ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Խաղաղության խորհրդի անդրանիկ նիստի գումարման օրը Ռուսաստանի դեմ պատժամիջոցները մեկ տարով երկարաձգելու մասին հրամանագիր է ստորագրել:
Դիտարժան է, որ նա այդ որոշումը կայացրել է Ժնևում ռուս-ամերիկա –ուկրաինական բանակցությունների երրորդ փուլից գրեթե անմիջապես հետո, ինչը կարելի է համարել քննարկումների արդյունքից Սպիտակ տան դժգոհության ակնհայտ դրսեւորում:
Թրամփի հրամանագիրը սահմանում է, որ ուժի մեջ են մնում ԱՄՆ նախագահ Օբամայի, իր և Բայդենի ընդունած հրամանագրերը, քանի որ Ռուսաստանի այն գործողությունները, որոնց համար նա ենթարկվել է պատժամիջոցների, շարունակում են Միացյալ Նահանգների անվտանգության և արտաքին քաղաքականության համար «սպառնալիք ներկայացնել»:
Հարկ է ուշադրություն դարձնել իրողությանը, որ ԱՄՆ նախագահ Օբամայի կողմից Ռուսաստանի նկատմամբ պատժամիջողներ կիրառվել են Ղրիմի և Սևաստոպոլի օկուպացիայից հետո:
Պատժամիջոցների երկրորդ փաթեթը սահմանվել են Թրամփի նախագահության առաջին շրջանում՝ 2018, երրորդը՝ Բայդենի կողմիզ՝ 2022 և վերջինը՝ կրկին Թրամփի հրամանագրով՝ 2025 թվականին: Թրամփի նոր հրամանագիրն իրավական առումով վերահաստատում է բոլոր պատժամիջոցների ուժի մեջ լինելը:
Դա նշանակում է, որ Սպիտակ տունը չի ճանաչում Ղրիմի, Սևաստոպոլի, Դոնբասի մեծ մասի, Խերոսնի և Զապորոժիեի մարզերի որոշ տարածքների ռուսաստանյան օկուպացիան:
Ամենակարևորը՝ իրավական այդ ակտով ԱՄՆ-ը Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը ճանաչում է սպառնալիք իր ազգային անվտանգությանը և արտաքին քաղաքականությանը:Խաղաղության խորհրդաժողովի անդրանիկ նիստի ելույթում Դոնալդ Թրամփը Գազայի վերկանգմանը Չինաստանի մասնակցությունը «ցանկալի» է անվանել, իսկ Ռուսաստանի մասին ասել է, թե հույս ունի, որ կմասնակցի:
Դա ավելի շատ նման է խիստ դժգոհության: Ինչպես հայտնի է, Ռուսաստանն առաջարկել է, որ Արևմուտքում սառեցված իր հաշիվներից մեկ միլիարդ դոլար հատկացվի Գազայի վերականգնմանը: Երևում է, դա Վաշինգտոնին չի ոգևորել:
Վաշինգտոնում Խաղաղության խորհրդի անդրանիկ նիստին զուգահեռ հայտնի է դարձել, որ կայացել է ՌԴ և Բելառուսի նախագահների հեռախոսազրույցը: Մինչ այդ Պուտինը և Լուկաշենկոն նույն ձևաչափի շփում ունեցել են մոտ տասը օր առաջ և քննարկել Միութենական պետության բարձրագույն խորհրդի անցկացման ժամկետի և օրակարգի հետ կապված հարցեր:
Ինչպես հայտնել է ՌԻԱ-Նովոստին, փետրվարի 19-ին կողմերը համաձայնել են, որ Ռուսաստան-Բելառուս Բարձրագույն խորհրդի նիստը եկող շաբաթ կգումարվի Մոսկվայում:
Ռուսաստանի դեմ պատժամիջոցները մեկ տարով երկարաձգելու մասին Թրամփի հրամանագրից հետևում է, որ ուկրաինական կարգավորման հեռանկարը, մեղմ ասած, մնում է մշուշոտ: Ըստ երևույթին, դրա հետ է կապված նաև Միութենական պետության բարձրագույն խորհրդի շուտափույթ նիստ գումարելու Պուտինի որոշումը:
Արևմտյան փորձագետների գնահատմամբ՝ ռազմաճակատում «արմատական և վճռորոշ բեկում մտցնելու համար Ռուսաստանը պետք է առնվազն կես միլիոն մարդ զորակոչի»: Ըստ տեղեկությունների, Բելառուսի տարածքում Ռուսաստանն ունի մոտ հիսուն հազարանոց զորախումբ: Լուկաշենկոն կհամաձայնի՞ Ուկրաինայի դեմ երկրորդ ճակատ բացելու տարբերակին:

Բաց մի թողեք
Ռուսաստանն անոնսավորում է երկարատև պատերազմ
Թեհրանում ներքաղաքական ճգնաժամ կհասունանա՞, Խամենեին արժանապատվությունը բարձր կգնահատի՞
Հաջիևը բացահայտել է, որ «դատավճիռները» փետրվարին են կայացել