Մյունխենում Իլհամ Ալիևին հետևող ադրբեջանական վտարանդիության տեղեկատվական աղբյուրները նրան ուղեկցող անձանց շարքում նկատել են Բեյլար Էյուբովին: Վերջինս ավելի քան քառորդ դար զբաղեցրել է Ադրբեջանի նախագահի անձնական անվտանգության ծառայության պետի պաշտոնը:
Անցյալ տարի նա Իլհամ Ալիևի հրամանագրով ազատվել է այդ պաշտոնից և զինվորական ծառայությունից և նշանակվել նախագահի աշխատակազմի քարտուղարության պետ:
Մյունխենում Էյուբովի ներկայությունը լրագրողական հետաքրքրության տեղիք է տվել այն առումով, որ տարեսկզբին Ադրբեջանի դատախազությունը բացահայտել է ծխախոտի մաքսանենգության մի քանի դեպք:
Անցկացված հետաքննությամբ պարզվել է, որ գործում ներգրավված են ինչպես մաքսային մարմինների բարձրաստիճան պաշտոնյաներ, այնպես էլ Բաքվի առեւտրային նավահանգստի համապատասխան ծառայությունների աշխատակիցներ:
Բաքվում «ռումբի պայթյունի էֆեկտ» է ունեցել իրավապահների տարածած տեղեկությունը, որ մաքսանենգության գործի շրջանակներում կալանավորվել է նաև Բաքվի առևտրային նավահանգստի սեփականատեր Ռուսլան Էյուբովը:
Վերջինս Բեյլար Էյուբովի հարազատ եղբոր որդին է և «բիզնես կայսրության տեր դառնալու համար ամբողջովին պարտական է հորեղբորը»: Ադրբեջանի ընդդիմադիր շրջամակները գտնում են, որ Բեյլար Էյուբովը «չէր կարող զարմիկին դարձնել Բաքվի առևտրային նավանահանգստի սեփականատեր, եթե չունենար Իլհամ Ալիևի համաձայնությունը»:
Այս բավական հիմնավոր կանխադրույթը վկայակոչելով՝ վտարանդի լրագրող Աֆղան Մուխթարլին յութուբյան իր ալիքում կարծիք է հայտնել, որ Իլհամ Ալիևը «Բեյլար Էյուբովին պատանդ է պահում, հետը քարշ է տվել Մյունխեն, քանի որ զգուշանում է, որ իր բացակայությամբ Էյուբովները կարող են պետական հեղաշրջում իրականացնել»:
Այլ աղբյուրներ հայտնել են, որ «մոտ ապագայում պաշտոնին հրաժեշտ կտա պաշտպանության նախարար Հասանովը, քանի որ Իլհամ Ալիևի մոտ վստահությունը կորցրել» է: Ըստ տեղեկությունների, նրան «ամենայն հավանականությամբ կփոխարինի սահմանապահ ծառայության տնօրեն գեներալ-գնդապետ Էլչին Գուլիևը»:
Եվրոպայում ադրբեջանական վտարանդիության աղբյուրները նաև հայտնել են, որ «Ալիևի հարաբերությունները սրված են Պետական անվտանգության ծառայության տնօրեն Նաղիևի հետ»: Վերջին երկու շաբաթներին համացանցում հայտնվել են Ալիևի հարսի՝ Ալյոնա Գոնչար-Ալիևային «վարկաբեկող տեսանյութեր»: Ենթադրվում է, որ դրանք Եվրոպայում գործող տեղեկատվական ռեսուրսներին «փոխանցել են Ադրբեջանի հատուկ ծառայությունները»:

Բաց մի թողեք
Ռուսաստանի «մեկուսացվածության» ցայտուն վկայություններն ավելանում են
Ալիևը՝ Ռուսաստանին ռազմական պատասխան հարված հասցնելու մասին
Աբխազիան Պուտինին երախտապարտ է լինում թիկունքից հարվածելով․ Սուխումիի հետ կխոսի՞, թե՞ «կկրակի»