21/02/2026

EU – Armenia

EU – Armenia

Մարմինները դառնում են տեքստ, շարժումը՝ ենթագիտակցություն ․․․ Նոր ներկայացում Ստանիսլավսկու անվան թատրոնում․ Լուսանկարներ

«Անհեթեթ մարդու երազը» – Сон смешного человека։ Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի նոր ներկայացումը, որի պրեմիերան կայացավ երեկ՝ փետրվարի 20-ին։ Տեղի ունեցավ մի հանդիպում, որ ավելի շատ հիշեցնում էր ներքին խոստովանություն, քան պարզապես պրեմիերա։ Ահա և Դոստոևսկու այն գործերից մեկը, որտեղ նա դանակի պես ճեղքում է մարդու հոգեբանական հյուսվածքը՝ առանց անզգայացման։

Այն, ըստ էության, հիմնված է նրա հայտնի փիլիսոփայական նույնանուն պատմվածքի՝ վրա, բայց բեմում այն վերածվում է ոչ թե պարզապես մենախոսության, այլ ներքին դատավարության։

Բեմը կարծես դատարկ էր, բայց այդ դատարկության մեջ կուտակված էր մի ամբողջ տիեզերք։ Լույսը՝ խուլ ու սառն, հետո հանկարծ՝ գրեթե աստվածային պայծառությամբ ողողող։ Հենց սկզբից, ինչպես ֆանտաստիկ պատմվածքում, հերոսի մենախոսությունը վերածվում էր ներսից պայթող ճիչի, հետո՝ շշուկի, հետո՝ աղոթքի։ Ներկայացումը պահեց պատմվածքի գլխավոր ողնաշարը՝ հուսահատությունից դեպի հայտնություն ճանապարհը, բայց այն ներկայացրեց մեր ժամանակի շնչով․ ցավը ավելի ճանաչելի էր, կասկածը՝ ավելի կտրուկ, իսկ հույսը՝ ավելի փխրուն։ Ներկայացումը ոչ թե պատմեց մի «անհեթեթ մարդու» պատմություն, այլ բացեց նրա հոգու մութ ու լուսավոր ծալքերը՝ մեր աչքի առաջ։

Իսկ ահա պլաստիկ դրամայի ձևաչափը այստեղ պատահական ընտրություն չէ. մարմինները դառնում են տեքստ, շարժումը՝ ենթագիտակցություն, լռությունը՝ աղաղակ։

Ի՞նչ է կատարվում․ Մի մարդ, ով իրեն համարում է «անհեթեթ», որոշում է, որ կյանքը իմաստ չունի։ Նա հասնում է ինքնասպանության եզրին։ Եվ հենց այդ սահմանագծին՝ երազ է տեսնում։

Երազում հայտնվում է կատարյալ աշխարհ. անմեղություն, ներդաշնակություն, աստվածային պարզություն։ Մարդիկ ապրում են առանց կեղծիքի, առանց ագրեսիայի, առանց սեփական «ես»-ի ախտաբանական գերարժևորումի։

Բայց ահա դոստոևսկիական դաժան շրջադարձը. այդ աշխարհը փչացնում է հենց ինքը՝ մարդը։ Մեղքը սկսվում է գաղափարից, գաղափարը՝ ընտրությունից․ «Կյանքից բարձր է երջանկության օրենքների իմացությունը…»։

Այս միտքը Դոստոևսկու բարոյափիլիսոփայական մանիֆեստն է։ Նա չի խոսում էմոցիոնալ երջանկության մասին։ Նա խոսում է օրենքի մասին։ Մարդու պատասխանատվության մասին։ Ազատության բեռի մասին։ Դոստոևսկու համար ազատությունը սենտիմենտալ նվեր չէ։ Դա փորձություն է։ Եվ մարդը մշտապես ընտրում է՝ լույս թե խավար։ Ոչ թե հասարակությունը, ոչ թե համակարգը։ Անձամբ դու։

Ամենաուժեղ պահը, թերևս, երազի տեսարանն էր․ մի աշխարհ, որտեղ մարդը չի ստում, չի բաժանվում, չի վիրավորում։ Այդ իդեալական աշխարհի փլուզումը բեմում հնչեց գրեթե ֆիզիկական ցավով։ Եվ երբ հերոսը վերադառնում է իրականություն՝ արդեն փոխված, արդեն լուսավորված, հանդիսատեսն էլ է վերադառնում իր տեղը՝ մի փոքր այլ սրտով։

