետիկ ենթակառուցվածքները և դիվանագիտական ներկայացուցչությունները «նպատակաուղղված» հրթիռակոծելու մեջ: Դա կարելի է ընկալել որպես «ռազմական պատասխան հարվածի իրավունքի» հրապարակայնացում: