Երեկ՝ փետրվարի 21-ին լարված իրավիճակ էր ստեղծվել Երևանում։ Բաբաջանյան փողոցի 98/2, 98/4, 98/5, 98/6, 98/7 և 98/8 շենքերի հարյուրավոր բնակիչներ հավաքվել էին՝ բարձրաձայնելու իրենց դժգոհությունը հարևանությամբ կառուցվող «Նոր Երևան» թաղամասի ճանապարհային լուծումների վերաբերյալ։
Ըստ հավաքված քաղաքացիների՝ իրենց շենքերին հարող նեղ բակային ճանապարհը նախատեսվում է միացնել նորակառույց թաղամասի ընդհանուր ճանապարհային համակարգին, ինչի արդյունքում այն կծառայի հազարավոր բնակիչների տեղաշարժին։
Վրդովված բնակիչները նշել են. «Դիմում ենք մեր իրավունքների խախտման և մեզ համար էական նշանակություն ունեցող խնդրի վերաբերյալ։ Մեր շենքերի դիմաց արդեն շուրջ չորս տարի իրականացվում է «Նոր Երևան» թաղամասի շինարարությունը։ Այդ ամբողջ ժամանակահատվածում մեր շենքերի բնակիչներին որևէ կերպ պաշտոնապես կամ ոչ պաշտոնապես չի տեղեկացվել, որ մեր բակային, նեղ և բացառապես մեր շենքերի համար նախատեսված ճանապարհը կարող է միացվել կամ օգտագործվել նոր թաղամասի ճանապարհային համակարգում։
Միայն այժմ՝ շինարարության մեկնարկից շուրջ 4 տարի անց, 2026 թվականի փետրվարի 6-ին, մեզ բանավոր տեղեկացվել է, թե ինչպես և ինչ նպատակով է նախատեսվում օգտագործել այդ ճանապարհը։ Սա առաջացրել է մեր խորին դժգոհությունն ու լուրջ անհանգստությունը։ Ուշ տեղեկացումը մեզ զրկել է ժամանակին առարկելու, քննարկումներին մասնակցելու և մեր դիրքորոշումը ներկայացնելու հնարավորությունից»։
Բնակիչների խոսքով՝ տվյալ ճանապարհը բակային նշանակության է և նախատեսված է բացառապես իրենց շենքերի 197 բնակարանների համար։ Այն նեղ է, տեխնիկապես պիտանի չէ մեծ երթևեկության համար և միաժամանակ ծառայում է որպես ավտոմեքենաների կայանման տարածք։ Նրանց համոզմամբ՝ այն չի կարող ապահովել նաև նոր կառուցվող թաղամասի շուրջ 4500 բնակարանների սպասարկումը՝ առանց խախտելու առկա բնակիչների անվտանգությունն ու հանգիստը։
Բնակիչները պահանջում են, որպեսզի համապատասխան կառույցները վերանայեն նախագիծը, կազմակերպեն բաց և թափանցիկ քննարկումներ, ինչպես նաև հաշվի առնեն տեղացիների կարծիքն ու օրինական շահերը՝ նախքան վերջնական որոշումների կայացումը։
Լարված իրավիճակը շարունակվում էր նաև հավաքի ընթացքում․ քաղաքացիները նշում էին, որ պատրաստ են հետևողական պայքարի՝ իրենց բնակավայրի անվտանգությունն ու կենսամիջավայրը պաշտպանելու համար։

Բաց մի թողեք
Ռուսաստանում նախատեսում են նոր հարկեր սահմանել միգրանտների համար
Հաղթանակ կամրջի տակ՝ Հրազդան գետում, հայտնաբերվել է նախկին դատախազ Տիգրան Սուքիասյանի մարմինը
«Մերիդիան» էքսպո կենտրոնում դժբախտ պատահար է տեղի ունեցել