Պլաստիկ դրամայի լեզուն․ Ներկայացումը բեմադրել է Իննա Հախնազարյանը, ում շնորհիվ շարժումը դառնում է բարոյական ճգնաժամի գրաֆիկա։ Իմ տպավորությամբ ու ոգևորությամբ՝ նման ախրամխանական ոճին, ուր մարմինը կարող է փլվել, ձգվել, ճաքել՝ ինչպես հոգին։ Պլաստիկան այստեղ ավելի անկեղծ է, քան բառը. մարմինը չի ստում։

Ինչո՞ւ է մարդը ծիծաղում … դա մշտական հարցերից է. ծիծաղում է, որովհետեւ աշխարհը է՛լ ավելի անտրամաբանական ու հեգնանքով լեցուն է, քան կարելի է պատկերացնել: Ծիծաղը՝ հառաչանք է, ճիչ է, փրկության աղաղակ … Մթությանը պատուհասած մտքերը ենթադրելի հույս էին փնտրում։ Մտածում էին՝ ինչո՞վ է տարբերվում մեկ մարդը մյուսներից, եթե անգամ մի ծաղկած ծիլ՝ աստվածաբանորեն թանկ, չի կարող զարթնել գեղեցկության և բարության անխախտ օրենքից դուրս։ Այս ներկայացումը հիշեցրեց, որ «անհեթեթ» համարվող մարդը գուցե միակն է, ով համարձակվում է հավատալ սիրո համընդհանուր հնարավորությանը։ Իսկ թատրոնը երեկ դարձավ ոչ թե դիտման վայր, այլ խոստովանության տարածք՝ մեզնից յուրաքանչյուրի համար։

Այստեղ «մեկ մարդու լույսն ու խավարը» բառացիորեն խաղարկվում է տարածքում։ Մենակություն։ Աստծուց հեռացում։ Եվ հետո՝ վերադարձի հնարավորությունը։

Գլխավոր առանցքը․ Հավատ կատարյալ հասարակության հնարավորության հանդեպ։ Մարդու մեղքի գիտակցում։ Վերամիավորում Աստծո հետ։ Ընտրության ճակատագրական նշանակություն, ուր Դոստոևսկին չի ասում՝ «աշխարհը փչացած է»։ Նա ասում է՝ «մարդը պատասխանատու է»։

Եվ վերջում նրա հերոսը վերադառնում է կյանք։ Ոչ թե որովհետև աշխարհը փոխվեց, այլ որովհետև ինքը փոխվեց, հիշեց՝ այն փոքրիկ աղջկան ․․․ Նա ընտրեց հավատալ, նույնիսկ եթե նրան ծաղրեն։

Ներկայացումը 16+ չէ տարիքային սահմանի պատճառով, այն թերևս 16+ է հոգեբանական խտության պատճառով, քանզի Դոստոևսկին միշտ գրում է մի բանի մասին՝ մարդը կարող է կործանել դրախտը։ Բայց կարող է նաև վերստեղծել այն։

Հարցը պարզ է, ինչպես մուրճի հարված. դու ո՞րն ես ընտրում։

Սիմոն Սարգսյան

Տեսանյութն՝ այստեղ

Հ․Գ․ Անհեթեթ մարդու երազը!! Հեղինակ՝ Ֆ.Մ. Դոստոևսկի Ժանր՝ Պլաստիկ դրամա, 16+ Ռեժիսոր՝ Իննա Հախնազարյան։ Զգեստների նկարիչ՝ Քնքուշ Մալխասյան: Լուսային նկարիչ՝ Հայկ Աղաբեկյան։ Բեմանկարիչ՝ Տիգրան Հարությունյան։

«Կյանքից բարձր է, երջանկության օրենքների իմացությունը՝ երջանկությունից բարձր»՝ ահա թե ինչի համար պետք է պայքարենք։ Եվ ես կպայքարեմ։ Եթե միայն բոլորը ցանկանան, ապա ամեն ինչ կստացվի․ Դոստոևսկի․ Մեկ մարդու լույսն ու խավարը։ Խորը անձնական փորձառություն, որը փոխակերպում է մարդու կյանքը։ Հավատ երկրի վրա կատարյալ հասարակության նկատմամբ։ Մարդու վերամիավորումը Աստծո հետ։ Ամեն ինչ որոշվում է ձեր կատարած ընտրությամբ։